Վերջերս կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինեանը անտեսեց Հայաստանի դէմ միջազգային արբիտրաժային հայցերի աճող թուի շուրջ մտահոգութիւնները՝ հեգնանքով պատասխանելով լրագրողի հարցին՝ արդեօք Հայաստանը կկարողանայ դիմանալ ևս մէկ հնարաւոր թանկարժէք դատական գործին՝ այս անգամ էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութիւնից (ՀԷՑ):
«Դուք Հայաստանի Հանրապետութեանը դրել էք մեղադրեալի աթոռին», — ասաց Փաշինեանը։ «Ասում էք՝ Արբիտրաժով փողեր ա, որ տալիս էք, արդէն բաժանում էք»։ Նա մատնանշեց վերջին դատական յաղթանակները և մեղադրեց մեդիային խուճապ տարածելու մէջ։ «Իսկ ո՞վ ա ասել, որ Հայաստանը Արբիտրաժում պարտուելու է։ ՀՀ-ն էս վերջին շրջանում Արբիտրաժում մի քանի գործերով յաղթել ա։ Այսինքն, որ ասում էք՝ «Արբիտրաժ» վե՞րջ: Էլի խուճապը տարածուեց, փախեփախը սկսուեց»։
Հանրային մտահոգութիւնների ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը պաշտօնական հարցում է ուղարկել կառավարութեանը։ Պաշտօնական պատասխանը հաստատել է խնդրի ծաւալը՝ Հայաստանը ներկայումս առերեսուում է շուրջ 1.5 միլիարդ դոլարի ակտիվ արբիտրաժային պահանջների:
Չնայած Փաշինեանի ինքնավստահ հռետորաբանութեանը, Հայաստանը մինչ այժմ շահել է միայն երկու արբիտրաժային գործ.
1. Edmond Khudyan & Arin Capital Investments-ն ընդդէմ Հայաստանի Հանրապետութեան
Հայաստանը յաղթել է։ Պահանջատէրերին պարտադրուել է վճարել 337,466.34 դոլար՝ որպէս ICSID-ի դատավարական ծախսեր, և 400,000 դոլար՝ իրաւաբանական ծախսերի համար։
2. J. Borkovski և Rasia FZE-ն ընդդէմ Հայաստանի Հանրապետութեան
Բոլոր պահանջները մերժուել են։ Հայաստանին յատկացուել է 2,783,250.09 դոլար, որը վճարուել է՝ չեղարկման փորձի ձախողումից յետոյ։
Միևնոյն ժամանակ, մի շարք բարձր ռիսկ ունեցող գործեր դեռ ընթացքի մէջ են՝ ներկայացնելով իրաւական և ֆինանսական լուրջ սպառնալիքներ.
Walnort Finance Limited-ն ընդդէմ Հայաստանի
Ներկայացուած է ICSID-ին 2024 թ․ յունիսին։ Գործը ծագել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետէրերի վէճից։ Կիպրոսում գրանցուած Walnort-ը պնդում է, որ իր իրաւունքները խախտուել են պետութեան մասնակցութեամբ վերակազմաւորման ընթացքում։ Պահանջուող փոխհատուցման չափը գաղտնի է, սակայն հաղորդուում է, որ այն խոշոր է։
Amulsar Investor Ventures LLC-ն ընդդէմ Հայաստանի
Գործը ներկայացուած է ՄԱԿ-ի UNCITRAL կանոններով և վարում է Մշտական արբիտրաժային դատարանը։ Դիմող կողմը՝ Lydian International-ի իրաւայաջորդը, պնդում է, որ Հայաստանը չի ապահովել անխափան մուտք Ամուլսարի ոսկու հանքի տարածք, ինչի արդիւնքում առաջացել են զգալի ֆինանսական կորուստներ։ Իրաւասութեան լսումները տեղի են ունեցել 2025 թ․ յունուարին։
Sanitek S.a.r.l., Սարի Հադադ և Էլիաս Դումետ-ն ընդդէմ Հայաստանի
2021-ից ընթացող ICSID-ի գործ, որը վերաբերում է լիբանանեան արդէն լուծարուած Sanitek ընկերութեանը։ Դիմող կողմը մեղադրում է Հայաստանի կառավարութեանը պայմանագրերի խախտման, քաղաքական միջամտութեան և թշնամական հրապարակային հռետորաբանութեան մէջ, ինչը խոչընդոտել է ընկերութեան գործունէութիւնը Երևանում։ Երկու փուլով լսումներ արդէն անցկացուել են, իսկ վճիռը ակնկալուում է 2025-ի վերջում։
Air Arabia-ն ընդդէմ Հայաստանի(նախնական յայտ)
Թէև գործը դեռևս պաշտօնապէս չի ներկայացուել, Air Arabia-ն յայտարարել է, որ մտադիր է դիմել արբիտրաժ՝ Fly Arna աւիաընկերութեան փլուզումից յետոյ, որը համատեղ նախագիծ էր Հայաստանի Ազգային հետաքրքրութիւնների հիմնադրամի (ANIF) հետ։ Ընկերութիւնը, որն աւարտել է գործունէութիւնը 2024-ին, պնդում է, որ Հայաստանը չի կատարել ֆինանսական և գործառնական պարտաւորութիւնները։ Զեկոյցների համաձայն, ICSID-ին դիմելու նախապատրաստական աշխատանքները ընթացքի մէջ են։
Այս չլուծուած գործերը միասին կազմում են Հայաստանի վրայ աճող արտաքին իրաւական բեռ, ինչը միայն աւելացնում է երկրի պետական պարտքի ծանրութիւնը։ Հնարաւոր փոխհատուցումները, իրաւաբանական ծախսերը և վարկաբեկման ռիսկը լուրջ սպառնալիքներ են արդէն լարուած պետական բիւջէի համար։
Սակայն Փաշինեանի համար այս իրաւական մարտահրաւէրները կարծես երկրորդ պլան են մղուում՝ զիջելով քաղաքական ուղերձներին և ուժի ցուցադրմանը։ Իսկ կառավարութեան մարտական հռետորաբանութեան ետևում՝ իրական բեռը մնում է հայ հարկատուների վրայ՝ լինի դա դատական ծախսերի, փոխհատուցումների, թէ երկարատև ու թանկարժէք դատավարութիւնների տեսքով։
Աղբիւր՝ 301.am