Ալիեւը հեռանում է Անկարայից եւ Ադրբեջանին ներքաշում հակաիրանական արկածախնդրութեան մէջ
Ադրբեջանա-թուրքական յարաբերութիւններում առաջացած հակամարտութիւնը մեծ անակնկալ էր միջազգային հանրութեան եւ փորձագէտների համար։
ՅԻՇԵՑՆԵՆՔ, ՈՐ ԲԱՔՈՒԻ ԵՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՄԻՋԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ-ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍՐՈՒՄԸ տեղի ունեցաւ Ադրբեջանի կառավարութեան կողմից նոր կանոնների սահմանման կապակցութեամբ, որոնք արգելում էին դպրոցներում հիջաբ եւ գլխաշոր կրելը, ինչի հետեւանքով հանրապետութիւնում սկսուեցին հաւատացեալների զանգուածային բողոքի ցոյցեր։
Այնուամենայնիւ, ադրբեջանա-թուրքական հակասութիւններն ի յայտ էին եկել Ադրբեջանում հոկտեմբերեան աղմկայարոյց իրադարձութիւններից դեռ շատ առաջ եւ, ակնյայտօրէն, կապուած էին իրանական օրակարգի նկատմամբ երկու երկրների ունեցած դիրքորոշումների հետ։
Անկարան խորապէս մտահոգուած էր այն հանգամանքով, որ ԱՄՆ-Իսրայէլ աշխարհաքաղաքական տանդեմը հետեւողականօրէն ներքաշում էր Բաքուին հակաիրանական ռազմական արշաւի մէջ, մինչդեռ Ալիեւն այդ արկածախնդրութիւնից հեռու մնալու յստակ արտայայտուած ցանկութիւն չէր դրսեւորում։
Էրդողանը, հանդէս գալով որպէս «աւագ եղբայր», ամէն կերպ փորձում էր զսպել իր դաշնակցի խանդավառութիւնը՝ նախազգուշացնելով, որ Իսրայէլի եւ ԱՄՆ-ի հետ նրա «հակաիրանական բարեկամութիւնը» չափազանց վտանգաւոր է եւ կարող է շատ թանկ նստել ոչ միայն Ադրբեջանի անվտանգութեան, այլեւ «Թուրան» աշխարհաքաղաքական նախագծի վրայ, որն Անկարան փայփայում ու գուրգուրում է։
Սակայն Ալիեւը սկսեց իր թուրք գործընկերոջը հասկացնել, որ այլեւս չի ընդունում «կրտսեր» եւ ամէն ինչում հնազանդ եղբօր կարգավիճակը եւ այսուհետ մտադիր է ինքնուրոյն քաղաքականութիւն վարել՝ ընկերների ու թշնամիների ընտրութեան հարցում։ Թուրքիայի ղեկավարութեան համար սա բաւականին տհաճ անակնկալ էր, քանի որ այնտեղ կարծում էին, թէ Բաքուի յաղթանակն Արցախեան պատերազմում պայմանաւորուած էր հէնց Անկարայի հետ դաշինքով եւ թուրքական բանակի աջակցութեամբ։
Դեռեւս այս տարուայ գարնանից կողմերը միմեանց նկատմամբ քաղաքական-դիւանագիտական դեմարշի տարրեր էին ցուցադրում, սակայն միաժամանակ փորձում էին ԶԼՄ-ներում չհրապարակայնացնել լարուածութիւնը։ Արդիւնքում՝ հասունացող հակամարտութիւնը դուրս էր մնացել միջազգային լրատուամիջոցների եւ փորձագիտական հանրութեան ուշադրութեան կենտրոնից։
Ամէն ինչ փոխուեց հոկտեմբերին, երբ Թուրքիայի իշխանամէտ քաղաքական շրջանակներն ու լրատուական աղբիւրները բացայայտօրէն քննադատութեան տարափ տեղացին Ադրբեջանի իշխանութիւնների հասցէին՝ դպրոցներն աշխարհիկացնելու փորձի եւ զանգուածային բողոքի ցոյցերը դաժանօրէն ճնշելու պատճառով։
Բնականաբար, նման դեմարշը չէր կարող տեղի ունենալ առանց Էրդողանի գիտութեան կամ, աւելի ստոյգ՝ ուղղակի հրահանգի՝ հաշուի առնելով Թուրքիայում իշխանութեան համակարգի ավտորիտար բնոյթը եւ Անկարայի համար յատկապէս զգայուն յարաբերութիւնները Բաքուի հետ։ Ալիեւն էլ այս դեմարշն ընկալեց որպէս «հարուած թիկունքից» դաշնակցի կողմից եւ յանձնարարեց իր թիմին էլ աւելի կոշտ արձագանգել Թուրքիայի գործողութիւններին։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ՝ ԲՈՂՈՔԻ ՑՈՅՑԵՐԻ ՃՆՇՈՒՄԻՑ ԱՆՄԻՋԱՊԷՍ ՅԵՏՈՅ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունեց որոշում՝ հանրապետութիւն մուտք գործելու արգելք սահմանելով Թուրքիայի 31 քաղաքացու նկատմամբ, որոնց թւում էին յայտնի քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք առաւել ակտիւօրէն քննադատել էին Բաքուի իշխանութիւններին։
Դրանից յետոյ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութիւնն Անկարային ներկայացրեց գրեթէ վերջնագրային պահանջ՝ պաշտօնից ազատել Էրդողանի գլխաւոր խորհրդական Օքթայ Սարալին, որն աչքի էր ընկել Բաքուի իշխող վարչակարգի հակակրօնական քաղաքականութեան վերաբերեալ կոշտ յայտարարութիւններով։
Որքան էլ տարօրինակ է, Էրդողանը, հակառակ իր՝ մինչեւ վերջ գնալու սովորական գործելաոճին, տեղի տուեց եւ պաշտօնանկ արեց Սարալին։ Դրանով նա Ալիեւին ցոյց տուեց, որ պատրաստ է թուլացնել լարուածութիւնը կարեւորագոյն դաշնակցի հետ յարաբերութիւններում՝ նոյնիսկ սեփական սկզբունքներից հրաժարուելու եւ իր անմիջական շրջապատի ազդեցիկ դէմքերից մէկին զոհաբերելու գնով։
Փորձագէտները համակարծիք են, որ Թուրքիայի առաջնորդը գիտակցում է՝ եթէ ինքը դա չանի, Ալիեւի վարքագծի նկատմամբ իր վերահսկողութիւնն ամբողջութեամբ կը վերանայ, ինչը միայն կ՚արագացնի Ադրբեջանի ներքաշումը իրանական արկածախնդրութեան մէջ եւ կը յանգեցնի Անկարայի՝ հզօր ռազմաքաղաքական թուրքական միութիւն ստեղծելու ծրագրերի տապալմանը, որը, բնականաբար, պէտք է գործէր իր գլխաւորութեամբ։
Սարալի պաշտօնանկութիւնից եւ ադրբեջանա-թուրքական յարաբերութիւններում լարուածութիւնը թուլացնելու նպատակով Անկարայի ձեռնարկած միւս քայլերից յետոյ միջազգային հանրութիւնն ակնկալում էր, որ Ալիեւը կը զսպի իր կրքերը, եւ նրա շուրթերից կրկին կը հնչեն Բաքուի ու Անկարայի եղբայրութեան եւ դաշնակցութեան մասին գովերգող խօսքեր։ Տեսականօրէն նա այլ կերպ վարուելու որեւէ պատճառ չունէր։
Սակայն, ի հեճուկս բոլորի սպասումների, Ադրբեջանի առաջնորդը ոչ միայն չհամարեց հակամարտութիւնը սպառուած, այլեւ հերթական անգամ գնաց դրա սրացմանը։ Մասնաւորապէս, նա հրաժարուեց անձամբ մասնակցել հոկտեմբերի վերջին Անկարայում մեկնարկած Թուրքական պետութիւնների կազմակերպութեան (ԹՊԿ) գագաթնաժողովին, չնայած այն հանգամանքին, որ Էրդողանն անձամբ հեռախօսով համոզում էր նրան մեկնել Թուրքիայի մայրաքաղաք։ Սա իսկական դիւանագիտական ապտակ դարձաւ «աւագ եղբօրը», յատկապէս հաշուի առնելով այն հանգամանքը, որ Ալիեւը հրաժարուեց մասնակցել ԹՊԿ գագաթնաժողովին՝ պատճառաբանելով, թէ անհրաժեշտ է ներկայ գտնուել հոկտեմբերի 31-ին Բաքւում կայացած FIFA U-15 աշխարհի առաջնութեան եւ փառատօնի փակման արարողութեանը։
Սա իսկապէս Էրդողանի նկատմամբ ցուցադրական արհամարհանք էր։ Այդպիսով Ալիեւը ոչ միայն անձնական վիրաւորանք հասցրեց նրան, այլեւ հասկացնել տուեց, որ պատրաստ է վերանայել իր վերաբերմունքը ԹՊԿ-ի նկատմամբ, որի հիմքի վրայ Էրդողանը մտադիր է կառուցել իր աշխարհաքաղաքական «Մեծ Թուրան» նախագիծը։
ԱՅԺՄ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԸ ՀԱԿՈՒԱԾ ԵՆ ԿԱՐԾԵԼՈՒ, որ Թուրքիան գերագնահատել է Ադրբեջանի վրայ ունեցած իր ազդեցութիւնը, մինչդեռ ԱՄՆ-ն ու Իսրայէլը, որոնց ներկայութիւնն զգացւում է Ալիեւի թիկունքում, Անկարային ակնյայտօրէն ցոյց են տուել, թէ իրականում ով է ազդում հարաւկովկասեան այդ հանրապետութեան իշխող վերնախաւի տրամադրութիւնների վրայ։
Ինքը՝ Ալիեւը, ցանկանում է ցոյց տալ, որ այնքան ինքնուրոյն է, իսկ իր ղեկավարած երկիրն այնքան ինքնաբաւ, որ Բաքուն կարող է իրեն թոյլ տալ հակահարուած տալ նոյնիսկ հզօր Անկարայի՝ Ադրբեջանի ներքին գործերին չափազանց շատ միջամտութեանը։
Իրականում Ալիեւի թիկունքում կանգնած են շատ աւելի հզօր, քան Թուրքիան, համաշխարհային ուժային կենտրոններ, որոնք էլ, համապատասխանաբար, կառավարում են նրան։ Ադրբեջանի նախագահին մանիպուլացնելու համար Վաշինգտոնի եւ Թել Աւիւի ներկայացրած այդ կենտրոնները հիմնականում երկու գործօն են օգտագործում։
Առաջինը Ադրբեջանի առաջնորդի փառասիրութիւնն է, որը հասել է աներեւակայելի չափերի, յատկապէս արցախեան յաղթանակից յետոյ։ Ալիեւին ներշնչում են, թէ նա դարձել է միջազգային մասշտաբի գործիչ, որին չեն կարող իրենց պայմանները թելադրել ո՛չ Պուտինը (2024 թուականի դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի սխալմամբ խոցման միջադէպից յետոյ Բաքուն կտրուկ սառեցրեց յարաբերութիւնները Մոսկուայի հետ), ո՛չ էլ Էրդողանը, որն իբր իրեն Ալիեւի հովանաւորն է երեւակայում։
Երկրորդ գործօնն Ալիեւի ընտանիքի վերաբերեալ վարկաբեկիչ նիւթերն են, որոնց համաձայն՝ ընտանիքը ներգրաւուած է բազմաթիւ միջազգային սկանդալներում, որոնք կապուած են ադրբեջանական ժողովրդից յափշտակուած գումարների ապօրինի լուացման սխեմաների, օտարերկրեայ քաղաքական գործիչների կաշառման եւ մի շարք օտարերկրեայ պետութիւնների դէմ վարկաբեկիչ արշաւների ֆինանսաւորման հետ։ ԱՄՆ-ն ու Իսրայէլը հմտօրէն օգտագործում են Ալիեւի դէմ առկայ կոմպրոմատներն ու նրա ընտանիքի խիստ արատաւորուած հեղինակութիւնը՝ այդպիսով յաջողութեամբ մոլորեցնելով նրան տարածաշրջանային քաղաքականութեան լաբիրինթոսներում եւ աւելի ու աւելի խորացնելով Ադրբեջանի ներգրաւուածութիւնը սեփական գլոբալ արկածախնդրութիւնների մէջ։
ԱՅՍ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԳԼԽԱՒՈՐԸ Իրանի դէմ հասունացող պատերազմն է։ Ըստ երեւոյթին, Բաքուին վերապահուած է լինելու Իսլամական Հանրապետութեան վրայ յարձակման յենակէտերից մէկի դերը։ Հէնց այդ պատճառով էլ ամերիկա-իսրայէլական դուետը նախապէս հոգացել է, որ սկզբում փչանան Ադրբեջանի յարաբերութիւնները Ռուսաստանի, ապա նաեւ Թուրքիայի հետ, որոնք ամէն կերպ փորձում էին Ալիեւին յետ պահել հակաիրանական արշաւին ճակատագրական մասնակցութիւն ունենալուց։
Ալիեւը հնազանդօրէն գնում է Վաշինգտոնում եւ Թել Աւիւում գտնուող իր իրական հովանաւորների թելադրանքով՝ դրդուած «կոմպրոմատների մտրակով» եւ խրախուսուած «սնապարծութեան քաղցրաբլիթով»։
Մեծ հաշուով, նրան այլընտրանք չի մնացել, քանի որ հակառակ դէպքում իրեն եւ իր ընտանիքին սպառնում են խայտառակութիւն, իշխանութիւնից հեռացում, սնանկացում եւ, հնարաւոր է, նոյնիսկ մահապատիժ։
Իսկ հակաիրանական արկածախնդրութեանը մասնակցելու համար վճարելու է ադրբեջանական ժողովուրդը՝ ընդ որում, սեփական արեամբ եւ անվտանգութեան հաշուին։
Սակայն Ալիեւի համար նման գինը միանգամայն ընդունելի է։
«Գոլոս Արմէնի»
