Ոնց կարելի է խօսել քաղաքական ուժի վերացման մասին ու ծափահարութիւններ հնչեն

Ոնց կարելի է խօսել քաղաքական ուժի վերացման մասին ու ծափահարութիւններ հնչեն

ՔՊ-ական պատգամաւոր Արման Եղոյեանը բառիս բուն իմաստով ֆաշիստական, թուրք-ֆաշիստական յայտարարութեամբ հանդէս եկաւ՝ խօսելով այն մասին, որ պէտք է արմատախիլ անել Դաշնակցութիւնը եւ նոյնիսկ մատով ցոյց տուեց մեր շարքերի ամենաերիտասարդ պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանին՝ ասելով, որ վերջին դաշնակցականը նա պէտք է լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։

«Առաջին զուգահեռը, որ գնաց, Թալէաթի յայտնի միտքն էր, որ ցեղասպանութեան մեծագոյն հեղինակներից մէկն էր, որն ասում էր՝ մէկ հայ պէտք է լինի, այն էլ՝ թանգարանում, որը յետոյ պատճէնեց Հիտլերը։ Դուք պատկերացնո՞ւմ էք ԱԺ-ի բարոյականութիւնը, քաղաքական մտքի ճողուածքը ինչ մակարդակի է հասել, որ մարդը, ով եղել է եւրաինտեգրման յանձնաժողովի նախագահը, մարդիկ, որոնք խօսում են եւրոպական արժէքներից, ժողովրդավարութիւնից, հանդուրժողականութիւնից, էթիկայից եւ այլն, խօսում են ֆաշիստական բառապաշարով, խօսում քաղաքական հարթակից։

Աւելի քան ակնյայտ է, որ ինչպէս ՀՀ Սահմանադրութիւնն է այսօր գրւում Բաքւում եւ համադրւում Թուրքիայի հետ, նոյն կերպ սա այն օտարածին, թուրք-ադրբեջանական օրակարգն է։ Ճիշտ այնպէս, ինչպէս Բաքուն իր կոլեգաների հետ հասաւ նրան, որ ցեղասպանութեան ճանապարհով էթնիկ զտման ենթարկեց Արցախի Հանրապետութիւնը։ Սա քաղաքական զտման յստակ վարքի արտայայտութիւն էր։ Պայքար Դաշնակցութեան եւ այն բոլոր, ես կ՚ասեմ նաեւ՝ քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր ունեն հայրենիքի, պետականութեան, ազգային եւ համահայկական շահերի յանձնառութիւն։

Չհասկանալ կամ չուզենալ, ուրանալ, չտեսնել Դաշնակցութեան աներեւակայելի պատմական առաքելութիւնը, Դաշնակցութիւնը, որը հայ ժողովրդին պետականութիւն է տուել, Դաշնակցութիւն, որը Առաջին Հանրապետութեան հիմնադիրն է, որը կարողացել է խորհրդային ամենադաժան տարիներին, կարողացել է ցեղասպանութիւնից յետոյ կազմակերպել Սփիւռք, հայկական ինքնութիւն, հայկական կրթական, մշակութային, բարեսիրական համակարգ, որը այսօր Սփիւռքի հայադէմ նկարագրի գլխաւոր քաղաքական ուժն է, յանկարծ խօսել դաշնակցականութիւնը՝ որպէս գաղափարախօսութիւն վերացնելու մասին… Աւելի թշնամական պատկեր, աւելի թշնամական նարատիւներ դժուար էր պատկերացնել։

Արման Եղոյեանը եւ իր ամբողջ քաղաքական թիմն այդ խօսքից անմիջապէս յետոյ ծափերով ողջունեց, դա ֆաշիստական խունտա է, ո՞նց կարելի է ժողովրդավարական երկրում խօսել քաղաքական ուժի եւ նաեւ անհատական վերացման մասին եւ յետոյ արժանանալ ծափահարութիւնների։ Բայց սա քաղաքական նկարագիր է»,– յայտարարեց Լիլիթ Գալստեանը՝ յաւելելով, որ փաստօրէն խօսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է։

«Նրանք ուղիղ հրահանգներ են ստանում Բաքուից՝ չէզոքացնել, փակել, հիմա արդէն տեսանք, որ ֆաշիստական յանձնառութիւն ունեն վերջին դաշնակցականը թողնելու, բայց Դաշնակցութիւնն իր 136-ամեայ պատմութեան ընթացքում արման եղոյեաններ է տեսել, ՔՊ-ներ է տեսել, ֆաշիստական եւ այլ տեսակի ռեժիմներ է տեսել, բոլշեւիզմ է տեսել։ Որեւէ բոլշեւիկեան, ֆաշիստական ձեռագրով հնարաւոր չէ յաղթել Դաշնակցութեանը, որովհետեւ Դաշնակցութիւնը կուսակցութիւնից անդին գաղափարախօսութիւն է, հայկական գաղափարախօսութիւն է։ Դաշնակցութեան գաղափարախօսութիւնը չի կարելի սպանել։ Սա իրենց, այսպէս կոչուած, խաղաղութեան համաձայնագրի դրսեւորումներից մէկն է։ Ես տպաւորութիւն ունէի, թէ Արման Եղոյեանը թւում է, թէ Բաքւում Ալիեւը նստած ուղիղ եթերով նայում է եւ ասում՝ ապրի Արման Եղոյեանը, մեր ծրագիրը յուսալի ձեռքերում է»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամաւորը՝ յաւելելով, որ սա պիտի էթիկայի յանձնաժողովի քննարկման առարկայ դառնայ։

Մանրամասները՝ տեսանիւթում։

Share