Պռոշեանի «Զորաց» պանթէոնում 26 երիտասարդ երդում տուեց ու համալրեց ՀՅԴ շարքերը
Յուլիսի 19-ին Պռոշեանի «Զորաց» պանթէոնում տեղի է ունեցել երդման արարողութիւն։
26 երիտասարդ՝ ՀՅԴ Երիտասարդական վեց միութիւններից, երդում են տուել ու համալրել կուսակցութեան շարքերը։
Երդման կնքահայրը եղել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսեանը, ով ներկայումս գտնուում է ապօրինի կալանքի տակ։
Նա գրաւոր ուղերձ էր յղել նորգիրներին։
Իգոր Սարգսեանի ուղերձը՝ ստորև․
«Ողջո՛յն Հայկեան սերունդ,
Իմ սիրելի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միութիւնների ընկերներ, պատուի և հայրենիքի պատասխանատու տէրեր: Ուրախ եմ, որ ամբողջ աշխարհից այսօր հաւաքուել էք հայրենիքում հերթական անգամ նորոգելու հաւատարմութեան ուխտը, մեր նախնիների տան և նախնիների հանդէպ։
Գիտէք Արարիչը ստեղծել է տիեզերքը մեծագոյն ճշգրտութեամբ և մեր մոլորակը նրա մէջ։
Ստեղծել է շարունականութիւնը, և Իւրաքանչիւրը ապրում է իր ցեղի, շարունակականութիւնը անսահմանութեան մէջ, և իր տեսակի մէջ։ Հայ ժառանգին բաժին հասաւ Հայկական բարձրավանդակը և մի մեծ առաքելութիւն՝ ապրել և ապրեցնել Արարչին իր մէջ, և պայքարել իր տեսակի իր ազգի լինելիութեան համար: Հայ կեանքի անվտանգութեան պատասխանատուութիւնը ժամանակի ընթացքով փոխանցուեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը:
Դաշնակցութիւնը արդէն 135 տարի պատուով տանում է իրեն բաժին հասած խաչը: Բազմահազար նուիրեալների շնորհիւ մեր ազգը կարողացաւ Հային և Հայաստանը բերել այսօր։
Մեր Սերունդը այդ ճանապարհին ճաշակեց Արցախի ազատագրութեան յաղթանակի բերկրանքը, պատիւը, հպարտութիւնը նաև նրա ժամանակաւոր կորստի ցաւն ու դառնութիւնը:
Հայոց ինքնութիւնը նորից վտանգի մէջ է։
Այսօր մեր շարքերը եկել են համալրելու նորերը՝ աւելի ուժեղները:
Նպատակը անփոփոխ է:
Սիրելի ընկերներ, այսօր դուք բարդ որոշում էք կայացնում՝ երդուում եմ պատուովս և հայրենիքովս:
Խնդրում եմ կանգ առէք մի պահ, խօսէք ձեր հոգու և բանականութեան հետ, և չխաբէք ձեզ, չամաչէք, եթէ պատրաստ չեք` ասէք։
Դաշնակցականի ճանապարհները փշոտ են, քարքարոտ, զրկանքներով լի: Կամք, վճռականութիւն և համառություն են պահանջում։
Եթէ վճռեցիք, ձեզ մաղթում եմ կամք, սկզբունքայնութիւն, հաւատ և նուիրուածութիւն։
Արժանի լինէք հերոս նուիրեալներին ապրեցնողների բարձր կոչմանը։ Սիրում եմ ձեզ, հայոց մեծ ընտանիքը և միացեալ Հայաստանը:
Ուրեմն առաջ նահատակ ցեղի անմահներ:
Բարի գալուստ Դաշնակցութիւն»: