ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնութեան թեւեր»-ի անդամ Դաւիթ Անանեանը գրում է․
«Ես դաշնակցական չեմ։ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան վերջին տարիների գործունէութեան եւ որոշ քաղաքական որոշումների նկատմամբ ունեմ վերապահումներ։ Բայց դա ինձ չի խանգարում յստակ արձանագրել, որ աւելի քան 135 տարուայ պատմութիւն ունեցող այս կուսակցութեան ներդրումը հայ ինքնութեան պահպանման, ազգային գաղափարների շուրջ համախմբման եւ յատկապէս Սփիւռքում հայկական կազմակերպուած կեանքի շարունակականութեան ապահովման գործում համարում եմ անգնահատելի։ Նրա պատմութեան հակասութիւնները չեն ջնջում այդ վաստակը։
Ազգային ժողովի ամբիոնից Արման Եղոյեանի՝ դաշնակցականութիւնն արմատախիլ անելու եւ Քրիստինէ Վարդանեանին վերջին դաշնակցականը տեսնելու յայտարարութիւնը քաղաքական այլակարծութեան մերժման բացայայտ դրսեւորում է։ Երբ իշխանութեան ներկայացուցիչը որեւէ քաղաքական աւանդոյթի վերացումը ներկայացնում է որպէս Հայաստանի յարատեւութեան նախապայման, նա այդ աւանդոյթի կրողներին հռչակում է պետականութեան համար վտանգ։ Այդտեղից քաղաքական բացառումից մինչեւ հալածանքի ճանապարհը վտանգաւոր կերպով կարճանում է։
Յայտարարութեան ծանրութիւնը չի վերանում այն պարզաբանմամբ, թէ խօսքը ֆիզիկական վերացման մասին չէր։ Քաղաքական անհանդուրժողականութիւնն սկսւում է նաեւ այն պահից, երբ մարդկանց ասւում է՝ ձեր համոզմունքներով դուք տեղ չունէք ձեր երկրի ապագայում։ Իսկ ելոյթի ոճից հեռաւորութիւն պահելով՝ դրա բովանդակութեանը համաձայնելը միայն խորացնում է խնդիրը։
Այս ելոյթը պէտք է դիտարկել իշխանութեան աւելի լայն քաղաքական վարքագծի շրջանակում՝ Հայ Առաքելական Եկեղեցու դէմ պայքարի, ազգային գաղափարների արժեզրկման, Հայաստան–Սփիւռք կապի թուլացման եւ արցախահայութեան իրաւունքների օրակարգից նահանջի համատեքստում։ Այս ուղղութիւնները միասին բացայայտում են ազգային ինքնութեան կազմակերպուած յենարանները թուլացնելու քաղաքական տրամաբանութիւն։ Արցախահայութեան՝ միջազգային երաշխիքներով հայրենիք վերադառնալու իրաւունքն էլ այդ համատեքստում մարդկային հիմնարար իրաւունք է, որի պաշտպանութիւնից հրաժարումը չի կարելի ներկայացնել որպէս խաղաղասիրութիւն։
Դաշնակցութեան դէմ այս թշնամանքը նաեւ արտաքին քաղաքական իմաստ ունի։ Հայկական պահանջատիրութիւնը, Սփիւռքի կազմակերպուած ներուժն ու հայկական շահերի միջազգային պաշտպանութիւնը հակազդում են Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանութիւնների հակահայկական քաղաքականութեանը։ Այդ ներուժի ներսից վարկաբեկումն ու թուլացումը գործնականում նպաստում են նրանց նպատակներին։ Հէնց այս հետեւանքների պատճառով իշխանութեան վարքագիծը քաղաքականապէս պէտք է գնահատուի որպէս արտաքին շահերին ենթարկուած, իր էութեամբ՝ խամաճիկային։
ՀՅԴ-ին կարելի է քննադատել, նրա հետ կարելի է սկզբունքային չհամաձայնել, նոյնիսկ՝ պայքար մղել՝ մերժելով նրա որոշումները։ Բայց որեւէ իշխանութիւն իրաւունք չունի իրեն վերապահել հայ քաղաքական մտքի ընդունելի սահմանները որոշելու եւ իրեն ոչ յարմար աւանդոյթներն արմատախիլ անելու առաքելութիւն։ Հայաստանի ապագան մէկ կուսակցութեան գաղափարական սեփականութիւնը չէ։ Եւ Հայաստանի անունից խօսելու մանդատը որեւէ մէկին իրաւունք չի տալիս Հայաստանի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին»։
