Արտակ Բեգլարեանն ու Արցախ Միութիւնը դատապարտում են Արցախի ժողովրդի վերադարձի վերաբերեալ ՀՀ վարչապետի յայտարարութիւնները

Արտակ Բեգլարեանն ու Արցախ Միութիւնը դատապարտում են Արցախի ժողովրդի վերադարձի վերաբերեալ ՀՀ վարչապետի յայտարարութիւնները

Արզախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարեանե կատարել է հետևեալ գրառումը՝

Եթէ Փաշինեանին իրօք թւում է, թէ՝

  1. Արցախի ժողովրդի վերադարձը Արցախ եւ ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում համադրելի են՝ կարգավիճակի, պատճառների, իրաւական հիմքերի եւ այլ էական չափանիշներով,
  2. Ինքը կարող է զիջել կամ վաճառել Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը,
  3. Արցախի ժողովրդի վերադարձի անսակարկելի իրաւունքի հետ ադրբեջանական անհիմն պահանջների յանցաւոր հաւասարեցումը նուազեցնում է վերջինիս նշանակութիւնը եւ վախեցնում է Ալիեւին,
  4. Ցեղասպանութեան լեգիտիմացման այդ հերթական քայլը նուազեցնում է ադրբեջանական նոր ագրեսիայի ու պահանջների հաւանականութիւնը,
    Ապա Փաշինեանը հերթական անգամ չարաչար սխալւում է:

Նա նաև տեղադրել է Արցախ Միութեան մանրամասն հիմնաւորումը, թէ ինչու այդ երկու երևոյթներն ընդհանրապէս համադրելի չեն:


Արցախ Միութիւնը խորը մտահոգութեամբ ու խստիւ կերպով դատապարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւնները Արցախից բռնի տեղահանուած ժողովրդի վերադարձի օրակարգի վերաբերեալ։ Վարչապետի այն տեսակէտը, թէ այս քննարկումը «ոչինչ չի տա հէնց փախստականներին» եւ միայն լարուածութիւն կստեղծի, խիստ անընդունելի ու անարդար է Արցախի ժողովրդի եւ, ընդհանրապէս, հայ ազգի նկատմամբ։

Նիկոլ Փաշինեանի նշեալ յայտարարութիւնների վերաբերեալ ընդգծում ենք հետեւեալ կէտէրը՝

  1. Ադրբեջանական ցեղասպանական քաղաքականութեան հետեւանքով ամբողջական հայրենազրկման ենթարկուած Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքն անառարկելի ու անսակարկելի է: Այն մարդու եւ ժողովրդի բնական ու հիմնական իրաւունք է, որը բխում է միջազգային իրաւունքի հիմնարար նորմերից: Ուստի, խիստ տարակուսելի է ժողովրդավարական երկրի՝ ժողովրդաւար ներկայացող ղեկավարի կողմից՝ բռնի տեղահանուած անձանց հիմնարար իրաւունքի ու կամքի ոտնահարումը:
  2. Անընդունելի ու դատապարտելի է Արցախի ժողովրդի իրաւունքների այդ ոտնահարումն արդարացնել «իրատեսականութեան» առերեւոյթ ու կարճաժամկէտ պատրանքով: Իրատեսականութեան խնդիրը ծագում է յատկապէս ՀՀ իշխանութիւնների մերժողական քաղաքականութեան պատճառով, քանի որ հակամարտութիւնների կարգաւորման ջանքերում միջազգային հանրութեան դիրքորոշումների ու գործողութիւնների համար ուղենիշային են լինում կողմերի դիրքորոշումները: Հետեւաբար, միջազգային հանրութեան ոչ մի ներկայացուցիչ աւելին չի անելու Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնման ու պաշտպանութեան համար, քան Հայաստանն է անում: Իսկ Հայաստանի պատշաճ դիրքորոշման ու դիւանագիտութեան միջոցով, վստահ ենք, հնարաւոր կը լինի գեներացնել միջազգային բաւարար աջակցութիւն ու ճնշում՝ դարձնելով Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնումն ու պաշտպանութիւնը (այդ թւում՝ վերադարձը) իրատեսական ու իրագործուած նպատակ, ինչպէս մի շարք այլ հակամարտութիւններում է տեղի ունեցել:

Ընդ որում՝ նոյնիսկ ՀՀ իշխանութիւնների նման բացասական դիրքորոշման առկայութեան պայմաններում արդէն գոյութիւն ունեն միջազգային աջակցութեան յստակ օրինակներ, ինչպիսիք են՝ Եւրոպական խորհրդարանի բանաձեւը, Շուեյցարիայի օրէնսդիր մարմնի ընդունած բանաձեւը, Բելգիայի խորհրդարանի բանաձեւը, ԱՄՆ 87 կոնգրէսականների նամակ-յայտարարութիւնը: Անշուշտ, Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքն ամրագրող շատ աւելի ազդեցիկ ու հիմնարար միջազգային փաստաթղթեր են ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանը, որն ընդունուել է ՀՀ հայցի հիման վրայ, եւ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի անդամ 40 երկրի 2023թ. հոկտեմբերի 11-ի համատեղ յայտարարութիւնը, որը ստորագրել են նաեւ Հայաստանը, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ այլ ազդեցիկ երկրներ:

  1. Ինչ վերաբերում է Փաշինեանի նկատի ունեցած լարուածութեան պատճառներին, ապա իրական պատճառը ոչ թէ Արցախի ժողովրդի բնական իրաւունքն ու կամքն է վերադառնալու հայրենիք, այլ՝ ալիեւեան ռեժիմի ցեղասպանական քաղաքականութիւնն ու ապօրինի պահանջները Հայաստանի ու հայ ժողովրդի դէմ: Այդ առումով, Արցախի ժողովրդի եւ նախկին հայաստանաբնակ ադրբեջանցիների վերադարձերն ընդհանրապէս համադրելի չէն՝ անկախ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանութիւնների անհիմն քարոզչութիւնից: Փոխարէնը, որոշակիօրէն համադրելի են ադրբեջանաբնակ հայերի եւ հայաստանաբնակ ադրբեջանցիների վերադարձերը: Այդ նպատակով պէտք է կիրառել միջազգայնօրէն ընկալելի յատկապէս հետեւեալ փաստարկները՝ ցոյց տալու համար Արցախի ժողովրդի եւ հայաստանաբնակ ադրբեջանցիների էական տարբերութիւնները եւ զսպելու ադրբեջանական անհիմն պահանջները՝

Ա) Կարգավիճակ. Արցախի ժողովուրդը ունեցել է եւ ունի միջազգային իրաւունքով եւ պրակտիկայով ճանաչուած ժողովրդի կարգավիճակ, այդ թւում՝ ինքնավարութիւն թէ՛ ԽՍՀՄ տարիներին, թէ՛ անկախութեան տարիներին, կոմպակտ բնակութիւն, արդիւնաւետ կերպով իրացուած ինքնորոշման իրաւունք եւ ժողովրդի մնացած բոլոր յատկանիշները: Փոխարէնը, ադրբեջանցիները Հայաստանում եղել են որպէս էթնիկ փոքրամասնութիւն՝ առանց որեւէ ինքնաւարութեան եւ կոմպակտ բնակութեան:

Բ) Տները լքելու պատճառներ ու ձեւ. Եթէ ադրբեջանցիները լքել են Հայաստանում գտնուող իրենց տները կամաւոր ու խաղաղ կերպով եւ նոյնիսկ հնարաւորութիւն ունենալով վաճառել իրենց տները կամ փոխանակել Ադրբեջանից բռնագաղթած հայերի հետ, ապա հայերը Ադրբեջանի իրենց տները լքել են բռնի կերպով՝ պարբերական ջարդերի ու հալածանքների պայմաններում՝ հիմնականում նոյնիսկ չկարողանալով վերցնել իրենց շարժական գոյքը: Իսկ ահա Արցախի ժողովուրդը բռնի տեղահանուել է միջազգային դաժանագոյն երկու յանցագործութիւնների՝ ցեղասպանութեան ու մարդկութեան դէմ յանցագործութիւնների կատարման հետեւանքով: Յիշեցնենք, որ Ցեղասպանագէտների միջազգային ասոցիացիան, Միջազգային քրէական դատարանի առաջին գլխաւոր դատախազ Լուիս Մորենոյ Օկամպոն, Ցեղասպանութեան կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին յատուկ խորհրդական Խուան Մենդէզը եւ մի խումբ այլ ինստիտուտներ ու փորձագէտներ այն գնահատել են որպէս ցեղասպանութիւն, իսկ Freedom House-ը, Եւրոպական խորհրդարանը եւ այլ ինստիտուտներ՝ էթնիկ զտում, որն իրաւական առումով կարող է լինել կայ՛մ ցեղասպանութիւն, կայ՛մ մարդկութեան դէմ յանցագործութիւն:

Գ) Իրաւական հիմքեր. Եթէ 1980-90-ականներին Հայաստանից տեղափոխուած ադրբեջանցիների վերաբերեալ միջազգային դատական ակտէր ընդհանրապէս չէն ընդունուել, ապա Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքն ամրագրել է ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը (2023թ. նոյեմբերի 17-ին)՝ ընդգծելով դրա անվտանգ, անխոչընդոտ ու արագ լինելու անհրաժեշտութիւնը: Իսկ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի անդամ 40 երկրներ, այդ թւում՝ Հայաստանը, ԱՄՆ-ն եւ Արեւմտեան բազմաթիւ երկրներ, 2023թ. հոկտեմբերի 11-ին ընդունած համատեղ յայտարարութեամբ շեշտադրել են Արցախի ժողովրդի արագ, կամաւոր, անվտանգ, արժանապատիւ ու կայուն վերադարձի անհրաժեշտութիւնը: Աւելին, հայ-ադրբեջանական հակամարտութեան պատճառով բռնի տեղահանուած հայերի վերադարձի իրաւունքի վերաբերեալ արժէքաւոր ու նախադէպային դատական ակտ է նաեւ ՄԻԵԴ վճիռը Սարգսեանն ընդդէմ Ադրբեջանի գործով՝ ընդունուած 2015թ. յունիսի 16-ին՝ Շահումեանի շրջանից տեղահանուած ընտանիքի վերաբերեալ:

Դ) Ժամկէտ. Որքան էլ վերադարձի իրաւունքը անժամկէտ է միջազգային իրաւունքում, սակայն գործնական ու քաղաքական առումներով թարմ տեղահանման հրատապութիւնը եւ վերադարձի հնարաւորութիւնները շատ աւելի մեծ են՝ հաշուի առնելով զրկանքների թարմութիւնը, իրենց հայրենի բնակավայրերի կանգուն լինելը, մարդկանց կամքը եւ այլն:

Ե) Քանակ. Նշանակալի է ադրբեջանաբնակ հայերի եւ հայաստանաբնակ ադրբեջանցիների քանակների տարբերութիւնը՝ հիմք ընդունելով ԽՍՀՄ մարդահամարների տուեալները եւ փորձագիտական վերլուծութիւնները: Մասնաւորապէս, եթէ 1988թ. դրութեամբ ադրբեջանաբնակ հայերի (բացառութեամբ ԼՂԻՄ բնակչութիւնը) քանակը, ըստ ոչ վստահելի Ադրբեջանի պաշտօնական աղբիւրների, մօտ 360,000 էր (ըստ փորձագիտական հաշուարկների՝ աւելի քան 500,000 ), ապա Հայաստանում ադրբեջանցիների քանակը եղել է շուրջ 160,000 (թուերը մօտաւոր են ներկայացուած): Ինչպէս նշեցինք, ԼՂԻՄ հայերի քանակը վերոնշեալ թուերում ներառուած չէ, որը եղել է շուրջ 130,000: Ուստի, քանակական առումով նոյնպէս տարբերութիւնները շատ մեծ են՝ ի վնաս ադրբեջանական կողմի:

Զ) Վերադառնալու որոշման եղանակ. Վերադառնալու հնարաւոր որոշումը, ըստ միջազգային իրաւունքի, պէտք է կամաւոր կայացուի, սակայն Ադրբեջանն այնպիսի բռնապետական ու աւտօրիտար պետութիւն է եւ փախստականների մի մասին այնպիսի կախեալ վիճակում է պահել առ այսօր, որ իշխանութիւններն ի վիճակի են նրանց հարկադրել վերադառնալու Հայաստան: Այնինչ Հայաստանը ո՛չ ցանկութիւն, ո՛չ էլ կարողութիւն ունի որեւէ որոշում պարտադրելու փախստականներին, քանի որ ժողովրդավարական երկիր է եւ Հայաստանում մնացած փախստականներին ինտեգրել է իր հասարակութեան մէջ:

  1. Հայաստանի Հանրապետութիւնը ստանձնել է եւ դեռեւս շարունակում է կրել պատասխանատուութիւն ու պարտաւորութիւններ Արցախի ժողովրդի իրաւունքների (այդ թւում՝ վերադարձի իրաւունքի) պաշտպանութեան ու անվտանգութեան երաշխաւորման, ինչպէս նաեւ Ղարաբաղեան հիմնահարցի համապարփակ ու արդարացի կարգաւորման համար: Այդ պարտաւորութիւնները բխում են բազմամակարդակ աղբիւրներից, եթէ նոյնիսկ չքննարկէնք ազգային ու բարոյական դիտանկիւնները, մասնաւորապէս՝

Ա) Ներպետական ակտէր. ՀՀ Անկախութեան հռչակագիրը, որի դէմ այդքան կատաղի պայքարում է ալիեւեան ռեժիմը, Արցախի ժողովրդի հանդէպ ՀՀ պատասխանատուութեան գլխաւոր ներպետական աղբիւրն է: Բացի դրանից, առկայ են բազմաթիւ այլ իրաւական ակտէր, որոնք ամրագրում են այս կամ այն պարտաւորութիւնը, իսկ դրանցից ամենաթարմն ու ամենարդիականը ՀՀ գործող կառավարութեան 2021-2026թթ. ծրագիրն է, որում գործող իշխանութիւնները լրջագոյն խոստումներ ու պարտաւորութիւններ են ներառել:

Բ) Միջազգային դատական ակտէր. Արցախի ժողովրդի իրաւունքների (յատկապէս՝ վերադարձի իրաւունքի) վերաբերեալ ամենաբարձր ու ամենահամապարփակ դատական ակտը ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանն է: Այն ամրագրում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած անձանց անվտանգ, անխոչընդոտ ու արագ վերադարձի իրաւունքը՝ ի թիւս այլ իրաւունքների: Անշուշտ, կարեւոր են նաեւ նոյն դատարանի նախորդ հրամաններն՝ ընդունուած 2021թ. դեկտեմբերի 7-ին (հայատեացութեան կանխման, գերիների եւ մշակութային ժառանգութեան պաշտպանութեան վերաբերեալ) եւ 2023թ. փետրուարի 22-ին (Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու վերաբերեալ): Թեեւ այս հրամաններն ուղղուած են եղել Ադրբեջանին, սակայն Հայաստանը, որպէս հայցուոր կողմ, յստակ պատասխանատուութիւն է ստանձնել այդ հրամանների կատարմանը հետամուտ լինելու առումով:

Գ) Փախստականների իրաւունքների վերաբերեալ միջազգային փաստաթղթեր. ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր յանձնակատարի գրասենեակի կանոնադրութիւնը (1950թ.), Փախստականների կարգավիճակի վերաբերեալ ՄԱԿ-ի կոնուենցիան (1951թ.) եւ դրա արձանագրութիւնը (1967թ.) յստակօրէն ամրագրում են փախստականների վերադարձի (հայրենադարձութեան) իրաւունքը եւ Բարձր յանձնակատարի ու պետութիւնների պարտաւորութիւնը ապահովելու նրանց կամաւոր ու անվտանգ վերադարձը: Ընդ որում՝ հիւրընկալ երկրները առանձնայատուկ պարտաւորութիւն ունեն, փախստականների կամքի ու անհրաժեշտ պայմանների առկայութեան դէպքում, նպաստելու հայրենի երկիր նրանց վերադարձին:

Դ) 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութիւն. Որքան էլ 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութիւնը փաստացի չի գործում՝ Արցախի լրիւ բռնազաւթմամբ ու ՌԴ խաղաղապահ զօրակազմի դուրս բերմամբ պայմանաւորուած, միեւնոյն է՝ այն դեռեւս ուժի մէջ է: Որպէս այդ փաստաթղթի կողմ՝ Հայաստանը պարտաւորութիւն ունի բարձրացնելու դրա դրոյթների, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի տարածք փախստականների վերադարձի վերաբերեալ 7-րդ կէտի կատարման հարցը:

  1. Հաշուի առնելով Արցախի ժողովրդի վերոնշեալ իրաւունքները եւ միջազգային հանրութեան ու Հայաստանի կոնկրէտ պարտաւորութիւնները՝ ՀՀ վարչապետի նշուած յայտարարութիւնը հնչում է որպէս բազմաղբիւր պատասխանատուութիւնից հրաժարուելու, Արցախի ժողովրդին կրկնակի «զոհաբերելու» եւ ադրբեջանական յանցագործութիւնները լեգիտիմացնելու հերթական ակտ:
  2. Կայուն խաղաղութիւնը հնարաւոր չէ առանց հակամարտութեան հիմնական խնդիրների արդար ու արդիւնաւետ հասցէագրման: Իսկ Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնումն ու պաշտպանութիւնը հակամարտութեան գլխաւոր հիմնահարցն է: Ուստի, Արցախի ժողովրդի վերադարձը պէտք է դառնայ ցանկացած բանակցային գործընթացի առանցքային կէտ։ Առանց դրա՝ որեւէ «խաղաղութիւն» կարող է լինել միայն խաբկանք եւ ինքնին լարուածութեան շարունակական աղբիւր։
  3. Իսկ ահա նախքան վերադարձը՝ Արցախի ժողովուրդը պէտք է Մայր Հայաստանում ունենայ կեանքի արժանապատիւ ու կայուն պայմաններ, որպէսզի հնարաւոր լինի ոչ միայն լուծել մարդասիրական բնոյթի խնդիրները, այլեւ՝ պատշաճ ու արդիւնաւետ կերպով իրացնել ու զարգացնել արցախահայութեան ներուժը հանուն բոլորիս հայրենիքի ու պետութեան բարգաւաճման ու զօրացման:
Share