Փաշինեանի Թուրքիա կատարած այցելութիւնը տալիս է իր առաջին արդիւնքները: Այսօրուանից Հայաստանում սկսուլ է ապօրինի խուզարկութիւնների և ձերբակալութիւնների նոր ալիք:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութեան համաձայն այս պահին ապօրինի խուզարկութիւններ են իրականացուում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Իգոր Սարգսեանի, ՀՅԴ Աբովեանի կոմիտէի անդամ Վարդան Աւագեանի, Հրազդանի կոմիտէի անդամ Արտաշէս Յունանեանի և Նոյեմբերեանի կոմիտէի անդամ Վարազդատ Ամիրաղեանի բնակարաններում։
Նշենք՝ վաղ առավոտից իրավապահները շարունակում են հետապնդել նաև Սրբազան Պայքարի կողմնակիցներին։ Նրանք խուզարկութիւններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Իրաւապահները գործողութիւն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի բնակավայրում։

«Բագրատ Սրբազանն այս պահին ձերբակալուած է, համոզուած եմ՝ նրա նկատմամբ կալանքի միջնորդութիւն կներկայացուի»։ Այս մասին այսօր՝ յունիսի 25–ին, Բագրատ Սրբազանի կեցավայրի մօտ լրագրողների հետ զրոյցում նշեց փաստաբան Սերգեյ Յարութիւնեանը։
«Բոլորի հեռախօսներն առգրաւել են»,– ասաց նա։
Անդրադառնալով ՔԿ–ի տարածած ձայնագրութիւններին, փաստաբանը նշեց, որ դրանք չեն կարող ահաբեկչութեան սցենար համարուել. «Վերջին մէկ տարուայ ընթացքում քաղաքական գործընթացներ են եղել, ակցիաներ են եղել, և այդ ժամանակ պարզ է, որ անձանց ակտիւութեան կոչեր են եղել, այդտեղ, ո՞րն է քրէորեն հետապնդելի, բայց հիմա իրենք այս շոուի ատրիբուտները ապահովելու են, տարբեր այսպիսի բաներ են տարածելու, շղարշ ստեղծելու և իմիտացիա անելու համար, որ տեսէք, ահաբեկչական խումբ ենք բռնել։ Ես վստահ եմ, որ սա հերթական շոուն է, մենք այս տիպի շոուներ բազմաթիւ ենք ունեցել։ Այս անգամ աւելի սրացում էր»,–ասաց նա։
Այս պահին ձերբակալուած են՝
Բագրատ Սրբազան
Արցախի Հանրապետութեան ԱԺ պատգամաւոր Դաւիթ Գալստեան
Արա Ռոստոմեան՝ զոհուած հերոսի հայր
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Իգոր Սարգսեան
Մովսէս, Բագրատ արքեպիսկոպոսի կողմնակից
Գնդապետ Միհրան Մախսուդեան
Գործարար Տիգրան Գալստեան
Բլոգեր Արմէն Ալեքսանեան
Քաղաքական հաշուեյարդարն ու ահաբեկման մթնոլորտը երբեք չէն կարող ծառայել ազգային միասնականութեանը եւ պետութեան ամրապնդմանը
Հայաստանում աւտօրիտար վարչակազմը շինծու մեղադրանքներով շարունակում է ապօրինի ձերբակալութիւնների եւ բռնաճնշումների քաղաքականութիւնը: Հալածանքների նոր ալիքն ուղեկցւում է ընդդիմադիր գործիչների դէմ անհիմն եւ ակնյայտ կեղծ մեղադրանքների առաջադրմամբ։ Մասնաւորապէս՝ «սահմանադրական կարգը տապալելու փորձ» ձեւակերպումներով քրէական գործերը կրկին օգտագործւում են որպէս գործիք՝ ընդդիմախօսների ձայնը լռեցնելու եւ ժողովրդավարական ազատութիւնները սահմանափակելու նպատակով։
«Սրբազան շարժման» անդամների ու համակիրների տնային խուզարկութիւններն ու անհիմն ձերբակալութիւնները մէկ նպատակ ունեն՝ ՀՀ-ում հիմնայատակ քանդել ընդդիմութեան ինստիտուտը, ՀՀ եւ հայ ժողովրդի անվտանգութեան ու ազգային-պետական շահերը ոտնահարելով՝ պահպանել սեփական իշխանութիւնը: «Յեղաշրջման փորձը» կանխելու վերաբերեալ ՀՀ վարչապետի պաշտօնն զբաղեցնող անձի անբարոյ խօսոյթը, մտացածին եւ հիւանդագին յայտարարութիւնները ոչ այլ ինչ են, քան հեղինակազրկուած բռնապետի մտավախութեան եւ հոգեկան անհաւասարակշռութեան ակներեւ դրսեւորում:
Նման գործողութիւնները հակասում են իրաւական պետութեան հիմնարար սկզբունքներին եւ վտանգում խօսքի ազատութեան, քաղաքական բազմակարծութեան եւ իրաւական պաշտպանուածութեան հիմքերը Հայաստանում։
Քաղաքական ընդդիմախօսների վրայ ճնշում գործադրելով՝ իշխանութիւնները խարխլում են ժողովրդավարական ինստիտուտներն ու իրաւական վստահութիւնը։ Կեղծ մեղադրանքների եւ միակողմանի հետաքննութիւնների կիրառումը ոչ թէ արդարադատութեան, այլ ռեպրեսիւ քաղաքականութեան վկայութիւն են։
ՀՀ եւ Սփիւռքի մեր քաղաքացիներին ու հայրենակիցներին կոչ ենք անում մեծացնել ճնշումը ՀՀ իշխանութեան եւ արտէրկրում ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների վրայ՝ դադարեցնելու քաղաքական դրդապատճառներով յարուցուած քրէական հետապնդումները: Իշխանութեան գործելաոճն արդէն հատել է բարոյականութեան ու օրէնքի բոլոր սահմանները, դարձել վտանգաւոր գործիք՝ լռեցնելու իշխանութեանը քննադատող ցանկացած ձայն։ Սա ակնյայտօրէն խախտում է Մարդու իրաւունքների եւրոպական կոնուենցիայի 6-րդ եւ 10-րդ յօդուածները՝ արտայայտուելու ազատութեան վերաբերեալ։
Ժողովրդավարութիւնն անհնար է առանց գաղափարական պայքարի՝ ազատութեան եւ ընդդիմութեան հանդէպ համբերատարութեան։ Քաղաքական հաշուեյարդարն ու ահաբեկման մթնոլորտը երբեք չէն կարող ծառայել ազգային միասնականութեանը եւ պետութեան ամրապնդմանը։
Genesis Armenia-ն խստիւ դատապարտում է իշխանութեան բռնապետական այս քաղաքականութիւնը եւ պահանջում դադարեցնել ընդդիմադիր բոլոր շրջանակների, մասնաւորապէս՝ «Սրբազան շարժման» ակտիւիստների ու աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումները, ազատ արձակել բոլոր կալանաւորուած ընդդիմադիրներին եւ երաշխաւորել դատական համակարգի անկախութիւնը։