Սիրանուշ Սահակեանը Լոս Անջելես է բերել Արցախի պատանդների ազատութեան պայքարը

Սիրանուշ Սահակեանը Լոս Անջելես է բերել Արցախի պատանդների ազատութեան պայքարը

ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ-ն համախմբում է համայնքը Արցախի հարցի շուրջ

Բըրբենքում ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտէի հովանաւորութեամբ կայացած հանրային հանդիպմանը Հայկական արդարադատութեան եւ մարդու իրաւունքների իրաւական կենտրոնի գործադիր տնօրէնը համայնքին ներկայացրեց ՄԻԵԴ-ում քննուող գործերն ու արցախահայութեան վերադարձի իրաւունքի հարցը։ Սահակեանի այցի շրջանակում կայացել են նաեւ հանդիպումներ Կոնգրեսում, Գլենդէյլի քաղաքապետարանում, Ամերիկահայ թանգարանում եւ հայկական դպրոցներում։

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ — Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահանգների Կենտրոնական կոմիտէի հրաւէրով իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանն այս շաբաթ գտնւում է Լոս Անջելեսում՝ առաջ մղելու Բաքւում պահուող հայ պատանդների ազատութեան եւ Արցախի բռնի տեղահանուած ժողովրդի իրաւունքների համար իրաւական ու քաղաքական պայքարը։

Հայկական արդարադատութեան եւ մարդու իրաւունքների իրաւական կենտրոնի գործադիր տնօրէն Սահակեանը, որը Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում ներկայացնում է հայ կալանաւորների շահերը, Լոս Անջելես է ժամանել Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի՝ Կապիտոլիումում կազմակերպած ծրագրում գլխաւոր բանախօսի կարգավիճակով հանդէս գալուց յետոյ։ Ծրագիրը նուիրուած էր Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտման երրորդ տարելիցին։ Լոս Անջելեսում նրա ծրագիրը համատեղել է համայնքային իրազեկումը, քաղաքացիական շահերի պաշտպանութիւնն ու նոր սերնդի հետ աշխատանքը, իսկ առաջիկայում նախատեսուած են նաեւ այլ հանրային միջոցառումներ։

Հանրային հանդիպում Բըրբենքում

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 22-ի երեկոյեան, համայնքի անդամները լցրել էին Բըրբենքի Բեշիր Մարտիրոսեան Երիտասարդական Կենտրոնը՝ մասնակցելու ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ-ի կազմակերպած հանրային հանդիպմանը։ Հանդիսավար Անի Բեդեանը բացել է ծրագիրը։ ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Լեւոն Պարոնեանը կազմակերպութեան անունից հանդէս է եկել ողջոյնի խօսքով։

Պարոնեանը շնորհակալութիւն է յայտնել Սահակեանին Ադրբեջանում պահուող հայ գերիների, այդ թւում՝ Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարութեան ներկայացուցիչների պաշտպանութեան ուղղութեամբ նրա աշխատանքի համար եւ յստակ ձեւակերպել Դաշնակցութեան ուղերձը՝ «Արցախը գոյութիւն ունի»։

Նա ընդգծել է, որ այս հաստատումը չի կարող մնալ սոսկ կարգախօս։ Այն ամէնօրեայ պարտաւորութիւն է՝ աշխատելու գերիների ազատութեան համար, պաշտպանելու Արցախի ժողովրդի իրաւունքները, վերադարձի իրաւունքը պահելու ազգային օրակարգում եւ թոյլ չտալու, որ բռնի տեղահանութիւնը ջնջի ժողովրդի կապն իր հայրենիքի հետ։

Նրա խօսքով՝ Սփիւռքի հաստատութիւնները գոյութիւն ունեն հայ ժողովրդին ծառայելու եւ ոչ միայն սեփական գոյութիւնը պահպանելու համար, իսկ այդ պարտականութիւնն աւելի է ծանրացել այն պայմաններում, երբ Հայաստանի կառավարութիւնը Արցախի հարցը համարում է փակուած։

«Երբ պաշտօնական Հայաստանը հրաժարւում է Արցախի հարցից, Սփիւռքի եւ նրա կառոյցների պատասխանատուութիւնն աւելի է մեծանում, եւ մեր ջանքերը պէտք է կրկնապատկուեն ու եռապատկուեն»,– ասել է պարոնեանը։

Նա անդրադարձել է տեղահանուած արցախցի ընտանիքներին աջակցելու ՀՕՄ-ի եւ ՀՄԸՄ-ի շարունակուող աշխատանքներին, կենտրոնական կոմիտէի համակարգմամբ կազմակերպուած դպրոցական այցելութիւններին, կիրակի նախատեսուած՝ պատանդների իրաւական պաշտպանութեան համար դրամահաւաքին, ինչպէս նաեւ ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ-ի Երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ նոյեմբերի 8-ին Գլենդէյլում կայանալիք հանրահաւաքին՝ նոյն ուղերձով՝ Արցախի հարցը փակուած չէ։ Արցախը գոյութիւն ունի։

Այնուհետեւ Սիրանուշ Սահակեանը մանրամասն ներկայացրել է պատանդների շահերի պաշտպանութեան համար կիրառուող միջազգային եւ տարածաշրջանային իրաւական ուղիները, այդ թւում՝ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում քննուող գործերը։ Նա անդրադարձել է հայ կալանաւորների պահման պայմաններին, պատասխանատուութեան ապահովման ուղղութեամբ աշխատանքներին եւ Արցախի ժողովրդի, ներառեալ՝ հայրենիքից բռնի տեղահանուածների իրաւունքների պաշտպանութեան շարունակուող իրաւական պայքարին։ Դրան յաջորդել է բովանդակային հարցուպատասխան։

Ծրագիրն աւարտուել է Արցախի թեմի երկարամեայ նախկին առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի օրհնութեան խօսքով։

Քաղաքացիական հանդիպումներ եւ հաստատութիւնների այցելութիւն

Երեքշաբթի օրը Սահակեանը հանդիպել է նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Լորա Ֆրիդմանի (Կալիֆորնիայի 30-րդ ընտրատարածք) հետ։ Նրան ուղեկցել են Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Արեւմտեան շրջանի վարչութեան անդամ, փաստաբան Լարա Երիցեանը, գործադիր տնօրէն՝ Ռուբէն Կարապետեանը եւ Անդրանիկ Աբոյեանը։ Պատուիրակութիւնը բարձրացրել է Բաքւում պահուող հայ պատանդների, բռնի տեղահանուած արցախահայերի իրաւունքների եւ ԱՄՆ-ի շարունակական ներգրաւուածութեան անհրաժեշտութեան հարցերը։

Նոյն օրը նա հանդիպել է Գլենդէյլի քաղաքապետ Արդի Արտաշէս Քասախեանի հետ, ապա Գլենդէյլի քաղաքային խորհրդում ներկայացրել հայ պատանդների վիճակը։ Քաղաքապետ Քասախեանը ողջունել է Սահակեանին եւ արտայայտել քաղաքի մտահոգութիւնը ադրբեջանական բանտերում գտնուող հայերի վերաբերեալ՝ վերահաստատելով աջակցութիւնը նրանց անյապաղ ազատ արձակման եւ բռնի տեղահանուած արցախահայերի՝ հայրենիք վերադառնալու իրաւունքին։ Սահակեանը ներկայացրել է ՄԻԵԴ-ում իրականացուող իրաւական աշխատանքները։ Քաղաքային խորհրդի անդամ Էլէն Ասատրեանը եւս աջակցութիւն է յայտնել Հայկական իրաւական կենտրոնի աշխատանքներին։

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 21-ին, Սահակեանն այցելել է Հայ-Ամերիկյան թանգարան, որտեղ գործադիր նախագահ Պերջ Կարապետեանը հիւրընկալել է պատուիրակութեանը եւ ներկայացրել թանգարանի ապագայ շէնքը։ Այցի ընթացքում քննարկուել են Արցախի պատմութիւնն ու նրա ժողովրդի փորձառութիւնները։ Սահակեանին ուղեկցել են Իրաւական Կենտրոնի վարչութեան անդամներ, փաստաբաններ՝ Սթիւ Դադայեանն ու Արմէն Յովհաննիսեանը, որը նաեւ Հայ Մշակութային Հիմնարկութեան ներկայացուցիչն է թանգարանի Հոգաբարձուների խորհրդում։

Դպրոցական այցելութիւններն ու առաջիկայ ծրագիրը

Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ին, Սահակեանն այցելել է Վահան եւ Անուշ Շամլեան ազգային վարժարան՝ հանդիպելով աշակերտների հետ Կենտրոնական կոմիտէի համակարգած դպրոցական ծրագրի շրջանակում, որի նպատակն է Արցախի հարցը կենդանի պահել նոր սերնդի գիտակցութեան մէջ։

Հինգշաբթի նախատեսուած են այցելութիւններ Ռոզ եւ Ալեքս Փիլիպոս ազգային վարժարան եւ Սրբոց Նահատակաց Ֆերահեան երկրորդական վարժարան, իսկ ուրբաթ՝ ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարան։

Հինգշաբթի՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 17։30-ին, Կալիֆորնիայի Համալսարանի Լոա Անջելեսի (UCLA) Իրաւաբանական դպրոցի 1347 սրահում Սահակեանը կը ներկայացնի «Ներսից հայեացք․ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայ քաղաքացիական ղեկավարութեան դէմ գործերի վերլուծութիւն» խորագրով զեկոյցը։ Ծրագիրը հիւրընկալում է UCLA-ի Իրաւաբանական դպրոցի Promise Institute for Human Rights-ը՝ Հայ իրաւաբանական միութեան, Հայկական արդարադատութեան եւ մարդու իրաւունքների իրաւական կենտրոնի, UCLA-ի Promise Armenian Institute-ի, UCLA-ի Հայ իրաւաբան ուսանողների միութեան եւ ANCA-ի Արեւմտեան շրջանի համակազմակերպմամբ։ Մուտքն ազատ է, նախնական գրանցումը՝ ցանկալի։

Կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 17։00-ին, Գլենդէյլի Կարամանուկեան երիտասարդական կենտրոնում՝ 211 W. Chestnut Ave. հասցէում, կը կայանայ «Bring Them Home» դրամահաւաք-երեկոն՝ ի նպաստ Բաքւում բանտարկուած հայ պատանդների իրաւական պաշտպանութեան հիմնադրամի։ Սիրանուշ Սահակեանը կը լինի միջոցառման գլխաւոր հիւրը։

Իրաւական խորապատկերը

Սահակեանի՝ Լոս Անջելեսում անցկացուող ծրագրերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ նրա միջազգային իրաւական գործերի ծաւալն աճում է։ Անցեալ ամիս նա Մարդու իրաւունքների եւրոպական դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում պահուող 15 հայերի, այդ թւում՝ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարների իրաւունքների խախտումների վերաբերեալ։

Դրան նախորդել էր առանձին գանգատ Արցախի նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանի գործով, որը դատապարտուել է 20 տարուայ ազատազրկման՝ այնպիսի դատավարութիւնից յետոյ, որը Սահակեանը բնութագրել է որպէս հիմնովին ոչ լեգիտիմ։

Նա նախազգուշացրել է, որ բանտարկեալները պահւում են «բացարձակ մեկուսացման» պայմաններում՝ առանց հարազատների, անկախ բժիշկների կամ փաստաբանների, հիւպատոսական ներկայացուցիչների կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի հետ անմիջական շփման հնարաւորութեան։

Հայկական արդարադատութեան եւ մարդու իրաւունքների իրաւական կենտրոնը վերահաստատել է իր յանձնառութիւնը՝ օգտագործելու իրաւական բոլոր հասանելի միջոցները՝ յանուն ազատութեան, արդարութեան, պատասխանատուութեան եւ Արցախի ժողովրդի՝ իր հայրենիք վերադառնալու իրաւունքի։

ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտէի համար շաբաթուայ ուղերձը մնում է Բըրբենքի ամբիոնից հնչած նոյն հաստատումը՝ Արցախը գոյութիւն ունի, եւ քանի դեռ նրա ժողովրդի իրաւունքները, վերադարձի իրաւունքն ու գերիների ճակատագիրը մնում են չլուծուած, շարունակւում է նաեւ Սփիւռքի պատասխանատուութիւնը։

Share