Երբ Փաշինեանի իշխանութիւնն աւարտուի, հետփաշինեանական Հայաստանի համար պատրաստ կը լինի իրաւական, քաղաքական եւ ինստիտուցիոնալ բոլոր հիմքերը՝ ԼՂ ժողովրդի վերադարձի հարցը բանակցային օրակարգ բերելու համար
Հասկանալի է, որ հասարակական ուշադրութիւնը ներկայումս կենտրոնացած է Հայաստանում տեղի ունեցող զանգուածային կալանքների վրայ։ Այնուամենանիւ, ես չեմ շեղուելու իմ օրակարգից եւ շարունակելու եմ բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ նրա ժողովրդի՝ իրենց տներ վերադառնալու իրաւունքի մասին, յատկապէս նկատի ունենալով, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնները ուղղակիօրէն առնչւում են Լեռնային Ղարաբաղին եւ տարածաշրջանային միւս զարգացումներին։ Այդուհանդերձ, այս կալանքները ապօրինի են եւ քաղաքական հետապնդումներ են։ Ներկայումս կալանաւորուած ընդդիմադիր իւրաքանչիւր անձ, ներառեալ տնային կալանքի մէջ գտնուողները, քաղաքական բանտարկեալներ են։ Այս ամէնը յստակ հաստատում է, որ Հայաստանը միանշանակ մտել է աւտօրիտար կառավարման փուլ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը:
«Եւ հիմա՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին։
Նիկոլ Փաշինեանը ցանկանում է, որ աշխարհը հաւատայ, թէ Լեռնային Ղարաբաղի հարցը փակուած է։ Նա յայտարարել է, թէ Հայաստանն այլեւս ոչինչ չունի ասելու կամ անելու այդ կապակցութեամբ, իբր այդ էջը փակուած է։ Նրա դրդապատճառները դժուար չէ հասկանալ՝ հաճոյեանալ Ադրբեջանին, խուսափել դիւանագիտական շարունակական ճնշումներից եւ, ամէնից առաջ, ջնջել այն խարանը, որ իր իշխանութեան օրօք եւ իր պատճառաւ կորսուեց հայկական պատմական հողը։ Առաւել զաւեշտալի էր նրա յայտարարութիւնը, թէ Լեռնային Ղարաբաղը երբեք հայկական չի եղել։
Այս մօտեցումները, որքան էլ յարմար լինէն նրանց, ովքեր ուզում են փակել այդ էջը, որեւէ աղերս չունեն իրականութեան կամ հայ ժողովրդի հետ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակուած չէ եւ չի կարող համարուել այդպիսին։ Այն մնում է չլուծուած այնքան ժամանակ, քանի դեռ նրա 150,000 բնիկ հայերը չէն կարող վերադառնալ իրենց պապենական հողեր։
Ո՛չ Երեւանի, ո՛չ էլ Բաքուի որեւէ յայտարարութիւն կամ պայմանագիր ի զօրու չէ վերացնել պատմական ճշմարտութիւնը կամ իրաւական փաստը. Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է հայկական։ Այն երբեք՝ պատմութեան որեւէ փուլում, չի կազմել անկախ ադրբեջանական պետութեան մաս։ Կարծել, թէ հնարաւոր է այն օտարել հայկական ազգային ինքնութիւնից, ապարդիւն է եւ ցինիկ։
Հակառակը՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հարցն ունի նոր ընկալում եւ աջակցութիւն՝ հիմնուած երեք ամուր սիւների վրայ՝ միջազգային իրաւունք, քաղաքական հաստատումներ եւ ինստիտուցիոնալ գործընթաց։
Առաջին՝ միջազգային իրաւունքը միանշանակ է։ Հարկադիր տեղահանուածների՝ իրենց տները վերադարձի իրաւունքը միջազգային իրաւունքի հիմնարար նորմ է։ Այն ամրագրուած է սովորութային միջազգային իրաւունքում, մարդու իրաւունքների եւ մարդասիրական իրաւունքի համակարգերում՝ երաշխաւորուած այնպիսի փաստաթղթերով, ինչպիսիք են Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը եւ Քաղաքացիական ու քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագիրը։ Աւելին՝ 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատութեան միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց երաշխաւորել Լեռնային Ղարաբաղից արտաքսուած հայերի «անվտանգ, անխափան եւ արագ վերադարձը»։ Դատարանը յատուկ ընդգծեց, որ վերադարձողները պէտք է պաշտպանուած լինէն «ուժի կամ ահաբեկման ցանկացած ձեւից, որը կարող է ստիպել նրանց կրկին փախչել»։
Երկրորդ՝ այս իրաւական հիմքը լրացուել է քաղաքական հաստատումներով։ 2024-ի մարտին եւ հոկտեմբերին Եւրոպական խորհրդարանը միաձայն ընդունեց բանաձեւեր, որոնցով Ադրբեջանին կոչ է արւում սկսել երկխօսութիւն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ եւ ապահովել տեղահանուած հայ բնակչութեան անվտանգ եւ արժանապատիւ վերադարձը։ Նման կոչերով հանդէս են եկել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը՝ յստակ արտայայտելով իրենց մտահոգութիւնն Ադրբեջանի գործողութիւնների հումանիտար եւ քաղաքական հետեւանքների վերաբերեալ։ Իսկ որոշ պահերի՝ նոյնիսկ ադրբեջանցի պաշտօնեաներն են հրապարակայնօրէն ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է վերադառնալ իրենց տները։
Երրորդ՝ արդէն սկիզբ է դրուել ինստիտուցիոնալ գործընթացի։ Շուեյցարիայի խորհրդարանը, ընդամէնը վերջերս, Դաշնային խորհրդին յանձնարարեց ստեղծել երկխօսութեան հարթակ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի տեղահանուած հայ բնակչութեան ներկայացուցիչների միջեւ՝ քննարկելու վերջիններիս՝ իրենց տները վերադառնալու խնդիրները։ Սա այլեւս տեսական նախաձեռնութիւն չէ. այժմ գոյութիւն ունի յստակ մանդատ՝ հիմնուած Շուեյցարիայի չէզոքութեան եւ վստահութեան վրայ, որը կարող է մեկնարկել մի գործընթաց, որն ի զօրու է վերականգնել հազարաւոր մարդկանց արժանապատուութիւնը եւ նախապատրաստել վերադարձի ճանապարհը։
Այնուամենանիւ, այսօր այս ամենում ամենամեծ խոչընդոտը ոչ այնքան Ադրբեջանն է, որքան Հայաստանի կառավարութիւնը։ Փաշինեանը փաստացի արգելափակել է Ղարաբաղի հարցն արծարծելու բոլոր փորձերը՝ առաջնորդուելով բացառապէս սեփական իշխանութեան պահպանման նկատառումներով։
Բայց կառավարութիւնները փոխւում են։ Երբ Փաշինեանի իշխանութիւնը աւարտուի, հետփաշինեանական Հայաստանի համար պատրաստ կը լինի իրաւական, քաղաքական եւ ինստիտուցիոնալ բոլոր հիմքերը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցը բանակցային օրակարգ բերելու համար։ Իրաւական գործիքակազմը պատրաստ է, միջազգային աջակցութիւնն աճում է, իսկ մեխանիզմները գործարկուած են։ Պետք է միայն քաղաքական կամք։
Աշխարհը չպէտք է մոլորութեան մատնուի «փակուած էջի» ձեւակերպումներով։ Էթնիկ զտումը փակուղի չէ։ Լռութիւնը արդարութիւն չէ։ Հայ ժողովուրդը եւ բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են մարդու իրաւունքներն ու օրէնքի գերակայութիւնը, պէտք է շարունակէն անզիջում հետապնդել վերադարձի իրաւունքը՝ որպէս անբաժանելի եւ հիմնարար սկզբունք՝ տարածաշրջանում կայուն խաղաղութիւն հաստատելու համար»,- գրել է նա: