Հայ գերիների հարցերով միջազգային դատական գործընթացներ կարող են նախաձեռնել երրորդ երկրները
Բաքւում հայ գերիների նկատմամբ իրականացուող դատավարութիւններն ի սկզբանէ ապօրինի են, եւ դրանցից արդարադատութեան միջազգային չափանիշներին համապատասխան ընթացք ակնկալելը միամտութիւն կը լինի։ Այս մասին Երեւանում անցկացուող «Վերադարձ հայ գերիներին» միջազգային համաժողովի ժամանակ ասել է միջազգային իրաւական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշէ Կիրակոսեանը։
«Դատական գործընթացն առաջին հերթին հարթակ է, որտեղ պետութիւնները հնարաւորութիւն ունեն ներկայացնելու իրենց դիրքորոշումները հաւասար պայմաններում։ Դա հնարաւորութիւն է տալիս դիմակայելու նաեւ պատումների պատերազմին»,– նշել է նա։
Նախկին պաշտօնեայի գնահատմամբ՝ միջազգային դատարաններում կողմերն ունեն իրենց փաստարկներն ու ապացոյցները ներկայացնելու հաւասար հնարաւորութիւններ, ինչը յատկապէս կարեւոր է այն իրավիճակներում, երբ իրական կեանքում նրանց հնարաւորութիւններն անհաւասար են։ Նա նաեւ անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականութեան եւ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի փոխյարաբերութեան մեկնաբանութեանը։
«Տարածքային ամբողջականութիւնից անջատման ձգտումը քրէականացնելը հակասում է միջազգային իրաւունքի հիմնարար տրամաբանութեանը, քանի որ տարածքային ամբողջականութիւնն ու ժողովուրդների ինքնորոշումը փոխլրացնող սկզբունքներ են։ Տարածքի նկատմամբ ինքնիշխանութիւնն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում, որովհետեւ ինքնիշխանութեան իմաստն առաջին հերթին մարդու մասին է»,– ասել է Կիրակոսեանը։
«Միջազգային իրաւունքում յայտնի է erga omnes պարտաւորութիւնների հասկացութիւնը։ Դրանք այնպիսի պարտաւորութիւններ են, որոնց խախտման դէպքում միջազգային հանրութեան անդամները կարող են պահանջ ներկայացնել խախտում կատարած պետութեան դէմ՝ անկախ նրանից, թէ ով է անմիջական տուժողը»,– նշել է իրաւաբանը։
