Բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պէտք է հաշուարկուած քայլերով իրականացնեն ազգային դիմադրութեան կազմակերպման աշխատանքները

Բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պէտք է հաշուարկուած քայլերով իրականացնեն ազգային դիմադրութեան կազմակերպման աշխատանքները

Այլասէրուած տականքների իշխանութեան պայմաններում դժուար է քաղաքական խօսք ասել, բայց, այդուհանդերձ, կայ մի հարցադրում, որին պէտք է պատասխանել։ Ի վերջոյ, ինչո՞ւ են սա անում, ո՞րն է սրա նպատակը։

Հիմնական պատճառները, կարծում եմ, մի քանիսն են
.

ա) առաջիկայ բռնաճնշումների եւ ձերբակալութիւնների համար պարարտ հողի նախապատրաստում։ Սա առաջին անգամը չէ, որ վարչախմբի ղեկավարը փորձում է ներկայանալ հալեածեալի ու զոհի կարգավիճակով։ Նոյնը նա արել է 2020 թ. նոյեմբերին՝ յայտարարելով, թէ, իբր իր նկատմամբ մահափորձ է պատրաստւում։ Նոյն գործելաոճն է եղել Դիմադրութեան շարժման, Սրբազան պայքարի ժամանակ։ Այնպէս որ, սա նորութիւն չէ։ Նպատակը մէկն է՝ պետութեանը եւ ժողովրդին պաշտպանելու քօղի տակ բռնաճնշումների ու ապօրինութիւնների նոր ալիքի նախաձեռնում սեփական իշխանութիւնը պահելու համար,

բ) ոչ պակաս կարեւոր է, սակայն, այս արշաւի ձեւը։ Այլանդակ վարքագծով եւ խօսոյթով հանրութեանը ուղերձ է յղում, որ քաղաքականութիւնն անբարոյականութիւն է։ Քաղաքական խօսոյթն իջեցնելով այս մակարդակի եւ բոլորին այս խօսոյթի մասնակիցը դարձնելով, նրանք ուզում են ասել՝ բոլորը՝ հոգեւորականից մինչեւ գործարար, նոյնն են։ Հանրութեան լայն շերտերին սրանով փորձ է արւում հեռու պահել քաղաքական գործընթացներից՝ մի կողմից վախ ներշնչելով, միւս կողմից անսահման զզուանք առաջացնելով։ Իսկ անտարբերութիւնը պէտք է միայն վարչախմբին,

գ) երկրի ներսում փորձում է ձեւաւորել թշնամական բեւեռ, ատելութեան խօսքով՝ մոբիլիզացնել իր աջակիցներին ու թիմակիցներին։ Միաժամանակ, հարուածելով այն թիրախներին, որոնք խնդրահարոյց են Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, փորձում է ստանալ նաեւ այս ուժերի օգնութիւնը ներսում ազգային դիմադրութիւնը ոչնչացնելու նպատակով։

Այս իրավիճակում դաշտի բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պէտք է հաշուարկուած քայլերով, առանց էմոցիաներին տրուելու իրականացնեն ազգային դիմադրութեան կազմակերպման աշխատանքները՝ տեղի չտալով որեւէ ճնշման։

Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share