Դաշինք՝ ընդդէմ պետական ու ազգային ինքնաչեղարկման

Դաշինք՝ ընդդէմ պետական ու ազգային ինքնաչեղարկման

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հայաստանում նկատւում են նոր «հանրային դաշինքի» ձեւաւորման միտումները (երեկուանից՝ աւելի ցայտուն կերպով)։ Հանրային դաշինք՝ ոչ թէ ցուցակների, մանդատների, շեֆերի շուրջ, այլ՝ ներքին համոզմունքների ու պատկերացումների։Ու սա է ունակ փոխելու մթնոլորտը եւ բեկանելու տարբեր անառողջ կաբինետներում գրուող սցենարները։

Այս դաշինքը չի պահանջում ո´չ ստորագրութիւն, ո´չ փող, ո´չ դրսի աջակցութիւն, ոչ «լիդերների» համաձայնութիւն։ Սա տասնեակ հազարաւոր մարդկանց համոզմունքների դաշինքն է՝ մարդկանց, որոնք հասկանում են, թէ ինչ է կատարւում։

Մենք, որպէս պետութիւն եւ որպէս ազգ, գնում ենք ԻՆՔՆԱՉԵՂԱՐԿՄԱՆ։
Գիտակից մարդկանց դաշինքի նպատակը սա թոյլ չտալն է։ Չգրուած
կարգախօսն էլ շատ պարզ է. ո՞նց ենք մենք ապրելու, ո՞նց են մեր երեխաները ապրելու այս երկրում։

Իմ խորին համոզմամբ (եւ վստահ եմ՝ շատ շատերի), Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատուածային վերականգնում այլեւս հնարաւոր չէ։ Ճիշտ ճանապարհն այս մասին ազնուօրէն խօսելն է։ Շատ բաներ, եւ առաջին հերթին՝ ներքին արժէքներ եւ համակեցութեան կանոններ, զրոյից պէտք է մշակուեն։

Մարդկային ռեսուրս հաստատ ունենք. տասնեակ հազարաւոր զուսպ, կարգին մարդիկ՝ բոլոր ոլորտների լաւ մասնագէտներ, փայլուն հոգեւորականներ, կարգին բանտարկուածներ։ Ու սա ստեղծում է պայքարի նոր բովանդակութիւն։

Այս անարժանապատուութեան ՁԻԱՎ-ից պէտք է դուրս գալ։ Այս մթնոլորտում հնարաւոր չէ ապրել։ Մեզ արդէն յոգնեցրել են իրենց փողի հինունոր գերիները, մեր հոգիները թալանողները, անհայրենիքները, անարժանապատուութիւնն ու անասնականութիւնը որպէս նորմալ կենսամիջավայր ընդունողները։

Մեզ ուզում են համոզել, որ մենք հէնց սա ենք՝ անունակ որոճողներ։ Բայց իրականութիւնն այլ է։
Ի վերջոյ, կան տասնեակ հազարաւոր ընտանիքներ, որոնք սա չէն հանդուրժում, կան հարիւրաւոր հանրային սկզբունքային գործիչներ, ի վերջոյ՝ կայ Բակոյ Սահակեանի, Արկադի Ղուկասեանի, Դաւիթ Իշխանեանի եւ այլոց օրինակը, ովքեր գիտակցաբար գնացին ինքնազոհողութեան, կայ Ռուբէն Վարդանեանի օրինակը, որը սրանցից բոլորից շատ փող ունէր, բայց ունէր գաղափարներ ու չդարձաւ փողի գերին, կայ փայլուն (հետապնդուող) հոգեւորականութեան օրինակ։

Տասնեակ հազարաւոր ընտանիքների միաւորող լուրջ բաներ կան, անսասան սկզբունքներ, արժէքներ։ Սա է յաջողութեան, վերածննդի պոտենցիալը։ Իսկ կոնֆորմիստների քանակից պէտք չէ վախենալ. նրանք միշտ անմռունչ գնում են ուժի կողմը։ Ուրեմն պէտք է ուժեղանալ։

Share