Ռազմական ղեկավարները Հեգսեթին զգուշացրել են Իրանի դէմ գործողութիւնները երկարաձգելու հետեւանքների մասին

Ռազմական ղեկավարները Հեգսեթին զգուշացրել են Իրանի դէմ գործողութիւնները երկարաձգելու հետեւանքների մասին

Իրանի պատերազմի 184-րդ օրը. ըստ հաղորդման՝ ռազմական ղեկավարները Հեգսեթին զգուշացրել են Իրանի դէմ գործողութիւնները երկարաձգելու հետեւանքների մասին

The Washington Post-ը կիրակի հաղորդել է, որ մի շարք բարձրաստիճան ռազմական ղեկավարներ ԱՄՆ պաշտպանութեան նախարար Փիթ Հեգսեթին զգուշացրել են, որ Իրանի դէմ գործողութիւնների երկարաձգումը կարող է թուլացնել Միացեալ Նահանգների պաշտպանական կարողութիւններն այլ ռազմաբեմերում։

Ըստ հաղորդման՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրաստիճան ծովակալը, ինչպէս նաեւ ԱՄՆ Եւրոպական հրամանատարութեան, Խաղաղովկիանոսեան հրամանատարութեան եւ Հարաւային հրամանատարութեան ղեկավարները դէմ են արտայայտուել Պարսից ծոցի տարածաշրջանում ուժերի տեղակայման ժամկէտների երկարաձգմանը։ Հրապարակումը վկայակոչել է օգոստոսի կէսերին կազմուած Պաշտպանութեան նախարարի հրամանների գրքին (Secretary of Defense Orders Book՝ SDOB) ծանօթ անձանց։ Փաստաթղթում մանրամասն ներկայացւում են ամերիկեան ռազմական միջոցների եւ անձնակազմի տեղաբաշխումը, զինուած ուժերի համար վարչակազմի առաջնահերթութիւնները, ինչպէս նաեւ ռազմական ղեկավարութեան դիտարկումները։

Ցամաքային զօրքերն ու ռազմաօդային ուժերը համաձայնել են երկարաձգել տեղակայումները՝ որոշ ստորաբաժանումների պարագայում մինչեւ 2027 թուականը, սակայն միաժամանակ մատնանշել են այլ ռազմաբեմերի համար առաջացող ռիսկերը՝ ռազմական միջոցներն այլ ուղղութիւններ տեղափոխելու հետեւանքով։ Այս հաղորդմանը նախորդել են մի շարք հրապարակումներ ամերիկեան սպառազինութեան պաշարների, մասնաւորապէս՝ հրթիռային կալանիչների եւ հեռահար բարձր ճշգրտութեան հրթիռների պաշարների սպառման մասին։ Երկարաձգուած տեղակայումները յատկապէս բացասաբար են անդրադարձել ռազմածովային նաւերում ծառայողների կենցաղային եւ ծառայողական պայմանների վրայ։

Իրանի գերագոյն առաջնորդ Մոջթաբա Խամենէին կիրակի, Մուհամմադ մարգարէի ծննդեան տարեդարձի առիթով, հանդէս է եկել յայտարարութեամբ՝ կոչ անելով ամրապնդել իսլամական աշխարհի միասնութիւնը։

«ԱՄՆ-ի յանցագործ ղեկավարները եւ անօրինական սիոնիստական վարչակարգը այս միասնութեան ու բարեկամութեան երդուեալ թշնամիներն են»,- գրել է նա։ «Նրանք միայն Իսլամական Հանրապետութեան, Իրանի ժողովրդի եւ Իսլամական դիմադրութեան լայն ճակատի թշնամիները չեն։ Նրանք թշնամանք են տածում ամբողջ իսլամական ումմայի, այդ թւում՝ Արեւմտեան Ասիայի եւ Հիւսիսային Աֆրիկայի ժողովուրդների նկատմամբ»։

Խամենէին փետրուարին պատերազմի բռնկումից ի վեր հանրութեան առջեւ չի երեւացել՝ նոյնիսկ այն բանից յետոյ, երբ մարտի 8-ին նշանակուել է պետութեան ղեկավար՝ փոխարինելով իր հանգուցեալ հօրը։

AAA-ի տուեալներով՝ սովորական բենզինի մէկ գալոնի միջին գինը Միացեալ Նահանգներում կազմել է 4.08 դոլար։

theamericanconservative.com

Share