Արշակ Սրբազանը դուրս եկաւ ԱԱԾ մեկուսարանից. Նրան դիմաւորեցին ծափահարութիւններով
Մայր Աթոռի դիւանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը դուրս եկաւ ԱԱԾ մեկուսարանից; Ներկաները նրան դիմաւորեցին ծափահարութիւններով;
Սրբազանն իր բանտից ազատուելը դժուարանում է յաղթանակ համարել։
«Ես զերծ կը մնայի «յաղթանակ, պարտութիւն» եզրոյթների օգտագործումից, բայց այն, ինչ կատարւում է՝ ուղղակի խայտառակութիւն է։ Սա չի հարուածում միայն եկեղեցու հիմքերին, այլեւ պետութեան հիմքերին, ազգի հիմքերին։ Գիտեք, ազգ- պետութիւն հասկացութիւնները որոշակի պարունակութիւն, բովանդակութիւն ունեցող հասկացութիւններ են եւ,եթէ դրանցից դուրս բերէնք կրօնական համոզումը, որոշակի էլեմենտներ, տակը ոչինչ չի մնալու։ Հիմա, եթէ մենք պիտի համարէնք յաղթանակ, որ ժողովրդի կրօնական ամենամեծ ինստիտուտի նկատմամբ ոտնձգութիւն է կատարում, որը որոշակի յաջողութիւն է ունենում,ապա յաղթանակ է։ Կարծում եմ՝ Պիւռոսեան յաղթանակ է,քանի որ ոչ մի յաղթանակ չի կարող այդպէս կերտուել»,- ասաց Սրբազանը։
Արշակ Սրբազանը նաեւ յաւելեց, որ շարունակելու է հաստատակամ մնալ իր համոզմունքներին։
«Այն, ինչին ես համոզուած եմ, հնարաւոր չէ, որ հետքայլ կատարուի եւ նահանջ կատարուի՝ թէ՛ կաթողիկոսի կողմից եւ թէ՛ այն հոգեւոր եղբայրների կողմից, ովքեր իրենց համոզումները հրապարակայնօրէն արտայայտել են»,- լրագրողների հետ զրոյցում նշեց հոգեւորականը։
Հարցին, թէ արդեօ՞ք Արշակ Սրբազանը չունի մտավախութիւն, որ ընտրութիւններից յետոյ կը վերընտրուի իշխող ուժը եւ էլ աւելի հուժկու գործընթացներ կ’իրականացնեն եկեղեցու եւ եկեղեցականների դէմ, Սրբազանն արձագանքեց․
«Ես չեմ ուզում կանխատեսել։ Հիմա գարնանամուտ է չէ, գարնանամուտին ձմեռային ցրտից արթնացած ճանճի շարժումները, որոնք որեւէ տրամաբանութեան մէջ չէն տեղաւորւում, ինձ յիշեցնում է իշխանութիւնների գործելաոճը։ Վարքագիծը որեւէ տրամաբանութեան չի դիմանում։ Համենանդէպս, ես դժուարանում եմ ասել՝ ի՞նչ է արւում, ինչի՞ համար է արւում, ինչի՞ վրայ է վիճակը նետւում, դժուարանում են այսօր»։
