Ընդդիմադիր համախմբումը վճռականօրէն մերժում է արտաքին պահանջով թելադրուած նոր Սահմանադրութիւնը

Ընդդիմադիր համախմբումը վճռականօրէն մերժում է արտաքին պահանջով թելադրուած նոր Սահմանադրութիւնը

Իշխանութեան հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միայն օտար պետութեան պարտադրանքի, այլեւ երկրի ներսում իշխանութեան կենտրոնացման եւ ինքնակալական կառավարման համակարգի ամրապնդման հետ։

«Ալիեւեան սահմանադրութիւնը» հայաստանեան ներքին օրակարգ է բերուել Ադրբեջանի նախագահի պահանջով՝ ստեղծելով երկու հիմնարար սպառնալիք։

Օտար պետութեան թելադրանքի ընդունում։ Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւնը Բաքուի կողմից խաղաղութեան նախապայման է եւ վտանգում է Հայաստանի անկախ պետականութեան հիմքերն ու ինքնիշխանութիւնը։

Դրանով իսկ այն որեւէ կապ չունի հայ ժողովրդի ինքնութեան ու ազգային արժէքների հետ եւ խոչընդոտում է Հայաստանի Հանրապետութեան զարգացման հեռանկարները։

Իշխանութեան անսահմանափակ կենտրոնացում։ Սահմանադրութեան փոփոխութեան գործընթացն իշխող ուժն օգտագործում է իր ձեռքում իշխանութիւնը կենտրոնացնելու եւ զսպումների ու հակակշիռների մեխանիզմները վերացնելու համար։

Արձանագրում ենք, որ իշխող ուժը չունի որեւէ լեգիտիմութիւն՝ Սահմանադրութեան փոփոխութիւն նախաձեռնելու համար։

Հասարակութեան ծայրայեղ բեւեռացուածութեան, քաղաքական ընդդիմախօսների նկատմամբ շարունակուող բռնաճնշումների ու ապօրինութիւնների պայմաններում անհնար է Մայր օրէնքի փոփոխութիւնը՝ ժողովրդավարական եւ բազմակարծիք քննարկումների սկզբունքով։

Ելնելով վերոգրեալից՝ Ընդդիմադիր համախմբումը յայտարարում է.

1. Վճռականօրէն մերժում ենք արտաքին պահանջով թելադրուած նոր Սահմանադրութիւնը։

2. Համերաշխութիւն ենք յայտնում խորհրդարանական ընդդիմութեան՝ ազգային արժանապատուութիւնն առեւտրի առարկայ չդարձնելու սկզբունքային դիրքորոշմանը՝ համախմբուած ուժերով արտաքին պարտադրանքի եւ ալիեւեան սահմանադրութեան ընդունման դէմ հանդէս գալու պատրաստակամութեամբ։

3. Առաջիկայ օրերին կը յայտարարենք այս օրակարգով Համախմբման հանդիպման մասին։

Share