ՀՅԴ 135-ամեակի տօնակատարութիւնների շրջանակում Կանադայում գտնուող ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը հարցազրոյց է տուել Horizon-Media հեռուստաընկերութեանը: Նա խօսել է Հայաստանում արձանագրուած վերջին զարգացումների, ՀՀ իշխանութիւնների որդեգրած ապազգային ուղեգծի, առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնների, Սփիւռքի դերակատարութեան, ինչպէս նաեւ այս հարցերում ՀՅԴ մօտեցումների եւ դիրքորոշումների մասին:
Անդրադառնալով առաջիկայ ընտրութիւնների կարեւորութեանը՝ Արմէն Ռուստամեանը մասնաւորապէս նշել է. «Մենք հիմա գտնւում ենք մի բախտորոշ շրջափուլի մէջ, երբ առաջիկայ ընտրութիւններով որոշուելու է, թէ մեր երկիրը ո՞ր ուղեգծով պէտք է առաջ ընթանայ: Այն ուղեգիծը, որ իրականացնում է այսօրուայ վարչախումբը, մէզ հեռացնում է մեր ազգային, պետական նպատակներից եւ աւելի շուտ սպասարկում թուրք-ադրբեջանական օտար շահեր: Սա նկատւում է բոլոր ուղղութիւններով, եւ իրենք էլ դա չէն թաքցնում: Ուղղակի չէն իրականացնում կառավարութեան այն ծրագիրը, որ հաստատուել է Ազգային ժողովի կողմից. մասնաւորապէս Արցախին, Հաեօց ցեղասպանութեան ճանաչմանը եւ մինչ այս գոյութիւն ունեցած մեր անվտանգային համակարգին վերաբերող հարցերում: Այս հարցերը նրանք հիմա ճիշտ հակառակ ուղղութեամբ են տանում լուծման: Ստանձնելով պաշտպանել Արցախի ինքնորոշման իրաւունքը, տէր կանգնել եւ երաշխաւորել արցախահայերի անվտանգութիւնը, նրանք դարձան այն վարչախումբը, որ փաստաթուղթ ստորագրեց Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին՝ արագացնելով մեր կորուստների յետագայ ընթացքը: Արցախը յանձնեցին, յայտարարելով, որ դա, իբր, անհրաժեշտ էր որպէսզի ամրապնդէնք մեր անկախութիւնը, բայց տեղի ունեցաւ հակառակը՝ բոլոր վտանգները տեղափոխուեցին Հայաստան: Արցախը հիմա չկայ, ադրբեջանցիները գտնւում են մեր տարածքում, խախտուած է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը, վտանգուած է ինքնիշխանութիւնը: Այսպէս կոչուած իրական Հայաստանի գաղափարի վրայ հիմնուած այս ուղեգիծը մէզ ամէն օր հեռացնում է մեր ազգային նպատակներից»:
Խոսելով այս իրավիճակում Դաշնակցութեան անելիքների մասին՝ նա ընդգծել է. «Մեր խնդիրը նախեվառաջ այս ուղեգիծը փոխելն է: Մենք պէտք է վերահաստատենք մեր ազգային-պետական ուղեգիծը: Հակառակ պարագայում մենք կարձանագրենք մեր ինքնութեան կորուստը, Հայաստանի, որպէս տարածաշրջանային գործոնի, կորուստը կարձանագրենք եւ կը դառնանք թուրք-ադրբեջանական տանդէմի կցորդ մի պետութիւն: Այս հեռանկարը պէտք է կանխել: Այս իմաստով Դաշնակցութեան անելիքը շատ աւելի առարկայական եւ պատմական է դառնում, եւ պատահական չէ, որ այս իշխանութիւնների հիմնական թիրախը Հայաստանում գաղափարական եւ քաղաքական առումով հէնց Դաշնակցութիւնն է»:
