Արմեն Իշխանեան․ «Բաքուի վրայ անհրաժեշտ ճնշում չի գործադրւում»

Արմեն Իշխանեան․ «Բաքուի վրայ անհրաժեշտ ճնշում չի գործադրւում»

Արմեն Իշխանեանի խօսքով՝ Բաքւում պահուող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործւում են Հայաստանի դէմ, եւ այդ հանգամանքը լրջօրէն հարցականի տակ է դնում իրական խաղաղութեան նկատմամբ Ադրբեջանի յանձնառութիւնը։

Քաղաքական կամքի առկայութեան դէպքում Եւրոպական Միութեան գործադիր իշխանութիւնը կարող է իրական ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ՝ հայ գերիների ազատ արձակման հարցում։ Այս մասին Եւրոպական խորհրդարանում «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկեալները եւ ԵՄ ներգրաւուածութեան հրամայականը» խորագրով համաժողովի ընթացքում յայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դաւիթ Իշխանեանի որդին՝ Արմեն Իշխանեանը։

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը աւելի վաղ տեղեկացրել էր, որ Պրիւքսէլում մեկնարկած համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահուող հայ պատանդների եւ քաղաքական բանտարկեալների իրավիճակի արդիական գնահատականը։

Արմեն Իշխանեանը նշել է, որ Եւրոպական խորհրդարանն ու Եւրոպական Միութիւնը միասնական դիրքորոշում չունեն հայ գերիների հարցում։

«Ցաւով նկատում ենք, որ Եւրոպական խորհրդարանի միանշանակ դիրքորոշումը էականօրէն չի արտացոլւում Եւրոպական Միութեան գործադիր իշխանութեան քաղաքական վարքագծում, եւ մենք Ադրբեջանի վրայ անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եւրոպական Միութեան գործադիր իշխանութեան կողմից»,– ասել է Արմեն Իշխանեանը։

Նա ընդգծել է, որ 1990-ական թուականներից իր հայրն ու այսօր Ադրբեջանում պահուող միւս հայ գերիները պայքարել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման համար։

«Արդէն աւելի քան 1,000 օր է՝ մենք ապրում ենք մշտական անհանգստութեան եւ ծանր ապրումների մէջ։ Ադրբեջանում իրականացուած կեղծ դատավարութեան արդիւնքում հայրս դատապարտուեց ցմահ ազատազրկման, սակայն կարծում եմ՝ կարիք չկայ կրկին անդրադառնալու այդ դատավարութեան շինծու բնոյթին… Փաստօրէն, միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներից մէկը՝ ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման իրաւունքի իրացման համար պայքարը, այսօր քրեականացւում է, իսկ այդ մարդկանց դատապարտող պետութիւնը խուսափում է պատասխանատուութիւնից»,– նշել է նա։

Իշխանեանն ընդգծել է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան շուրջ ընթացող բանակցութիւնները որեւէ կերպ չեն անդրադառնում հակամարտութեան մարդասիրական կողմին եւ չեն հանգեցրել հայ ռազմագերիների ազատ արձակմանը, մինչդեռ համաշխարհային պատմութեան մէջ գրեթէ բոլոր խաղաղութեան համաձայնագրերը նախեւառաջ ապահովել են գերիների վերադարձը։

«Մեր տանը հօրս սպասում են մայրս, քոյրս, եղբայրս եւ թոռնիկները։ Նրանց աշխարհընկալումը չի թոյլատրում հասկանալ, թէ ինչու իրենց պապիկն իրենց հետ չէ։ Մի քանի օր առաջ աղջկաս ծննդեան օրն էր։ Նրա համար ամենալաւ նուէրը պապիկի զանգն էր։ Երբ հարցրին, թէ ինչ նուէր է ուզում, ասաց, որ ուզում է, որպէսզի պապիկը վերադառնայ տուն»,– պատմել է Դաւիթ Իշխանեանի որդին։

Նա շեշտել է, որ Բաքւում պահուող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործւում են որպէս Հայաստանի նկատմամբ ճնշման միջոց, եւ այդ հանգամանքը լրջօրէն կասկածի տակ է դնում Ադրբեջանի յանձնառութիւնը իրական եւ տեւական խաղաղութեան նկատմամբ։

Share