Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում The Wall Street Journal-ում հրապարակուած հանրապետական սենատոր (Մոնտանա նահանգ) Սթիւ Դեյնսի A Peace Deal for Armenia and Azerbaijan յօդուածի հայերէն թարգմանութիւնը:
Սթիւ Դեյնս
Նախագահ Թրամփը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագիր կնքելու շեմին է: Դա կլինի ակնառու ձեռքբերում ու եւս մէկ քայլ դէպի կայունութիւն եւ տնտեսական օգուտներ:
Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք երբեմն Խորհրդային Միութեան մաս էին կազմում, հակամարտում 1980-ական թուականների վերջից՝ բռնութեան պարբերական բռնկումներով: Խաղաղութեան հասնելու բազմաթիւ փորձերը կարճատես կամ անհեռատես էին: ԱՄՆ նախկին վարչակազմերը չկարողացան առաջնահերթութիւն տալ տարածաշրջանին եւ խաղաղութեան բանակցութիւններին:
Թրամփի վարչակազմն առաջընթաց է գրանցել՝ համատեղելով նախագահի «խաղաղութիւն ուժի միջոցով» մոդելը գործնական, ստեղծագործական դիւանագիտութեան եւ երկու կողմերի համար աւելի լուսաւոր օրերի խոստման հետ:
Այս տարի ես այցելել եմ երկու երկրները պարոն Թրամփի թիմի անդամների հետ: Մենք ուսումնասիրել ենք տարածաշրջանի տնտեսական ներուժը եւ նպաստել ենք խաղաղութեան բանակցութիւնների ամենաբարդ հարցերի քննարկմանը:
Ես հանդիպել եմ ե՛ւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ե՛ւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ, եւ մենք քննարկել ենք գործնական լուծումները: Երկու առաջնորդներն էլ գիտակցում են պահի հրատապութիւնը եւ բացուող լուրջ հնարաւորութիւնները:
Չափազանց երկար ժամանակ Ռուսաստանը հանդիսացել է որպէս տարածաշրջանային միջնորդ՝ օգտագործելով իր դիրքը հակամարտութիւնը յաւէրժացնելու եւ իր հարաւային հարեւաններին թոյլ ու մեկուսացուած վիճակում պահելու համար: Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը թօթափում են ռուսական գերիշխանութեան լուծը եւ շրջուում են դէպի անկախ տեսլական, որը համադրուում է ԱՄՆ-ի առաջնահերթութիւններին:
Տարածաշրջանը կորոշի իր սեփական ապագան՝ հիմնուած ԱՄՆ-ի հետ գործընկերութեան վրայ, որը կարող է բարգաւաճման հիմք դնել ոչ միայն տարածաշրջանում, այլեւ դրանից շատ հեռու:

Միջին միջանցքի աշխարհագրութիւնը այն օժտում է եզակի ռազմավարական եւ տնտեսական կարեւորութեամբ: Գտնուելով ԱՄՆ-ի այնպիսի հակառակորդների միջեւ, ինչպիսիք են Իրանը եւ Ռուսաստանը, դա միակ հողակտորն է, որով Արեւմուտքը կարող է անարգել առեւտուր անել Կենտրոնական Ասիայի հետ: Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը ունեն նաւթի, բնական գազի, ածխի, ուրանի եւ այլ հիմնական ռեսուրսների զգալի պաշարներ: Դրանք լրացնում են Հայաստանի եւ Ադրբեջանի շքիթի, պղնձի, ոսկու, քրոմիտի, մանգանի, արծաթի, ցինկի եւ այլ կրիտիկական հանածոների խոշոր պաշարները: Թրանսանատոլիական խողովակը կարող է մեծացնել թողունակութիւնը՝ տարածաշրջանի աւելի շատ էներգետիկ պաշարներ Եւրոպա տեղափոխելու համար, որպէսզի մայրցամաքը այլեւս երբեք կախում չունենայ Ռուսաստանից: Իսկ Հարաւային Կովկասի հանքային պաշարները կարող են ազատել ԱՄՆ-ին Չինաստանից կախուածութիւնից:
Թրամփի վարչակազմի վճռականութիւնը օգնել է ստեղծել պատմական հնարաւորութիւն այս երկու երկրների համար: Համաձայնագիրը կփոխի աշխարհաքաղաքականութեան ընթացքը այնպէս, որ դա օգուտ կբերի ոչ միայն Հարաւային Կովկասին եւ Կենտրոնական Ասիային, այլեւ ԱՄՆ-ին եւ մեր դաշնակիցներին առաջիկայ տասնամեակների համար:
Տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղութեան եւ կայունութեան հասնելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պէտք է առանց յապաղելու աւարտեն աշխատանքը համաձայնագրի վրայ:
Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յօդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակէտները:
Աղբիւր՝ Մեդիամաքս