Ա. Գրիգորեւ
Սիրիայի Արաբական Հանրապետութիւնում չեն հանդարտւում զանգուածային անկարգութիւնները, որոնք հրահրուել են շարժիչային վառելիքի գների կտրուկ բարձրացմամբ։ Սեպտեմբերի 13-ի երեկոյեան, համապատասխան որոշման ուժի մէջ մտնելուց անմիջապէս յետոյ, հարիւրաւոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ Հալէպի, Իդլիբի, Համայի, Դերաայի, Ռաքքայի, Դէյր էզ Զորի եւ Հասաքայի նահանգներում։ Յաջորդ օրը տասնեակ մարդիկ հաւաքուել են հիւսիսարեւելեան Հասաքա նահանգի Էշ-Շադդադի քաղաքի մօտակայքում՝ բողոքելու բենզալցակայաններում յայտնուած նոր գնապիտակների դէմ։ Համացանցում տարածուած տեսանիւթերում երեւում է, թէ ինչպէս են ակցիայի մասնակիցները վառում աւտոմեքենաների անուադողերը՝ զգացմունքային կերպով անվտանգութեան ուժերի աշխատակիցներին բացատրելով իրենց առօրեայ կեանքի դժուարութիւնները։ Ղամիշլիում ցուցարարները պահել են «Պահպանէք ժողովրդի ուժերը» եւ այլ բողոքի կարգախօսներով պաստառներ, իսկ միւսները վանկարկել են՝ «Մեր վառելիքը ժողովրդի համար է»։
Որոշ քաղաքներում ցուցարարները հրկիզել են աւտոմեքենաների անուադողերը եւ փակել կարեւորագոյն ճանապարհները, այդ թւում՝ Հասաքէն եւ Դէյր էզ Զորը միացնող մայրուղին՝ արգելափակելով նաւթամթերք տեղափոխող աւտոցիստեռնների անցումը։ Դամասկոսում երթուղայինների ուղեվարձը բարձրացել է մօտ 35-70%-ով, իսկ տաքսիների ուղեվարձը՝ 30-60%-ով՝ կախուած հեռաւորութիւնից։

Յիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ին էներգետիկայի նախարարութիւնը հրապարակել է նաւթամթերքի գների նոր ցանկը, որն ուժի մէջ է մտել յաջորդ օրը։ Դիզելային վառելիքի արժէքը բարձրացել է 40 տոկոսով՝ մէկ լիտրի համար հասնելով 175 սիրիական ֆունտի (1,31 դոլար), իսկ բենզինը թանկացել է մօտ 28 տոկոսով։
Ընթացիկ ակցիաներն առաւել մարդաշատ են դարձել 2024-ի դեկտեմբերին նախագահ Բաշար Ասադի տապալումից յետոյ, գրում է Al Monitor-ը՝ յիշեցնելով 2025 թուականի սկզբին հարաւային Էս-Սուվէյդա նահանգում դրուզների եւ նոյն տարուայ գարնանը Լաթաքիայի ափամերձ նահանգում ալաւիների ելոյթների մասին, որոնց պատասխանը ջարդերն ու զանգուածային սպանութիւններն էին։ Ներկայիս բողոքի ակցիաները պայմանաւորուած են ոչ թէ էթնօ-կրօնական հակասութիւններով, այլ կեանքի արժէքի աճով՝ ընդգրկելով երկրի զգալի մասը։ Տրանսպորտային ծախսերի աճը յանգեցնում է աշխատուժի, գիւղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սպառողական ապրանքների տեղափոխման գնի բարձրացմանը, ինչը պոտենցիալ մեծացնում է գնային ճնշումն ամբողջ տնտեսութեան վրայ։
Իշխանութիւնները գների բարձրացումը բացատրում են նաւթամթերքի համաշխարհային արժէքի աճով եւ ներքին նաւթավերամշակման հզօրութիւնների կրճատմամբ՝ Բանիյասի նաւթավերամշակման գործարանի վերանորոգման ընթացքում (Սիրիայի խոշորագոյն նաւթավերամշակման գործարանը չի գործում յուլիսից)։ Գերատեսչութեան տուեալներով՝ ձեռնարկութիւնը փակ կը մնայ եւս մօտ երկու ամիս, ինչի պատճառով երկիրը ստիպուած կը լինի աւելացնել պատրաստի նաւթամթերքի ներմուծումը։

Էլեկտրաէներգիայի արտադրութեան ծաւալները կրճատուել են 80 տոկոսով․ զինուած հակամարտութեան տարիներին վնասուել է էլեկտրակայանների եւ էլեկտրահաղորդման գծերի աւելի քան 70 տոկոսը։ Բնակչութեան մօտ 90 տոկոսն ապրում է աղքատութեան շեմից ցածր։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի զեկոյցի համաձայն՝ 2011-2025 թուականներին երկրի ՀՆԱ-ի կորուստները գնահատւում են 800 միլիարդ դոլար։ Բնակչութեան երեք քառորդը կախուած է մարդասիրական օգնութիւնից եւ աջակցութեան կարիք ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահութիւնը, կրթութիւնը, սննդի եւ բնակարանների ապահովումը, ինչպէս նաեւ գործազրկութեան խնդիրների լուծումը։
Կառավարութիւնը, նախագահ Ահմեդ ալ-Շարաայի (ալ-Ջուլանի) գլխաւորութեամբ, ձգտում է վերականգնել էներգետիկ արդիւնաբերութիւնը, որը լրջօրէն տուժել է աւելի քան մէկ տասնամեակ տեւած պատերազմի եւ պատժամիջոցների հետեւանքով՝ փորձելով նուազեցնել կախուածութիւնը ներմուծումից, իսկ ինքը տպաւորիչ կերպով ներկայանում է տարբեր տեսակի միջազգային ֆորումներում եւ համաժողովներում։ Այսպէս, ելոյթ ունենալով Արաբական վերջին մեդիա-գագաթնաժողովում՝ Իդլիբի զինեալների նախկին առաջնորդը Սիրիան ներկայացրել է որպէս «անվտանգ առեւտրային միջանցք, որը կապում է Արեւելքն ու Արեւմուտքը»՝ տարածաշրջանում տեղի ունեցող ցնցումների խորապատկերին։ Ըստ SANA-ի՝ ալ-Շարաան յայտարարել է, որ մինչեւ տարեվերջ Սիրիայի տնտեսութեան ծաւալը պէտք է հասնի 50 միլիարդ դոլարի (2025-ին այն կազմել է 32 միլիարդ, 2024-ի վերջին՝ «Ասադի ռեժիմի» անկման պահին՝ մօտ 20 միլիարդ դոլար)։
Հորմուզի նեղուցում եւ Կարմիր ծովում ճգնաժամերի համապատկերին Սիրիայի՝ որպէս առեւտրային միջանցքի ներուժի նկատմամբ Էմիրութիւնների հետաքրքրութիւնը յայտնի է եւ բաւականին տեսանելի էր դեռեւս Դամասկոսի նախկին իշխանութիւնների օրօք։ Մայիսին տեղի է ունեցել Սիրիա–ԱՄԷ առաջին ներդրումային համաժողովը։ Յունիսին երկու երկրների պաշտօնեաները հանդիպել էին Դամասկոսում՝ քննարկելու մի շարք նախագծեր, այդ թւում՝ տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որը Միջերկրական ծովում սիրիական նաւահանգիստները կը կապի իրաքեան Ումմ Քասր նաւահանգստի եւ ԱՄԷ Խալիֆա նաւահանգստի հետ։ Իսկ օգոստոսի վերջին ԱՄԷ-ում տեղակայուած Arada կառուցապատող ընկերութիւնը Դամասկոսում 7 միլիարդ դոլար արժողութեամբ բազմաֆունկցիոնալ նախագծի իրականացման մասին համաձայնագիր է ստորագրել։
Սակայն ներքաղաքական անկայունութիւնն ու հերթական իրարանցումը կարող են մեծ հարցականի տակ դնել առկայ ամբիցիոզ ծրագրերը։ «Իսլամիստներն իշխանութեան են եկել երկրում տնտեսութիւնը վերականգնելու եւ Ծոցի երկրներից ներդրումներ ներգրաւելու խոստումներով։ Բայց մէկուկէս տարուայ ընթացքում ապրանքների գները հինգ անգամ աճել են, իսկ դիզելային վառելիքը միայն փետրուարից թանկացել է աւելի քան երկու անգամ»,— գրում է արեւելագէտ Իգոր Դիմիտրիեւը՝ կանխատեսելով, որ Սիրիայում սկսուած անկարգութիւնները կարող են տարածուել նաեւ տարածաշրջանի այլ երկրների վրայ։
«Սիրիան պարզապէս ամենաթոյլ օղակն է խնդրայարոյց պետութիւնների շղթայում։ Հասկանալի է՝ աւերուած տնտեսութիւն ունեցող երկիր է, իսկ բնակչութիւնը՝ կատաղած։ Բայց պատճառները, որոնք ապակայունացնում են Սիրիան, ընդհանուր են գրեթէ ամբողջ Գլոբալ Հարաւի համար։ Ցորենը թանկացել է մօտ մէկ քառորդով, ազոտական պարարտանիւթերի արտադրութիւնը կախուած է գազի գնից, դիզելային վառելիքի գինն աճում է, դրա հետ մէկտեղ լոգիստիկ ծախսերը գերակայում են միմեանց վրայ։ Սեւ ծովի փակումից յետոյ պէտք է նոր մատակարարներ փնտրել։ Եգիպտոս՝ 120 միլիոն բնակչութիւն, նրանց կէսից աւելին ստանում է սոցիալական հաց։ Եմէն՝ 44 միլիոն, Պակիստան՝ 259 միլիոն, Բանգլադեշ՝ 177 միլիոն, Աֆղանստան՝ 45 միլիոն, որից տասնչորսն արդէն սովամահ են լինում։ Յետոյ գալիս է Սահելը՝ Մալի, Նիգեր, Չադ, Սուդան։ Ընդհանուր թիւը միլիարդ մարդու է հասնելու, եւ ամենուր պատկերը նոյնն է՝ մեծաքանակ երիտասարդ բնակչութիւն, կառավարութիւն՝ առանց սուբսիդաւորման գումարի, թանկացած հաց, որը դեռ պէտք է ինչ-որ տեղից ձեռք բերել։ Ամէն ինչ կարող է պայթել»՝ 2011-ի «Արաբական գարնան» սցենարով։
Թերեւս վառելիքային եւ պարենային ճգնաժամի հետագայ խորացման դէպքում (իսկ հակադիր միտումներ դեռեւս չեն նկատւում), տարածաշրջանում կարող են իսկապէս լուրջ ցնցումներ տեղի ունենալ։ Դրանք յղի են դէպի հիւսիս՝ Եւրոպա եւ յետխորհրդային երկրներ ձգուող միգրացիոն հոսքերով՝ չբացառելով Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի այն պետութիւնները, որոնք սկզբունքօրէն նոր մարտահրաւէրների առջեւ են կանգնած։
Թարգմանութիւնը՝ ԳՄ-ի
