«Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը

«Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը հանդէս եկաւ մամուլի ասուլիսով։

Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը եւ պատասխանեց լրագրողների հարցերին։

Նիկոլ Փաշինեանն իր վարած արտաքին քաղաքականութեամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր, ասաց Իշխան Սաղաթելեանը՝ արձագանգելով Բաքուից հնչող յայտարարութիւններին, թէ «հայկական կողմը Դադիվանքից մշակութային արժէքներ է գողացել»։

«Ադրբեջանը շարունակում է խեղաթիւրել իրականութիւնը եւ միջազգային հանրութեանը հայկական պատմամշակութային ժառանգութիւնը ներկայացնում է աղուանական, ալբանական կամ այլ երկրի։ Դա մէկ պատճառ ունի՝ որպէսզի խուսափի էթնիկ զտման պատասխանատուութիւնից։ Դրա համար փորձում է վերացնել հայկական հետքը եւ ցոյց տալ, թէ Արցախը երբեք հայկական չի եղել։ Այդ հարցում Հայաստանի իշխանութիւնները շարունակում են օգնել, իրենց վարած քաղաքականութեամբ լուանալ Ալիեւի արիւնոտ ձեռքերը եւ լեգիտիմացնել մեր նկատմամբ տեղի ունեցած բռնի տեղահանումը»,– ասաց նա։

Խօսելով ԱԺ-ի կողմից ստեղծուելիք քննիչ յանձնաժողովի մասին, որն իբր քննելու է Հայ Առաքելական Եկեղեցում ստեղծուած ճգնաժամը՝ Իշխան Սաղաթելեանը յայտարարեց. «Սա Եկեղեցին վարկաբեկելու եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ արշաւի շրջանակներում պէտք է դիտարկել։ Սա հակաօրինական է, նման յանձնաժողովին մաս կազմելու ցանկութիւն չունենք»։

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի առաջնորդների, գործիչների կալանաւորմանը՝ Իշխան Սաղաթելեանն ասաց. «Տեսէք, նախ՝ ի՞նչ է տեղի ունեցել. ընտրութիւններին մասնակցած երեք հիմնական ընդդիմադիր միաւորների առաջին համարները կամ վարչապետի թեկնածուները գտնւում են անազատութեան մէջ։ Ու ոչ միայն առաջին համարները, վարչապետի թեկնածուները, այլեւ թիմերից բազմաթիւ անդամներ, օրինակ՝ մեր գործընկեր Արթուր Սարգսեանը, որը հիմա կարող էր նստած լինել իմ կողքին։ Բայց գիտէք՝ Արթուր Սարգսեանն անազատութեան մէջ է այսօր դատարանի այն պատճառաբանութեամբ, որ իր մանդատը շարունակական է. այսինքն՝ քանի որ եղել է ութերորդ խորհրդարանի պատգամաւոր եւ ութերորդ գումարման խորհրդարանը յաղթահարել է այդ անձեռնմխելիութիւնը, իններորդ գումարման խորհրդարանն այլեւս կարիք չունէր յաղթահարելու, քանի որ մանդատը շարունակւում է։ Եւ այս պատճառաբանութեամբ Ազգային ժողովի պատգամաւորը շարունակում է գտնուել անազատութեան մէջ, ինչպէս նաեւ մեր թիմակիցներն ու բազմաթիւ մարդիկ, ովքեր մասնակցել են վերջին ընտրութիւններին։ Այս իմաստով պէտք է յստակ արձանագրել՝ ընտրութիւններին մասնակցած երեք խոշոր, հիմնական ուժերի առաջին համարները կամ վարչապետի թեկնածուները գտնւում են անազատութեան մէջ։ Սա արդէն ամէն ինչի մասին ասում է, այստեղ չկայ իրաւական գործընթաց։ Սա ուղիղ բռնաճնշում է եւ մեզ պարտադրուած օրակարգի՝ Հայաստանին պարտադրուած օրակարգի իրականացում»։

Խօսելով Տիգրանաշէնի յանձնման մասին՝ Իշխան Սաղաթելեանը յայտարարեց. «Հիմա շատ է խօսւում Տիգրանաշէնի մասին, բայց ակնյայտ է, որ մինչեւ Տիգրանաշէնը այս իշխանութիւնը պատրաստւում է տարածքներ զիջել Տաւուշի հատուածում։ 2024 թուականին, երբ Տաւուշում յանձնւում էին այդ տարածքները, մեր երկրում շատ մեծ հակազդեցութիւն տեղի ունեցաւ։ Չկարողացանք կանխել, բայց այդ օրերին այդ դիմադրութիւնը շատ էական նշանակութիւն ունէր։ Նաեւ դա կանխելու համար են ընդդիմադիրները բանտում»։

Ըստ Իշխան Սաղաթելեանի՝ միակողմանի զիջումները չեն կանգնեցնում Ադրբեջանին, այլ, հակառակը, նոր պահանջների հող են նախապատրաստում։ Իշխան Սաղաթելեանի գնահատմամբ՝ գործող իշխանութեան քայլերը թուլացնում են Հայաստանի սահմանների պաշտպանունակութիւնը եւ ինքնիշխանութիւնը։ Իսկ Տիգրանաշէնը յանձնելով՝ պատերազմը ոչ թէ հեռացնում ենք, այլ մօտեցնում։ Այս ամէնին դիմագրաւելու համար ընդդիմութեան միաւորմանը նա այլընտրանք չի տեսնում։ Համախմբումը պէտք է տեղի ունենայ, իսկ այն ուժերը, որոնք խուսափում են համախմբումից, պէտք է հանրութեանը պատշաճ բացատրութիւն տան՝ ինչու»։

Մանրամասները՝ տեսանիւթում։

Share