Ադրբեջանը Հայաստանին եւ Բաքուի զինուորական դատարանի առջեւ կանգնած 15 հայերին մեղադրում է Արցախի կամ ինչպէս մեղադրող դատախազն է որակել, «յանցաւոր կազմակերպութեան» ստեղծման համար, որը գործել է 1988-ից մինչեւ 2023 -ի սեպտեմբերի 20-ը:
Ապացուցուած համարելով տարբեր ժամանակահատուածներում Ադրբեջանի դէմ կատարուած յանցագործութիւններում 15 հայերի անուղղակի մասնակցութիւնը, նախօրեին իր մեղադրական ճառում դատախազը մանրամասն անդրադարձել է Արցախեան շարժմանը՝ յանցաւոր որակելով նաեւ 1988 -ին Ղարաբաղում ստեղծուած «Միացում» կազմակերպութիւնը, որը եւ համակարգում էր Արցախեան շարժումը. «Նրանք միաւորուեցին Ադրբեջանի ժողովրդի դէմ՝ ազգային ատելութեան ու թշնամանքի գաղափարի շուրջ՝ յանցաւոր կազմաւորման շրջանակներում, որն անուանեցին «Միացում»:
Մեղադրող դատախազը պնդել է, թէ յանցաւոր կազմաւորման ղեկավարների նպատակը ամէն գնով Ղարաբաղն Ադրբեջանից բաժանելն ու Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացիան էր:
Խոսելով Արցախեան շարժման գաղափարախօսութեան մասին՝ ադրբեջանական կողմը մեղադրական ճառում նաեւ քաղաքական ու հասարակական գործիչների մի ցանկ է հրապարակել, մեղադրելով նրանց «յանցաւոր գաղափարների» տարածման համար: Յիշատակւում են Զորի Բալայանի, Սիլուայ Կապուտիկեանի, Իգոր Մուրադեանի, Վազգէն Մանուկեանի, Ռոբերտ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի, Ժիրայր Սեֆիլեանի անունները:
Արցախեան շարժման մասին խօսելիս, սակայն, Ադրբեջանի գլխաւոր դատախազի օգնականը Ղարաբաղ կոմիտէն ղեկավարած, 1991-ից 98 թուականները նախագահի պաշտօնը զբաղեցրած Լեւոն Տեր-Պետրոսեանի անունը որեւէ տեղ չի յիշատակել:
«Շարժման ամբողջ գաղափարախօսութիւնը դա է եղել. սահմանադրական ճանապարհով, յենուելով ազգերի ինքնորոշման սկզբունքի վրայ, վերադարձնել Արցախը Հայաստան», — Ղարաբաղ կոմիտէի համահիմնադիր եւ ղեկավար-անդամ Վազգէն Մանուկեանը:
Ղարաբաղ կոմիտէի համահիմնադիր եւ ղեկավար-անդամ Մանուկեանը, ով նոյնպէս յայտնուել է Ղարաբաղեան շարժման Բաքուի «քարոզիչների ցուցակում», յիշեցնում է՝ շարժման ամբողջ իմաստը Ղարաբաղի ժողովրդի ցանկութեան իրականացումն ու Արցախի միաւորումն էր Հայաստանին:
«Ճնշումը կատարւում էր ոչ թէ Ադրբեջանի իշխանութիւնների կամ ժողովրդի դէմ, այլ Խորհրդային միութեան ղեկավարութեան նկատմամբ, որպէսզի նրանք ընդունեն արդարացի լուծում: Ուրիշ բան, որ Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթով», — նշեց Մանուկեանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական այն մեղադրանքներին, թէ Հայաստանն է կազմակերպել եւ իրականացրել պատերազմ Ադրբեջանի դէմ, ապա 1992 — ից 93 թուականներին՝ արցախեան պատերազմի թէժ օրերին Հայաստան պաշտպանութեան նախարարի պաշտօնը զբաղեցրած Վազգէն Մանուկեանը հակադարձում է. «Պատէրազմը հրահրողն ու կազմակերպողն Ադրբեջանն էր, հայ ժողովուրդը զբաղուած էր ինքնապաշտպանութեամբ»:
Վազգէն Մանուկեանի խօսքով՝ 15 հայերի կեղծ դատաւարութեան ու Հայաստանին ներկայացուող անհիմն մեղադրանքների օգնութեամբ Ադրբեջանն ընդամէնը փորձում է արդարացնել այն յանցագործութիւնները, որոնք իրականացրեց Ղարաբաղում՝ ի վերջոյ էթնիկ զտման ենթարկելով արցախահայերին:
«Իրենք քշեցին մի բնակչութիւն իրենց տեղից, դա ցեղասպանութեան պէս մի բան է: Հիմա էդ բանն արդարացնելու համար իրենք ինչ ուզես կարող են հնարել», — ընդգծեց նա:
15 հայերի մեղադրական ճառում առանձին անդրադարձ է կատարուել 1992 -ին Շուշիի ազատագրմանը, դատախազը նշել է, որ Շուշիի վրայ 4 ուղղութիւններով իրականացուած յարձակման յանձնարարութիւնն ու ցուցումները տրուել էին Հայաստանի կողմից եւ իրականացուել՝ Կոմանոդոսի՝ Արկադի Տեր -Թադեւոսեանի ղեկավարութեամբ:
Առանձին անդրադարձ կայ՝ «Նախիջեւանի կազմում գտնուող «Քեարքի գիւղի օկուպացիային»: Յիշատակւում է նաեւ Բաղանիս- Այրում, Աշաղի Ասկիպարայի, Յուխարի Ասկիպարայի, Խեյրիմիլիի, Բարխուդարլու եւ Սոֆլուի օկուպացիայի մասին: Այս գիւղերի մի մասն, ի դէպ, անցած գարնանը Տաւուշում սահմանազատման շրջանակներում Հայաստանը փոխանցեց Ադրբեջանին:
Ծանր յանցագործութիւնների մէջ անուղղակի մեղադրելով Արցախի նախկին ղեկավարներին, մեղադրող դատախազն առայժմ չի հրապարակել, թէ քանի տարուայ պատժաչափ է պահանջում դատարանից:
Ընդդիմադիր գործիչ Վազգէն Մանուկեանը կարծում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին Բաքուն հէնց այնպէս ազատ չի արձակի. «Իրենց ձեռքը պատանդ են, ու այդ պատանդի համար իրենք գին են ուզելու, էդ գինը քաղաքական է, տնտեսական է, ինչ է, ես չգիտեմ»:
«Ազատութեան» հարցին՝ իսկ Հայաստանի քայլերը բաւարա՞ր եք համարում, Մանուկեանը պատասխանեց. «Բացարձակ անբաւարար են, ոչ մի բան էլ չէն արել: Նոյնիսկ իմ մօտ մէկ-մէկ տպաւորութիւն է ստեղծւում, որ ոնց որ թէ իրենց իշխանութեան ընկալումն այն էր, որ ուժեղ մարդկանցից իրենք ազատուեցին, որովհետեւ քաղաքական, կուսակցական պայքարների մէջ այդ մարդիկ դեր կարող է ունենային: Ռուբէն Վարդանեանի մասին է նաեւ, որը Ղարաբաղեան շարժման հետ ընդհանրապէս կապ չուներ, իրեն ինչի են դատում, ես մինչեւ հիմա չեմ կարում հասկանամ»:
Ի դէպ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանի ղեկավարած ՀԱԿ-ն, այսօր արձագանքելով Արցախեան շարժմանն ու Հայաստանին ուղղուած Բաքուի մեղադրանքներին, յայտարարել է, թէ վերահաստատում են աւելի վաղ յայտնած իրենց դիրքորոշումը՝ Բաքւում ընթացող դատավարութիւնը կեղծ է եւ ծաղր արդարադատութեան նկատմամբ:
azatutyun.am
