Եւրոպայի Հայ դատի գրասենեակը դատապարտել է Վիեննայում արցախեան մշակութային համոյթների մասնակցութեան չեղարկումը
Եւրոպայի Հայ դատի գրասենեակը դատապարտել է Վիեննայում արցախեան մշակութային համոյթների մասնակցութեան չեղարկումը՝ կոչ անելով փառատօնի կազմակերպիչներին վերանայել որոշումը։
Յիշեցնենք, որ «Արցախեան մշակոյթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացրել է, որ Համաշխարհային փառատօնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսուած միջազգային փառատօնին կազմակերպութեանն անդամակցող Արցախի ազգային նուագարանների պետական նուագախմբի եւ «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համոյթի մասնակցութեան պաշտօնական հրաւէրը։
Վիեննայի միջազգային փառատօնին Արցախի համոյթների մասնակցութիւնը չեղարկուել է․ դեսպանատան գրութեան մէջ նրանք ներկայացուել են որպէս «վտանգաւոր»
Վիեննայի միջազգային փառատօնին Արցախի մշակութային համոյթների մասնակցութիւնը չեղարկուել է․ դեսպանատնից ստացուած գրութեան մէջ մեր մշակութային խմբերը ներկայացուել են որպէս «վտանգաւոր»։ Այս մասին յայտնում է «Արցախեան մշակոյթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն։
«Արցախեան մշակոյթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերին Վիեննայում նախատեսուած միջազգային փառատօնին կազմակերպութեանն անդամակցող Արցախի ազգային նուագարանների պետական նուագախմբի եւ «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համոյթի մասնակցութիւնը չեղարկուել է։
Պաշտօնական հրաւէրի հիման վրայ համոյթները շուրջ երեք ամիս ինտենսիւօրէն պատրաստուել են փառատօնին՝ մշակելով յատուկ ծրագիր։
Հոկտեմբերի 21-ին կազմակերպիչները յայտնել են մասնակցութեան չեղարկման մասին։ Դրան յաջորդած նամակագրութեան ընթացքում Համաշխարհային փառատօնների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկին տեղեկացրել է, որ դեսպանատնից ստացուած գրութեան մէջ մեր մշակութային խմբերը ներկայացուել են որպէս «վտանգաւոր», եւ առաջարկուել է չեղարկել նրանց մասնակցութեան հրաւէրը։


Հոկտեմբերի 23-ին նա լրացուցիչ պարզաբանել է, որ, իր փոխանցմամբ, մի քանի դեսպանատներ միջամտել են՝ մեր համոյթներին վերագրելով մեր երկրում «անջատողական գործունէութիւն» իրականացնելու մեղադրանք, եւ առաջարկել են նրանց չհրաւիրել փառատօնին։
Մենք կտրականապէս մերժում ենք մեր արուեստագէտներին վերագրուող այս մեղադրանքներն ու բնորոշումները։
2023 թուականին արցախահայութեան բռնի տեղահանումից յետոյ մեր կազմակերպութեան առաքելութիւններից է դարձել Արցախի մշակութային համոյթների պահպանումը եւ նրանց մասնագիտական գործունէութեան շարունակականութեան ապահովումը։ Այս համոյթներն Արցախի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան կենդանի կրողներն են։ ԻՒՆԵՍԿՕ-ի՝ 2003 թուականի Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանութեան կոնվենցիան կատարողական արուեստները ճանաչում է որպէս այդ ժառանգութեան հիմնական բնագաւառներից մէկը։
2025 թուականին մեր արուեստագէտները յաջողութեամբ մասնակցել են Իտալիայում CIOFF-ի միջազգային փառատօնային ծրագրերին՝ արժանանալով բարձր գնահատականի եւ պատուոգրերի։ CIOFF-ը ԻՒՆԵՍԿՕ-ի հետ պաշտօնական գործընկերութիւն ունեցող եւ ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանութեան ոլորտում խորհրդատուական գործունէութիւն իրականացնելու համար հաւատարմագրուած կազմակերպութիւն է։
Արցախից բռնի տեղահանուած արուեստագէտներն արդէն զրկուել են իրենց բնական մշակութային միջավայրում ստեղծագործելու հնարաւորութիւնից։ Նրանց միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցութեան սահմանափակումը՝ քաղաքական բնոյթի մեղադրանքների հիմքով, լուրջ մտահոգութիւն է առաջացնում մշակութային իրաւունքների հնարաւոր խախտման առումով։
