Փաշինեանն ԱՄՆ պէտքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հետ հանդիպմանը նշել է, որ վերջին ժամանակահատուածում երկու երկրների միջեւ համագործակցութիւնը բարձրացել է նոր մակարդակի։ Նա բարձր է գնահատել ԱՄՆ–ի եւ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղութեան հաստատման գործում։ Վարչապետը կարեւորել է Վաշինգտօնում օգոստոսի 8–ին տեղի ունեցած Խաղաղութեան գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների եւ դրանց իմպլեմենտացման ուղղութեամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսուած ժամանակացոյցի համապատասխան։
«ԱՄՆ պէտքարտուղարի տեղակալը շնորհակալութիւն է յայտնել հիւրընկալելու համար՝ նշելով, որ Երեւան է այցելել նախագահ Թրամփի եւ Փաշինեանի կողմից օգոստոսեան հանդիպումների ժամանակ սահմանուած տեսլականն առաջ մղելու համար։ Էլիսոն Հուքերը նշել է, որ Երեւան է այցելել քննարկելու առեւտրի, ներդրումների, ենթակառուցուածքների, տարածաշրջանային կապի եւ անվտանգութեան ոլորտներում համագործակցութիւնը խորացնելու հարցերը։ Միաժամանակ, նա ընդգծել է պէտքարտուղարի տեղակալի օգնական Սոնատայ Քալթերի գլխաւորութեամբ երկկողմ աշխատանքային խմբերի գործունէութեան մեկնարկի փաստը, որի նպատակն է՝ պատմական գագաթնաժողովին ընդունած երկկողմ համաձայնագրերը կեանքի կոչելը եւ միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման համար Թրամփի ուղին զարգացնելը։
Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացեալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ շարունակական համագործակցութիւնը, զուգորդուած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լիարժէք խաղաղութեան համաձայնագրի եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարաւային Կովկասը՝ որպէս կենսականօրէն կարեւոր առեւտրային ուղի։ Նրա համոզմամբ՝ սա կստեղծի նշանակալի օգուտներ եւ՛ ամերիկացի, եւ՛ հայ ժողովուրդների համար։
