Արցախցիներին COP17-ում մերժել են տաղաւար տրամադրել. Բեգլարեանը մանրամասներ է յայտնել

Արցախցիներին COP17-ում մերժել են տաղաւար տրամադրել. Բեգլարեանը մանրամասներ է յայտնել

Արցախի նախկին պետնախարարը նկատել է, որ ՀՀ իշխանութիւնները ոչ միայն ոչինչ չեն անում Արցախի մշակութային ժառանգութեան պահպանման համար, այլեւ օրինականացնում են ադրբեջանական յանցագործութիւններն ու Արցախի բռնագրաւումը։

Արցախցիներին COP17-ում մերժել են տաղաւար տրամադրել։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս մասին ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանը։

Նշենք, որ COP17-ի շրջանակում ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկում գրանցուած Զուարթնոց տաճար։ Մինչդեռ Ադրբեջանի կողմից աւերուող Արցախի մշակութային ժառանգութեան եւ բնութեան, ինչպէս նաեւ բռնի տեղահանուած արցախցիների իրաւունքների մասին միջազգային հարթակում բարձրաձայնելու հնարաւորութիւնը ՀՀ իշխանութիւնները չեն օգտագործում։

«Մեր կազմակերպութիւնը՝ «Արցախի միութիւնը», պաշտօնական ընթացակարգով դիմեց, որպէսզի կանաչ գօտում տաղաւար ունենանք՝ որպէս քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչ, եւ ներկայացնենք Արցախի ժողովրդի հետ կապուած հարցերը, Արցախի կենսաբազմազանութիւնը, ինչպէս COP17-ն է ենթադրում։ Իրենք մերժեցին, տաղաւար չտրամադրեցին։ Հիմա կարող են տարբեր պատճառաբանութիւններ բերել, որ ուրիշներին էլ են մերժել եւ այլն, բայց փաստացի մենք այդ հնարաւորութիւնը չենք ունեցել»,– ասել է Բեգլարեանը։

«Արցախի միութեան» դիմումը, մեր զրուցակցի խօսքով, մերժուել է առանց որեւէ պատճառաբանութեան։ Առցանց ընթացակարգով լրացուած դիմումի պատասխանում նշուած է եղել միայն, որ տաղաւար չի տրամադրւում։

Արցախի նախկին պաշտօնեան նկատել է, որ ՀՀ իշխանութիւնները ոչ միայն ոչինչ չեն անում Արցախի մշակութային ժառանգութեան պահպանման համար, այլեւ օրինականացնում են ադրբեջանական յանցագործութիւններն ու Արցախի բռնագրաւումը։

«Բազմաթիւ յարմար առիթներ եղել են, ու սա էլ շատ լաւ առիթ է ոչ միայն մշակութային ժառանգութեան մասին բարձրաձայնելու, այլեւ ընդհանրապէս բնիկ ժողովրդի իրաւունքների հարցը ներկայացնելու, թէ Ադրբեջանն ինչ է արել եւ ինչ է անում Արցախում թէ՛ կենսաբազմազանութեան եւ թէ՛ լայն առումով Արցախի բնիկ ժողովրդի իրաւունքների մասով, որն ուղղակիօրէն կենսաբազմազանութեան հետ կապուած է՝ հէնց ՄԱԿ-ի նորմերը հաշուի առնելով»,– ասել է Բեգլարեանը՝ ընդգծելով, որ COP17-ի օրակարգային թեմաներից մէկը հէնց բնիկ ժողովուրդների եւ տեղական համայնքների իրաւունքների հարցն է՝ կենսաբազմազանութեան համատեքստում։

Բայց, ինչպէս նկատում է Արցախի նախկին պետնախարարը, ՀՀ իշխանութիւնները չեն ցանկանում, իսկ քաղաքացիական հասարակութիւնը չի կարողանում արդիւնաւէտօրէն օգտագործել ընձեռուած հնարաւորութիւնը՝ իշխանութիւնների ստեղծած արգելքների պատճառով։

Այնուամենայնիւ, Բեգլարեանը յոյս ունի, որ համաժողովին տարբեր ձեւաչափերով ու տարբեր հարթակներում մասնակցող քաղաքացիական հասարակութեան այլ ներկայացուցիչները կը կարողանան բարձրաձայնել Արցախի խնդրի մասին։

«Մեծաթիւ պատուիրակութիւնների, միջազգային ոչ կառավարական կազմակերպութիւնների ներկայացուցիչների ներկայութիւնը Հայաստանում ինքնին հնարաւորութիւն է ոչ պաշտօնական շփումների, իրազեկման, հարցերի բարձրացման համար։ Բայց խնդիրն այն է, որ ինչ էլ մենք ներկայացնենք միջազգային հանրութեանը, միեւնոյն է՝ շօշափելի առաջընթաց չենք ունենայ արցախցիների իրաւունքների պաշտպանութեան հարցում, քանի դեռ ՀՀ-ն պետականօրէն տէր չի կանգնում մեր իրաւունքներին, դեռ հակառակը՝ խանգարում է»,– շեշտել է Արտակ Բեգլարեանը։

Share