Ողջո՜յն, սիրելի ընթերցո՛ղ,
Համազգայինի Երևանի գրասենեակը շարունակում է զրոյցների շարքը Հայաստանում և Սփիւռքում բնակուող մեր շնորհաշատ գրողների ու արուեստագէտների հետ։ Այսօր «Դիմապատկեր» շարքի հիւրն է ամերիկաբնակ գրող Մարգարիտ Դերանցը։
Ամերիկաբանակ գրող Մարգարիտ Դերանցի հետ զրոյցը արցախցի գրող, Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանի կողմից
Մարգարետ Դերանցի հետ զրոյցը՝ ստորև․
— Եկէք մեր զրոյցը սկսենք Ձեր հեղինակած գրքերով գրական ճամփորդութեամբ…
— Ինքնաճանաչումը իւրաքանչիւր անհատի կեանքի ամենամեծ յայտնութիւն է։ Օրերից մի օր թուերի աշխարհը փոխեցի բառերի հետ։ Դա պատահեց 2003թ՝ սիրելի ամուսնուս ողբերգական վախճանից մէկ տարի անց, երբ երկու զաւակներիս հետ յայտնուեցի Կալիֆոռնիայում՝ առանց օրինական թղթաբանութեան, հազարաւոր մղոններ Հայրենիքից հեռու։ Տարագրութեան «անյոյս» տարիների անքուն գիշերներին լոյս և պայծառութիւն յայտնուեց՝սկսեցի գրել։ Գրում էի ինքս ինձ համար։ Այն օգնում էր ապրե՛լ, գոյատևե՛լ, յաղթհարե՛լ պանդխտութեան դաժանագոյն սկիզբը։ Այն ժամանակ մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ իմ սևագրերը կվերածուեն ստեղծագործութիւնների, իսկ աւելի ուշ՝ սիրուած գրքերի։
Առաջին գիրքս`«Բիւրեղապակէ ծաղկամանը», լոյս տեսաւ 2013թ. Լոս-Անջելեսում։ Կալիֆոռնիայի ԳՄ պատուաւոր նախագահ, բանաստեղծ, գրականագէտ Գևորգ Քրիստեանը ծաւալուն անդրադարձ գրեց. « Կեանքի բիւրեղեայ լոյսը» խորագրով, որ տպագրուեց Լոս Անջելեսեան մի շարք ամսագրերում, ինչի համար երախտապարտ եմ։
Կեանքի փոթորիկներում, տառապանքներում, մաքառումներում և վշտերում են ծնուում ի վերուստ մարդու համար նախասահմանուած պարգևները, և պէտք է հաւատարիմ լինել առաքելութեանն ու շարունակել գրել։
Երկրորդ գիրքը «Սարերում պահուած գաղտնիքը»-ն էր (2015թ.) վիպակների և պատմուածքների ժողովածուն, որը բարձր գնահատեց գրականագէտ, հրապարակախօս պրոֆ. Օշին. Քէշիշեանը։ Գրքի պատմուածքներից մէկը տեղափոխում է ընթերցողին դէպի Արցախ` սարերում ծուարած հեռաւոր մի գիւղ, որտեղ շատ տարիներ առաջ աղջնակը ապրում էր սիրասուն տատիկներիս հետ. « Դա ո՛չ թէ տուն էր, այլ խորը արմատներով մամռոտած մի յիշողութիւն, որ սկիզբ առնելով սրտից, կտրելով մայրցամաքներ և ովկիաններ՝ հասնում է այնտեղ։ Այնտեղ են թաքնուած իմ երազներն, ուժն ու զօրութիւնը, նաև` սխալները, յուսահատութիւնն ու յուսախաբութիւնը, տագնապն ու վախերը…Օ~, սարեր, դուք էք միայն անսքող տրտմութեամբ յիշելու ինձ…»։
2017թ ծնուեց «Քառակուսի մենակութիւն» ժողովածուն (վիպակ, պատմուածքներ)։ Այս ստեղծագործական ոճը շարունակուեց և զարգացաւ «Անտարէս» հրատարակչութեան կողմից հրատարկուած ապագայ իմ գրքերում. «Սեր և պանդխտութիւն» (վիպակներ, պատմուածքներ,2017թ,), «Քրտնաձուկ» (պատմուածքների ժողովածու, 2019 թ), «Սեր լուսնեզրին» (վէպ, 2021թ) և «Գմբէթաւոր հովանոցը» (վէպ, 2023թ)։
Հայաստանեան ընթերցողներից շատերը թերևս տեղեակ են այս ստեղծագործութիւններին, իսկ ոչ իրազեկները, կարող են գտնել գրքերը գրատներում և որոշ գրադարաններում։
Երբ նոր գիրքը լոյս է տեսնում նեարդերի այնպիսի պրկում է նախորդում, որ հաւասար է երկունքի ցաւերին։ Ի տարբերութիւն հոգատար մօրը, որի պարտականութիւնները շատանում են զաւակի լոյս աշխարհ գալուն զուգընթաց, որոշ գրողներ նմանուում ենք նորածնին լքող մայրերի։ Այսինքն մեր տուայտանքները, ամբողջ եռանդը կենտրոնացնում ենք հերթական յղիութեան վրայ, որը նոր գիրքն է։ Լոյս աշխարհ եկած գիրքը ապրում է ինքնուրոյն կեանքով. շնչում, գոյատևում, նաւարկում դէպի ընթերցողների սիրտը։ Եւ եթէ այն փոփոխութիւն բերի թէկուզ մէկ ընթերցողի կեանքում, ապա օրհնեալ է նրա ծնունդը։
— Կցանկանայի կանգ առնել և անդրադառնալ Ձեր վերջին գրքին՝ ՀԳՄ նախագահութեան ամէնամեայ մրցանակաբաշխութիւնում Եղ. Չարենցի անուան մրցանակի արժանացած և Ստ. Ալաջաջեանի վէպերի մրցոյթի մրցանակակիր «Գմբէթաւոր հովանոցը» գրքին։ Արդեօ՞ք Ձեր արցախեան արմատները նպաստել են գրքի ստեղծագործական ընթացքին։
— Գրողի գրականութիւնը սերտ կապուած նրա կենսագրութեան հետ։ Սեղմ կարող ենք ձևակերպել`կենսագրությունը նոյնպէս գրականութիւն է։ Ծնուել եմ Ստեփանակերտ քաղաքում, իննը տարեկանից ապրել եմ Երևանում, կեանքիս վերջին քսանմեկը` Լոս Անջելըսում։ Ուստի անհրաժեշտ եմ գտնում նշել, որ «Արցախ, Հայրենիք, Սփիւռք» եռամիութիւնը իմ կենսագրութիւնն է, իմ ճակատագիրը։ Թող վերամբարձ չթուայ ասածս, բայց այս վեհ եռամիութեան տրոհումը հաւասար էր ինձ եռատելուն։ Համոզուած եմ, որ շատ- շատերն են կիսում իմ զգացմունքները։
2020թ պատերազմից յետոյ, Հայրենիքի, հայի ապագայի հանդէպ խորը ապրումներից ու տագնապից ծնուեց Արցախի վերջին հարիւր տարուայ պատմութեանը և արցախեան բոլոր գոյամարտերին նուիրուած «Գմբէթաւոր հովանոցը» վէպը։ Վէպը պատմում է, թէ ի՞նչ էր կատարուում պատերազմի օրերին Արցախում, Երևանում և Սփիւռքում։
Վէպը մասնակիօրէն պատմում է նաև մայրական տոհմիս, նախնիներիս պատմութիւնը, որոնք սերում էին Շուշիից, և անցեալ դարի 20թ հայկական կոտորածների հետևանքով լքել էին քաղաքը, բնաւորուել Հադրութի շրջանի Քիւրաթաղ (Դուդուքչի) գիւղում։ Թերևս այնքան հաւատարիմ եմ գտնուել պատմական այս իրողութեանը, որ գրքում պահպանել եմ նախապապերիս, նախատատերիս և արիւնակիցներիս անունները։
Սա իմ ամենաշատ կերպարային վէպն է. գրքում համարեա վաթսուն կերպար կա` գլխաւոր, երկրորդական, հպանցիկ։ Իհարկէ, շատ կերպարներ զուտ իմ երևակայութեան արդիւնքն են, ոմանք ունեն նախատիպեր։
Գրքի տողատակերում ահազանգ կա հասարակութեանը ամենասարսափելիի մասին` կարող ենք մէկ օրում կորցնել լեռնային մեր փոքրիկ երկիրը, որից ի յիշատակ կմնան երգերն ու մորմոքը։
«Գմբէթաւոր հովանոցը» վէպի ճակատագիրը սերտօրէն կապուած է սիրելի արցախցիներիս հետ։ Վէպը տպարան է մտել 22թ. դեկտեմբերին, երբ ադրբեջանական իշխանութիւնների կողմից յստակօրէն իրագործուեց Արցախի դաժանագոյն շրջափակումը։ Վէպը լոյս տեսաւ 2023թ յուլիսին։ Իսկ գրքի շնորհանդէսը ՀԳՄ-ում 23 թ սեպտեմբերի 26-ին, երբ սիրելի արցախցիներս անցնում էին Հագարի կամրջով։
Շատերը կմտածեն, որ սա միայն պատերազմական, հայրենասիրական վէպ է։ Այնուհանդերձ, սա, նախևառաջ, հոգեբանական վէպ է, որը ընդգրկում է ոչ միայն պատերազմը, այլ նաև կեանքը, սերը, ընտանիքը։ Անչափելի կորստի ողբերգութեան հետ մէկտեղ, սա վէպ է դժուարութիւններին դիմադրելու կամքի և խորը հաւատի մասին։
Երանելի եմ, քանի որ կան նուիրեալ ընթերցողներ:
Վարդենիսի շրջանի գրականութեան ուսուցչուհի Մերի Մախսուդեանը արձագանքել էր. «Վէպի ընթերցանութիւնը գեղարուեստական վայելք էր, և հասկացա` ինչու՞ հայերը յաղթեցին արցախեան առաջին գոյամարտում, ինչու՞ պարտուեցին վերջին պատերազմում»։ Եւ մի քանի տասնեակ այլ ջերմ կարծիքներ։
Եթէ գիրքս թէկուզ մի փոքրիկ սփոփանք բերի մեր ազգային մեծ վշտին, ես իմ պարտքը կհամարեմ կատարուած և չեմ տարակուսի իմ եոթերորդ գրքի բարի առաքելութեանը։
— Գիտենք, որ օրեր առաջ հրաւիրուած էիք Սանկտ Պետերբուրգ՝ գրական մրցանակաբաշխութեան նպատակով։ Կպատմէ՞ք մեր ընթերցողին Ձեր այցի ու գրական յաջողութիւնների մասին։
— Այս տարուայ մայիսի 31-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցաւ ,,Наследие литературы XXI века (XXI դարի գրական ժառանգութիւն) տարեկան հաշուետուութեան հիման վրայ հանդիսաւոր միջոցառումը։ Ապշեցուցիչ ծաւալով իրականացուող կարևոր գրական հանդիսութեան մասին հրաւէրն ու անդրադարձը տարուայ սկզբին արտացոլուել էր հեղինակաւոր «Լիտերատուրնաեա գազետա» — ում, որտեղ յատուկ մրցանակների շարքում նշուած էր Ձեր խոնարհ հայրենակցուհու` Մարգարիտ Դերանցի անունը՝ «Աշխարհի գրիչ,, գրան — պրի մրցանակին արժանանալու մասին։
Գրական կարևորագոյն մրցանակաբաշխութիւնը մասնակցում էին գրողներ և բանաստեղծներ ամբողջ Ռուսաստանից և աշխարհի տարբեր երկներից։ Սա իրօք ժամանակակից հայ գրականութեան մշակութային յաղթանակն է Ռուսաստանում։ Սա, նախևառաջ, Ձեր յաղթանակն է, սիրելի հայրենակիցներ, քանզի միշտ զգում էի իմ ետևում Ձեր տաքուկ շունչը։ Հայ գրող լինելը կենսակերպ ու արժանապատւութիւն է ինձ համար, քանի որ, ապրելով Հայրենիքից հեռու, շփուելով օտարազգի գործընկերների, արուեստագէտների, շարքային քաղաքացիների հետ՝ ներկայացնում եմ ո՛չ միայն իմ գրականութիւնը, այլև իմ ժողովրդին:
Միմեանց հանդէպ հոգատար լինելով, միմեանց գնահատելով, մեծարելով միայն մենք կհասնենք ոգեղենիկ ու հոգևոր ընդհանրական մի կապի, որ մեզ բոլորիս կմօտեցնի մեր ազգային երազանքներին:
— Հետաքրքիր է, որ ես Ձեզ միշտ կարդացել եմ որպէս արցախցի գրող, այլ ոչ թէ սփիւռքահայ։ Երևի Ձեր գրականութիւնն է դա ինձ թելադրել։ Դուք ինչպիսի՞նն եք Ձեզ տեսնում գրականութեան մէջ։
-Հաստատապես հասկանալի է Ձեր ընկալումը, սիրելի Հերմինէ, նոր բան ասած չեմ լինի, որ իւրաքանչիւր մարդու, յատկապէս գրողին անհատականութիւնը ձևաւորում է մանկութիւնը։ Իսկ անհատականութիւնն այն տարբերակիչ կոդն է, որ մէկ գրողին առանձնացնում է միւսից, և այնտեղից են բխում նրա գրականութեան ամենացնցայարոյց, իւրայատուկ և յիշուող ստեղծագործութիւններն ու պատկերները։
Այնուհանդերձ, աւելի հակիրճ և հասկանալի լինելու համար, գրականութիւնս թեմատիկ առումով կբաժանէի ազգայինի (հայ մարդու դարաւոր տուայտանքներ, հայկական գենետիկ կոդերի փնտրտուք, ցեղասպանութիւն) և համամարդկայինի (էմիգրացիա, սեր, խոհա-փիլիսոփայութիւն, տարբեր ազգերի մշակույթային տարբերութիւնների մասին պատմություններ` ամերիկեան և տեղացի հնդիկների մասին, ռուսական կեանքին առնչուող սյուժեներ և այլն)։ Գուցէ մի տեսակ կոշտ և ձևական բաժանում ստացուեց, որովհետև, ըստ երևոյթին, նոյնիսկ մէկ փոքրիկ պատմուածքում այս հարցերը, թեմաները յաճախ անքակտելիօրէն միահիւսուած են լինում։
Գրողի աչքի առաջ փռուում է այն եզերքը, որտեղ համադրուում են տարբեր քաղաքակրթութիւններ, տարբեր կեցութիւններ ու ժամանակներ, հոգևոր ու աշխարհիկ տարբեր բնաւորութիւններ, որոնք հանդիպում են միմեանց։
Եւ խղճի ծանր արտասուքով խոստովանում եմ մեր տեսակի, մեր ոգու, մեր ինքնութեան ու հայ ցեղի սքանչելի էութիւնն ու անքննին առեղծուածը։ Բայց այդ յիշողութեան շարունակութիւնը ցաւալիօրէն վտանգուած է, յատկապէս Սփիւռքում, քանզի այն մեր զաւակների համար արդէն իսկ խորթ է, օտար, այլահունչ։ Ուստի արձակիս մէջ կա ուրոյն մի ընդվզում նման գալիքի դէմ, և սերն առ դարձ, որի մասին փորձում եմ գրել ուրոյն քնարականութեամբ, և դիւրին ինքնատիպութեամբ, և որի տագնապալից լռութեան մէջ ինձ նման տասնեակ հազարաւոր տարագիրների կեանքն ու կենսագրութիւնն է` ետդարձի պատրանքով և արմատներին մերձ ու հաշտ ապրելու իւրովի տառապանքով։
Զրոյցը՝ Հերմինէ Աւագեանի
06/15/2025թ