Հայաստանի զրոյական կէտը. յիշողութեան զոհաբերումը խաղաղութեան պատրանքի համար

Հայաստանի զրոյական կէտը. յիշողութեան զոհաբերումը խաղաղութեան պատրանքի համար

Արա Այւազեան,
ՀՀ նախկին արտգործնախարար,
Դիւանագէտների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

Սրընթաց թափ հաւաքող վերջին գործընթացները, ըստ էութեան, հանդիսանում են միջազգային օրակարգում մեր գոյութեան, ինքնութեան և արդարութեան պահանջատիրութեան վերաբերեալ Հայկական Հարցի վճռական փուլի սկիզբը։ Այս վերջին հանգրուանը վտանգաւոր ճամփորդութիւն է ազգային յիշողութեան, ինքնութեան և հոգևոր արժանապատւութեան կորստի ճանապարհով։

Հայ ժողովուրդը յայտնուել է պատմական ու ճակատագրական մի խաչմերուկում, երբ մոռացութիւնը ներկայացուում է որպէս ճանապարհ դէպի ապագայ, իսկ ինքնութիւնից հրաժարումը և պատմութեան ուրացումը՝ որպէս խաղաղութեան կեղծ պատրանք։ «Պրագմատիզմ» կամ «իրատեսութիւն» անուան տակ այսօր մեզ փորձում են պարտադրել ազգային յիշողութեան, ինքնութեան ու դիմադրութեան համակարգուած քանդումը։ Այս գործընթացների հետևում թաքնուած է վտանգաւոր խաղադրոյք հայրենիքի դէմ, որը սպառնում է մեր գոյութեանը և հաւաքական հոգևոր ինքնութեանը։

Այն ամէնը, ինչը կատարուել է և շարունակում է տեղի ունենալ, իրականում «զրոյացման» համապարփակ գործընթաց է: Այսպէս, Լեռնային Ղարաբաղի բանակցութիւնները «զրոյական կէտից» սկսելու որոշումը դիւանագիտական քայլ չէր։ Դա հրաժարում էր ազատագարական պայքարից: Մերժելով տասնամեակների բանակցային ժառանգութիւնն ու զոհողութիւնները՝ ժողովրդին յայտարարուեց, որ Արցախեան պայքարը սխալ էր կամ առասպել։

Նոյն կերպ այսօր «զրոյական կէտից» է նախանշուում քաղաքականութիւնը Թուրքիայի հանդէպ, ձգտելով կարգաւորել յարաբերութիւնները մի պետութեան հետ, որը ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանութիւնը, այլև հրապարակաւ մասնակցել է Արցախի հայաթափմանը և ողջունել հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը։ Խօսուում է բաց սահմանների մասին, մինչդեռ փակուում են արդարութեան դռները։ Խօսուում է «կառուցողական» երկխօսութեան մասին՝ լռեցնելով 1915-ի յիշողութիւնը։

Սա հաշտեցում չէ։ Սա կապիտուլյացիա է, որը ներկայացուում է «բարդ ու հնարամիտ» դիւանագիտութեան անուան տակ։

Եւ մինչ արտաքին ճակատում «սրբագրուում է» պատմութիւնը, ներսում լռեցուում է ընդդիմախօսութիւնը։ «Պետական յեղաշրջման նախապատրաստման» մեղադրանքով արդարացուում են ձերբակալութիւնները, գրաքննութիւնը, ահաբեկումն ու հետապնդումները։ Բայց ակնյայտ է. իրական վտանգը, որից վախենում են օրուայ իշխանութիւնները, բռնութիւնը չէ, այլ՝ այլակարծութիւնը։ Ոչ թէ «յեղաշրջում» է կանխուում, այլ վերացուում են քաղաքական բազմակարծութեան վերջին մնացորդները մի երկրում, որը գնալով ստիպուած է խօսել միայն իշխանութիւնների կողմից պարտադրուած պաշտօնական լեզուով։

Նոյն քաղաքականութեան մի մասն է դարձել Հայ Առաքելական Եկեղեցու դէմ արշաւը։ Այսպէս կոչուած բարեփոխման անուանման տակ և «զրոյական կէտի» տրամաբանութեամբ մեր ժողովրդի հոգևոր սիրտը՝ Սուրբ Էջմիածինը, այսօր ենթարկուում է համակարգուած վարկաբեկման։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընտրուել է թիրախ՝ այն ուժերի կողմից, որոնք չեն հանդուրժում Եկեղեցու անկախ ձայնը։ Սա պատահական չէ, այլ՝ «իրական Հայաստանի» գաղափարին հակադրուող վերջին հաստատութիւնը խարխլելու փորձ: Բայց այն Հայաստանը, որը կտրուում է իր Եկեղեցուց, իրական Հայաստանը չէ։ Դա արմատներից կտրուած, մարող, հոգեզրկուած կերպարանք է։

Այո՛, աշխարհաքաղաքական իրադրութիւնը բարդ է։ Հայաստանը նորից յայտնուել է կայսրութիւնների բախման կիզակէտում և տարբեր շահերի ճնշումների դիմաց։ Բայց բարդութիւնը արդարացում չէ մոռացման և ուրացման համար։ Գոյատևել չի նշանակում հրաժարուել ճշմարտութիւնից։ Իրական քաղաքականութիւնը չի պահանջում ինքնութեան լուծարում։ Բարդագոյն այդ ճանապարհով չորս հազարամեակ գոյատևած ազգերը՝ այդ թուում Հայաստանը, անցել են ոչ թէ մոռանալով, այլ յիշելով ու դիմադրելով։ Անհերքելի է՝ Հայաստանն իսկապէս ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ յարաբերութիւնների անկեղծ և արդար կարգաւորման կարիք, բայց ոչ արժանապատւութեան, յիշողութեան ու ազգային ինքնութեան հաշուին։

Տեղի ուենցողը Հայաստանի ոչ բարեփոխում է, որ էլ այժմեականացում։ Մեր ներսում կատարուողը Հայաստանի կերպարի ու էութեան աղաւաղում է՝ մերկացնելով նրա հոգևորութիւնը, պատմութիւնը, ինքնատիպութիւնն ու ազգային յիշողութիւնը:

Այս վտանգաւոր խաղերը՝ այսպէս կոչուած «զրոյական կէտերը», վերածուում են մէկ ընդհանուր ռազմավարութեան: Հիմա, թուում է, ոչ միայն Արցախը, այլ ամբողջ հայ ազգը՝ իր պատմութեամբ, յիշողութեամբ ու արժանապատւութեամբ, զոհաբերուում է այդ զրոյական կէտին։

Զրոյական կէտերը տարբեր խորհուրդներ են ունեցել մի շարք ազգերի համար: Եթէ Նիւ Եորքի Զրոյական կէտը դարձաւ հաւաքական յիշողութեան և դիմադրութեան խորհրդանիշ, ապա ներկայիս Հայաստանում զրոյական կէտը կառուցուում է որպէս պատմական ուրացման, ազգային պառակտման և հոգևոր պարտութեան յուշակոթող։

Եթէ շարունակենք այս ուղով, ապա Հայաստանը կդառնայ այն, ինչ նոյնիսկ ամենադաժան նուաճողը չկարողացաւ պարտադրել. մի ազգ, որը կամաւոր կերպով մոռանում է ինքն իրեն։ Ժողովուրդ, որը ոչ թէ նուաճման, այլ ներքին հրաժարման հետևանքով է զրկուում իր ինքնութիւնից։ Երկիր, որտեղ յիշողութիւնը դառնում է խանգարիչ, հաւատը՝ հնացած, իսկ ճշմարտութիւնը՝ սակարկելի և փոխանակելի։

Այս ճանապարհի շարունակութեան դէպքում հայերս այլևս չենք լինի ազգ՝ միաւորուած հաւատքով, ժառանգութեամբ ու պայքարով։ Հայերս կդառնանք համայնք՝ միաւորուած մոռացութեամբ։

Եւ դա կլինի վերջնական յաղթանակը՝ ոչ թէ խաղաղութեան, այլ նրանց, ովքեր միշտ ցանկացել են Հայաստան՝ միայն անուան պահպանման պայմանով։

Փակուղուց դուրս գալու ուղին սկսուում է անցեալի վերյիշումից։ Հասարակութիւնը պէտք է կրկին վստահի իր պատմութեանը՝ ոչ որպէս անցեալի վիշտ, այլ որպէս ներկայ մարտահրաւէրներին դիմակայելու կամքի և ուժի յուսալի աղբիւր։ Հայաստանը պէտք է ուժեղանայ իր բազմակարծութեամբ, ոչ թէ մէկ ձայնով։ Եկեղեցին, մշակոյթը, պատմական գիտակցութիւնն ու ազգային արժանապատւութիւնը պէտք է նորից դառնան պետութեան հիմքը, այլ ոչ թէ դրա մնացորդները։

Խաղաղութիւնը հնարաւոր է միայն այն ժամանակ, երբ կառուցուում է արժանապատւութեան հիմքով։ Իսկ արժանապատւութիւնն անհնար է առանց յիշողութեան։ Սա է այն միակ ճանապարհը, որը կերաշխաւորի ունենալ այն Հայաստանը, որն իրօք իրական է։

Share