«Դաշնակցութեան 7 անդամներ են ձերբակալուել, կարծում եմ 72–ժամեայ ռեժիմով նրանց կը պահէն։ Թէ յետոյ ինչ կը լինի, ժամանակը ցոյց կը տայ, բայց կարծում եմ, որ այս ամէնը անհիմն եւ ապօրինի է»։ Այս մասին այսօր՝ յուլիսի 10-ին, NEWS.am–ի հետ զրոյցում ասաց փաստաբան Սերգեյ Յարութիւնեանը՝ յիշեցնելով, որ քննչական կոմիտեում նրանց թոյլ չէն տուել ներս մտնելու եւ բերման ենթարկուած անձանց պաշտպանութեամբ զբաղուելու, ինչից յետոյ փաստաբանները բոյկոտել են տեղի ունեցողն ու հեռացել ՔԿ–ից։
«Մեր հեռանալուց անմիջապէս յետոյ քննիչներն ու ոստիկանները կապնուեցին մէզ հետ, ասացին, որ կարող ենք գնալ քննչական կոմիտէ։ Պարզ է, որ դա պայմանաւորուած էր մեր յայտարարութեամբ, որովհետեւ նրանց վատ վիճակում էինք դրել։ Սակայն մենք մեր բոյկոտը շարունակեցինք եւ կարծում եմ՝ դա ճիշտ քայլ էր, որովհետեւ չենք ուզում մեր մասնակցութեամբ լեգիտիմացնել այս ամէնը։ Ե՛վ Բագրատ Սրբազանի, եւ՛ Միքայել Սրբազանի, եւ՛ Սամուել Կարապետեանի գործով ամէն ինչ արդէն կանխորոշուած է։ Կարելի է ասել՝ իրաւաբանութիւնը նմանատիպ գործերում չի աշխատում»,–ասաց փաստաբանը։
Ինչպէս Սերգեյ Յարութիւնեանն է բնորոշում, այսօր տեղի ունեցած խուզարկութիւնների ու դրանց յաջորդած ձերբակալութիւնների հիմքում զաւեշտալի մի պատմութիւն է ընկած։
«Մի տղայի մօտ երկու օր առաջ յայտանբերել էին strikeball–ի ատրիբուտներ, սպորտային պարագաներ։ Իմանալով, որ այդ տղան դաշնակցութեան երիտասարդական կազմակերպութեան անդամ է, հասկացել էին, որ այդ ամէնը կարող են կապել դաշնակցութեան հետ։ Եւ այսօր առաւօտեան արդէն դաշնակցութեան երիտասարների տներ են գնացել, խուզարկութիւններ են իրականացրել, ապօրինի կերպով առգրաւել են Գեղամ Մանուկեանի հեռախօսը։ Ու այդպէս շոուն շարունակւում է։ Կայ՛մ կը բերէն կը կապէն Բագրատ Սրբազանի գործին, կայ՛մ կը յայտարարէն, որ եւս մէկ ահաբեկչական խումբ են բացայայտել»,–նշեց Յարութիւնեանը։
Անդրադառանլով քննչական կոմիտէի տարածած հաղորդագրութեանն այն մասին, որ խուզարկութիւնների արդիւքնում ռազմամթերք է յայտնաբերուել, փաստաբանն ասաց.
«Ես տեղեակ եմ, որ յայտանբերուած բոլոր զէնքերն օրինական են, իմ պաշտպանեալի տնից որսորդական 3 զէնք էին յայտնաբերել, որոնք օրէնքով սահմանուած կարգով ձեռք էին բերուել որսորդական խանութից։ Նռնական յայտնաբերուել է, թէ ոչ, ես չգիտեմ։ Նաեւ չգիտեմ՝ դրանք մարտական են, թէ ոչ։ Դա արդէն յետոյ կիմանանք։ Պարզ է չէ՞, ինչ է կատարւում. մենք մեր պրակտիկայում գիտենք, որ փորձաքննութիւնների արդիւնքները ամիսներ կամ շաբաթներ անց են յայտնի դառնում, իսկ այսօր րոպէական յայտնի դարձան արդիւնքները։ Պարզ է չէ՞, որ այս ամէնը քաղաքական հետապնդում է դաշնակցութեան նկատմամբ»։