Կարգավիճակը մեզ հնարաւորութիւն է տալիս, որ մենք գոնէ մեր էութիւնը, հողի, ունեցուածքի պատկանելիութիւնը կարողանանք դրանով ամրապնդել. վաղը կը լինի հնարաւորութիւն, կը գայ մի լաւ օր, Ադրբեջանը կը վերանայ, կարող է երկրաշարժ լինի, ջրհեղեղ լինի, ինչ-որ բան էդ երկրի հետ լինի, որ մենք կարողանանք մեր իրաւունքների, մեր կարգավիճակի հիման վրայ յետ վերադառնալ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ-ի դիմաց արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Վերածնուող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայէլեանը։
«Մենք այդ հողի տէրն ենք, Արցախը հայկական է, Արցախի հիմնախնդիրը ոչ մէկը իրաւունք չունի փակելու, ժողովրդի անունից ոչ մէկն իրաւունք չունի խօսելու։ Մենք այսօր, որ Արցախի անունից խօսում ենք, մեր ժառանգներն են, մեր անցեալներն են փոխանցել այդ իրաւունքը մեզ։ Այդ իրաւունքին այսօր մենք տէր ենք, որ յետոյ փոխանցենք մեր ապագայ սերունդներին։
Արցախի պետականութեան ինստիտուտը կարեւոր ինստիտուտ է, մենք չպիտի հրաժարուենք դրանից։ Այո, պարտուել ենք, պարտութեան են տարել, բայց հազարամեայ տարիների պատմութիւն ունեցող ազգը պիտի ինքն իրեն այնպէս դրսեւորի, որ այդ նոյն հազարամեայ տարիների պատմութիւնը շարունակականութիւն ունենայ։
Հիմա ես ԱԺ ֆրակցիաների ղեկավարներին խնդրում եմ՝ գան մեզ հետ հանդիպելու, մեր պահանջները ներկայացնելու եւ լսումներ կազմակերպելու»,– ասաց նա։
Արցախցիների պահանջին արձագանգեցին «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» խմբակցութիւնների պատգամաւորները։
Արթուր Խաչատրեանն ու Լիլիթ Գալստեանն արցախցիների հետ հանդիպմանը նշեցին, որ տեղի ունեցող գործընթացները միայն Արցախի թեման չեն, եւ Ադրբեջանը շուտով անցնելու է Հայաստանի եկեղեցիներին։
Արթուր Խաչատրեանն Անաստաս Իսրայէլեանին հրաւիրեց սեպտեմբերի 23-ին ԱԺ-ում կազմակերպուող լսումներին։
Արցախցիների հետ հանդիպման դուրս եկան նաեւ «Ուժեղ Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները՝ Նարեկ Կարապետեանի գլխաւորութեամբ։
Անաստաս Իսրայէլեանը Նարեկ Կարապետեանին ներկայացրեց արցախցիների սոցիալական վիճակը՝ նշելով, որ երեք տարի անց այնպիսի իրականութիւն է, որ կարծես արցախցիները նոր են տեղահանուել։
«Ազգային ժողովում լսումներ կազմակերպէք, որ բարձրաձայնենք մեր հարցերը»,– ասաց նա։
Խորհրդարանական ընդդիմութիւնը խոստացաւ լսումներ կազմակերպել ԱԺ-ում՝ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան հարցերով։
