«Ոչ մի անմեղ հանդիպում կամ ծանօթութիւն։ Ոչ մի ընկերական ձեռքսեղմում կամ լուսանկարուելու համար արուած ժպիտ։ Ոչ մի ժպտուն գրառում սոցիալական ցանցերում։ Այս ամէնը միտուած է պառակտմանը, նուաստացմանը, կործանմանը։ Միտուած է ծաղրելու հէնց այն հաւատքը, որը մեզ զօրավիգ է եղել հազարամեակներ շարունակ․․․
Մենք պարտաւոր չենք Կայսրին տալ այն, ինչն Աստծունն է (Մատթէոս 22․21), եւ երբեք չպէտք է հոգեւորը ստորադասենք աշխարհիկին։ Մենք երբեք չպէտք է զոհաբերենք Աստծուն պատկանողը Կայսրի խորանի առջեւ։ Հայ հաւատացեալների համար սա պէտք է լինի խիստ անանցանելի սահմանագիծ, յստակ բարոյական սահման, որը մենք չենք հատելու»,- այս մասին գրում է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի ֆէյսբուքեան էջն ու ներկայացնում Հայ դատի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի ծաւալուն յօդուածը՝ նուիրուած Հայ Առաքելական Եկեղեցու դէմ ՀՀ իշխանութեան արշաւին, որը Yerkir.am-ը թարգմանաբար ներկայացնում է ստորեւ․
«Մինչ Փաշինեանը հետեւողականօրէն հալածում է Հայ Առաքելական Եկեղեցին՝ ծաղրելով մեր հաւատքը եւ նուաստացնելով հաւատացեալներին, նա միեւնոյն ժամանակ ցինիկաբար հոգեւոր առաջնորդների նկատմամբ իր ոտնձգութիւնները որպէս բեմական միջոց է օգտագործում՝ իր տեսանկարահանումների, ինքնագովազդի եւ սոցիալական ցանցերում հրապարակումների համար։
Հոգեւոր առաջնորդի իւրաքանչիւր նոր ձերբակալութեանը կամ եկեղեցական գոյքի բռնագրաւմանը յաջորդում է եւս մէկ անամօթ փորձ՝ ցոյց տալու, թէ իբր նա գործում է Եկեղեցու օրհնութեամբ։ Մի կառավարութիւն, որը գիշերը բանտարկում է եպիսկոպոսներին, իսկ ցերեկը լուսանկարւում նրանց կողքին, յիշեցնում է հէնց այն մասին, ինչի դէմ նախազգուշացրել էր Քրիստոսը՝ «ծեփած գերեզմաններ», որոնք դրսից գեղեցիկ են, բայց ներսից լի են ապականութեամբ (Մատթէոս 23։27)․ «Վա՜յ ձեզ, կեղծաւորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ նման էք գաջով սպիտակեցրած (ծեփած) գերեզմանների, որոնք արտաքնապէս գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամէն տեսակ պղծութեամբ»։
Հայ Եկեղեցու առաջնորդներին մեր հնագոյն հաւատքի նուաստացման գործընթացի մէջ ներքաշելու Փաշինեանի փորձերին պէտք է հակադարձել ուժով եւ համերաշխութեամբ՝ հոգեւորականների եւ աշխարհականների միասնութեամբ՝ ի պաշտպանութիւն առաքելական յաջորդականութեան մեր սրբազան ժառանգութեան եւ աշխարհի առաջին քրիստոնեայ ազգի Եկեղեցու հոգեւոր ինքնիշխանութեան։
Ինչպէս Յիսուսը քարոզեց Լեռան քարոզում. «Ոչ ոք չի կարող ծառայել երկու տիրոջ… Չէք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային», այնպէս էլ հայ հոգեւոր առաջնորդները չեն կարող ծառայել ե՛ւ Քրիստոսին, ե՛ւ Հայաստանի՝ գնալով աւելի հակաեկեղեցական դարձող իշխանութիւններին։ Նրանք պէտք է հետեւեն իրենց բարձրագոյն կոչմանը։
Ուժ առնելով մեր նախնիներից՝ Գրիգոր Լուսաւորչից ու Մեսրոպ Մաշտոցից մինչեւ Խրիմեան Հայրիկն ու Կոմիտասը, մեր իւրաքանչիւր հաւատացեալ՝ արքեպիսկոպոսից մինչեւ սպասաւոր, պէտք է ոտքի կանգնի միասնաբար՝ ինչպէս դա արել են մեզ նախորդած բոլոր սերունդները, երբ մեր հաւատքը վտանգի տակ էր։
Մենք տեսել ենք այդ քաջութեան օրինակները նոյնիսկ այսօր՝ Փաշինեանի կողմից հալածուող, հետապնդուող եւ բանտարկուած եկեղեցական առաջնորդների տոկունութեան մէջ։ Այդ քաջ անհատները կամովին զոհողութեան են գնացել յանուն Քրիստոսի հանդէպ իրենց հաւատարմութեան՝ սեփական ազատութեան գնով»։
