Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում․ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք եւ քաղբանտարկեալներ» թղթածրարը՝ 2026 թ. հոկտեմբերի 29-ի թուակիրով։ Այն ներկայացնում է այն 20 հայերի վիճակը, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել Արցախի հայ բնակչութեան բռնի տեղահանումից աւելի քան երեք տարի անց։
20-ի թւում են Արցախի Հանրապետութեան նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարներ, քաղաքացիական անձինք եւ ռազմագերիներ։ Նրանցից երկուսը պահւում են 2020 թ. պատերազմից ի վեր։ Բոլորը դատապարտուած են եւ կրում են 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման պատիժներ։ Թղթածրարը ներկայացնում է, թէ ինչպէս է նրանցից իւրաքանչիւրը յայտնուել գերութեան մէջ, եւ պարունակում է տեղեկութիւններ 20-ից իւրաքանչիւրի մասին։
Թղթածրարն արձանագրում է.
• Դատավարութիւններ ռազմական դատարանում՝ դիտորդների համար հիմնականում փակ, իսկ դատավճիռներն ամբողջութեամբ չեն տրամադրուել պաշտպանութեանը։
• 2025 թ. դեկտեմբերից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտէի որեւէ այց տեղի չի ունեցել։
• Եւրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտէի զեկոյցը մնում է չհրապարակուած, քանի որ Ադրբեջանը համաձայնութիւն չի տալիս։
• Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում դիմումները դեռ քննութեան փուլում են։
• Խորհրդարանների, կառավարութիւնների եւ իրաւապաշտպան կազմակերպութիւնների արձագանքը, ինչպէս նաեւ տեղեկութիւնները երրորդ երկրների միջոցով այցեր կազմակերպելու անյաջող փորձերի մասին։
«Մինչ օրս ազատ արձակումները տեղի են ունեցել միայն քաղաքական գործարքների շրջանակում,– նշում է ՀԴԿԽ-ն։– Նրանք պատանդներ են եւ պէտք է ազատ արձակուեն անհապաղ եւ անվերապահօրէն՝ առանց փոխանակումների կամ քաղաքական զիջումների»։
Մինչեւ ազատ արձակումը թղթածրարը պահանջում է.
• Կանոնաւոր անկախ մարդասիրական մուտք եւ բժշկական գնահատում։
• Անարգել կապ ընտանիքների եւ փաստաբանների հետ։
• Խոշտանգումների կանխարգելման կոմիտէի զեկոյցի հրապարակում։
• Եւրոպական դատարանի պահանջների լիարժէք կատարում։
• 2020 թ. գերեվարուած եւ մինչ օրս անհետ կորած առնուազն 80 հայի ճակատագրի արդիւնաւէտ քննութիւն։
Թղթածրարը լրացնում է ՀԴԿԽ-ի «Արդարադատութիւն» ըստ Ադրբեջանի․ Ռուբէն Վարդանեանի գործով մեղադրական եզրակացութեան եւ դատավճռի վերլուծութիւն» ժողովածուն, որը վերլուծում է Վարդանեանի գործով հրապարակուած մեղադրական եզրակացութիւնը եւ դատավճիռը։ Զեկոյցի անգլերէն ուղեկից հատորը՝ “Justice” According to Azerbaijan: The Prosecution, Trial and Conviction of Ruben Vardanyan” յատուկ զեկոյցը, նոյնպէս հասանելի է։
Թղթածրարը (հայերէն)՝
https://armeniancause.net/wp-content/uploads/2026/10/20261029-hostage_prisoner_Dossier-Armenian-final.pdf
Ժողովածուն (հայերէն)՝
https://armeniancause.net/wp-content/uploads/2026/10/20261026-Vardanyan_Armenian_Compilation-fv.pdf
ՀԴԿԽ-ի բոլոր հրատարակութիւնները, այդ թւում՝ թղթածրարը եւ յատուկ զեկոյցը, հասանելի են «Մեր հրատարակութիւնները» էջում՝
https://armeniancause.net/?page_id=1092
Կապ՝ office@armeniancause.org
