Հաւատքի, նուիրումի եւ յոյսի մէջ յաւէրժ յիշուող մի օր դարձաւ 2025 թ. Օգոստոսի 14-ը, Հինգշաբթին, որ իսկապէս օրհնեալ և պատմական հանգրուան եղաւ Լաս Վեգասի Ս. Կիրակոս Հայց․ Եկեղեցու հաւատաւոր զաւակների կեանքում։ Մեծ պատիւ ունեցանք մեզ հետ ունենալու Արևմտեան Թեմի առաջնորդ՝ Գերշ․ Տ. Յովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեանին, ով իր ներկայութեամբ փառաւորեց և նախագահեց վաղուց սպասուած նոր դպրոցի շէնքի Հիմնարկէքի սրբազան արարողությունը։ Ուսումնական նոր այս հաստատութիւնը կոչուած է դառնալու հայ կրթութեան եւ հոգևոր վառ աղբիւր՝ Լաս Վեգասի ծուխի եւ ընդհանրապէս համայնքի համար։
Նոր դպրոցի հիմնարկէքի արարողութեան կարեւորութիւնը խորապէս զգացուեց համայնքի բոլոր անդամների սրտերում։ Մեր հաւատաւոր ժողովրդի անսասան յանձնառութիւնն արտայայտուեց ու խտացուեց յատկապէս այն պահի մէջ, երբ արարողութեան ժամանակ ութ նուիրեալ մեծահասակներ և ութ սիրելի մանուկներ խորհրդանշօրէն ցանեցին հաւատքի ու յոյսի սերմերը գալիք սերունդների համար։ Այս հաւաքական արարողութիւնը հաղորդեց մեր համատեղ վճռականութիւնը՝ երիտասարդութեան միտքն ու հոգին աճեցնելու հայկական քրիստոնէական ժառանգութեան մէջ։








Սրբազան արարողութիւնից յետոյ Ս․ Կիրակոս Եկեղեցու Տիկնանց Միութեան նուաիրեալ անդամների ջանքերով պատրաստուեց ընթրիք-ընդունելութիւն, որ եղբայրասիրութեան ու շնորհակալութեան ոգին փոխանցեց ներկաների մէջ։ Ընթրիքի ընթացքում կրթական նոր նախագծի պատասխանատու Տիար Ալեքսանդր Մկթարեանը (իրաւաբան) յիշեցրեց, թէ ինչպէս է եղել Ս․ Կիրակոս եկեղեցու այս ծրագրի մեկնարկը՝ իր երկու տարեկան դուստր Անի Մկթարեանի ողբերգական կորստից յետոյ։
Ս․ Կիրակոս եկեղեցու նուիրեալ հոգևոր հովիւ՝ Հոգեշնորհ Տեր Սասուն Ծ․ Վրդ. Զմրուխտեանն իր սրտաբուխ օրհնութիւնները բերեց և իր խօսքում ջերմ ողջոյններով թեմի Առաջնորդ Գերշ․ Տ․ Յովնան Արք․ Տէրտէրեանին ու բոլոր պատուաւոր հիւրերին՝ խորին շնորհակալութիւն յայտնելով բոլորին, ովքեր անվերապահ նուիրումով աշխատել են այս աստուածահաճոյ ձեռնարկը կեանքի կոչելու համար։ Ս․ Կիրակոս եկեղեցու երիտասարդաց միութեան անդամները, ինչպէս նաեւ Սետա Թաճիրեանի անունը կրող հայկական շաբաթնօրեայ դպրոցի աշակերտները մեծ խանդավառութեամբ իրենց մասնակցութիւնը բերին միջոցառմանը՝ վկայելով մեր հաւատի կենդանի ժառանգութիւնը։ Լաս Վեգասի Հայկական Պարերի Դպրոցի սաները՝ Իզաբէլ Մարտիրոսեանի գլխաւորութեամբ, իրենց գեղեցիկ ելոյթներով առաւել հարստացրին միջոցառումը՝ արտացոլելով մեր մշակութային և հոգևոր ժառանգութեան փառաւոր պատկերը ու կապը։
Ս․ Կիրակոս եկեղեցու նոր շինարարական օրհնաբեր ծրագիրը կը գումարուի Թաճիրեան համալիրի կենտրոնին՝ որպէս մեր հաւատքի անսասան վկայութիւն և համայնքի հիմնասիւն։ Կենտրոնն արդէն ներառում է դահլիճը՝ նուիրուած Սետա Թաջիրեաների յիշատակին։ Նոր դպրոցը և մանկապարտեզ-կենտրոնը, որի դահլիճը կոչուելու է Յովսէփ և Յասմիկ Նագգաշեանների անունով, ընդլայնելու են համայնքի եւ եկեղեցու հնարաւորութիւնները՝ կրթելու և հոգևորապէս զարգացնելու հայ զաւակներին, ապահովելով հայապահպան յուսալի ապագայ Լաս Վեգասում և նրա սահմաններից դուրս։
Այս օգտաշատ ձեռնարկը Աստծոյ շնորհն ու մեր համայնքի անսասան ոգու վկայութիւնն է։ Որպէս աստուածային տեսիլք կյանքի կոչելով եւ մեր նոր սրբավայրն ամբողջութեամբ աւարտին հասցնելով՝ այն երկար ժամանակ կը լինի մեր երեխաների հոգևոր և կրթական ճամփորդութեան անկիւնաքարը, որը կեանքի կոչելու համար խոնարհաբար դիմում ենք մեր համայնքի հաւատաւոր անձանց ու բարեգործ բարեկամների սրբազան առատաձեռնութեանը։
Իւրաքանչիւրիդ ներդրումն այս օրհնեալ գործում՝ անկախ դրա չափից, իսկապէս սրբազան մի նուիրատուութիւն կը լինի, որ ուղղակիօրէն կը ձևաւորի մեր եկեղեցու ապագան և մեր երիտասարդութեան հոգևոր բարօրութիւնը։ Սրտանց հրաւիրում ենք Ձեզ՝ աղօթքով ու բարեացկամութեամբ աջակցելու այս կենսական նախագծին։ Ձեր նուիրատուութիւնների շնորհիւ հնարաւորութիւն կը լինի ամբողջապէս կահավորել և յարդարել այս նոր ուսումնա-մշակութային սրբավայրը՝ երազները օրհնեալ իրականութիւն դարձնելով և ապահովելով գալիք սերնդի հոգևոր ապագան։
Մեր խորին երախտագիտութիւնն ենք յայտնում Ծխական խորհրդի անցեալ և ներկայ բոլոր անդամներին, որոնց անսպառ նուիրումն ու հաւատքը վճռական դեր ունեցան Թաճիրեան Կենտրոնի կայացման գործում։
Այս սրբազան օջախն այսօր ծառայում է որպէս հոգևոր տուն՝ Լաս Վեգասում բնակուող բոլոր հայերի համար, նաեւ մխիթարանքի հիւրընկալ հոգեւոր վայր՝ տարբեր տեղերից եկող այցելուների համար։
Թող Աստուած օրհնի Ձեր անձնազոհ նուիրումը, քանի որ միասին կառուցում ենք հաւատի այս մնայուն ժառանգութիւնը՝ Նրա փառքի համար։
Հաղորդագրութիւն Առաջնորդարանի Դիւանի