Իրանում բախումների ժամանակ հայ երիտասարդ է սպանուել

Իրանում բախումների ժամանակ հայ երիտասարդ է սպանուել

Իրանում գիշերը տեղի ունեցած բախումների ժամանակ հայ երիտասարդ է սպանուել
Իրանում գիշերը տեղի ունեցած բախումների ժամանակ հայ երիտասարդ է սպանուել․ հաղորդում են ABC Media-ի աղբիւրներն Իրանից։ Ինտերնետային կապի կասեցման հետևանքով անհասանելի է Թեհրանի «Ալիք» օրաթերթի հետ կապը և նշեալ լուրը ստուգուած չէ:

Աւելի վաղ հաղորդուել էր, որ Իրանում գիշերը թէժ է եղել։ Զանգուածային անհնազանդութեան ակցիաների ժամանակ ոստիկանական բաժանմունքների վրայ յարձակումներ են եղել, Թեհրանում կրակոցներ են հնչել, գրանցուել են զոհեր։

Թեհրանի դատախազը յայտարարել է, որ հանրային ​​սեփականութիւնը վնասող եւ Իրանի իրաւապահ մարմինների հետ առճակատման մէջ մտնող ցուցարարները կարող են մահապատժի ենթարկուել։ «Դատական ​​համակարգի կարմիր գիծը երկրի քաղաքացիների անվտանգութիւնն է․ ահաբեկիչների նկատմամբ մեր մօտեցումը կը լինի զսպող, եւ նրանց պատիժը կը լինի պետութեան դէմ պատերազմ սկսելու մեղադրանքով (իրանական օրէնսդրութեան համաձայն՝ դա պատժւում է մահապատժով)» – նրա խօսքերն է մէջբերել Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին յայտարարել է, որ Իրանում տեղի ունեցող բողոքի ցոյցերի հետեւում կանգնած են Իսրայելն ու Միացեալ Նահանգները։ Թասնիմ լրատուական գործակալութեան փոխանցմամբ՝ նա նշել է, որ Միացեալ Նահանգները եւ Իսրայելը պաշտօնապէս յայտարարել են իրենց մասնակցութեան մասին այս անկարգութիւններին։

«Նրանք փորձում են խաղաղ բողոքի ցոյցերը վերածել անկարգութիւնների։ Սա հաստատւում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի բարձրաստիճան պաշտօնեաների բազմաթիւ յայտարարութիւններով»,- ասել է նա։ Նրա խօսքով՝ «յունիսին Իրանի վրայ ԱՄՆ-ի եւ Իսրայելի յարձակումները ձախողուել են»։

Արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանի վրայ ԱՄՆ-ի կամ Իսրայելի յարձակման հաւանականութիւն չկայ։ Նա նաեւ զգուշացրել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին. «Եթէ նրանք կրկին նման յարձակում իրականացնեն, կրկին կպարտուէն»։

Share