3 տարի առաջ այս օրը սկսուեց Արցախի շրջափակումը…

3 տարի առաջ այս օրը սկսուեց Արցախի շրջափակումը…

3 տարի առաջ, հէնց այս օրը, Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատճառաբանութեամբ Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակմամբ սկսուեց Արցախի շրջափակումը։ Այդ քայլը ամբողջութեամբ փոխել էր Արցախի ներքին կեանքի գրեթէ բոլոր ոլորտները՝ սահմանափակելով ազատ տեղաշարժը, խաթարելով կենսական ենթակառուցուածքների աշխատանքը եւ տարածելով հոգեբանական ահաբեկչութիւն։

Ամբողջութեամբ խափանուել էր Հայաստանից ստացուող էլեկտրամատակարարումը, իսկ ադրբեջանական կողմը շրջափակման ամբողջ ընթացքում պարբերաբար կասեցնում էր գազամատակարարումը՝ դիտաւորութեամբ ստեղծելով շարունակական էներգէտիկ ճգնաժամ։ Դատարկուած էին մրգի ու բանջարեղենի խանութները, նկատւում էր սննդամթերքի, դեղորայքի, մանկական սննդի եւ հիգիենայի պարագաների լուրջ սղութիւն։

Շրջափակման արդիւնքում մեծապէս տուժել էր նաեւ Արցախի կրթական համակարգը․ պարբերաբար խաթարւում էր շուրջ 30․000 երեխայի կրթութեան իրաւունքը։ Շրջափակման հէնց առաջին օրերից տուժել էր տնտեսութեան 41 ոլորտ, աւելի քան 5100 մարդ կորցրել էր աշխատանքը կամ եկամտի աղբիւրը, յատկապէս՝ սպասարկման ոլորտում։ Մեծածախ եւ մանրածախ առեւտրի ոլորտը տուժում էր ապրանքի բացակայութեան, իսկ արտադրողները՝ հումքի ներկրման անհնարինութեան հետեւանքով։ Գործնականում անհնար էր գիւղատնտեսական արտադրութեան համար ներմուծել գարնանացան սերմեր, պարարտանիւթեր, բոյսէրի պաշտպանութեան միջոցներ, իսկ անասնաբուծութեան ոլորտում՝ հատիկային ու խտացրած կեր։ Հանրապետութիւնում խնդրահարոյց էր վառելիքի սակաւութիւնը, ինչի հետեւանքով կաթուածահար էին լինում գիւղատնտեսութեան բոլոր ճիւղերի ընթացիկ աշխատանքները։

Առողջապահական համակարգը ստիպուած էր աշխատել արտակարգ տնտեսման ռեժիմով։ Դեղորայքի եւ բժշկական նշանակութեան ապրանքների սահմանափակ պաշարները բաւարարելու համար պետական բուժհաստատութիւններում դադարեցուել էին պլանային բոլոր միջոցառումները՝ ներառեալ վիրահատութիւններն ու հետազօտութիւնները։ Ստեփանակերտի ծննդատան, մանկական հիւանդանոցի եւ հանրապետական բժշկական կենտրոնի դեղամիջոցների պաշարները չափազանց սուղ էին, իսկ շրջափակման պայմաններում հնարաւոր չէր ներմուծել անհրաժեշտ քանակութեամբ բժշկական ապրանքներ։

Արցախում ապրողներին Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շուտափոյթ բացման անհրաժեշտութիւնից բացի, մարդկանց աւելի շատ մտահոգում էր հարցը՝ ի՞նչ գնով պէտք է դա արուեր։

Արցախը 9 ամիս սովի մատնուեց, ապրեց տոտալ սահմանափակումների մէջ, ենթարկուեց ռազմական ագրեսիայի ու բռնի տեղահանումների, անցաւ ցեղասպանութեան սպառնալիքի միջով, եւ այդ ամէնի դիմաց միջազգային հանրութեան կողմից Ադրբեջանի հանդէպ չեղաւ որեւէ իրական արձագանք։

Համընդհանուր լռութեան պայմաններում Արցախի հայաթափումը եւ 120 000 հայի բռնի տեղահանութիւնն իր հայրենիքից պատմական ամօթալի իրողութիւն էր, որի խարանը չի ջնջուելու:

«ԱՊԱՌԱԺ»

Share