Ատելութեան պիկապը եւ վաղուայ Հայաստանը

Ատելութեան պիկապը եւ վաղուայ Հայաստանը

Յայտնի Ատելութեան պիկապը(սրնթացը) ոնց որ Ռուանդայի տխրահռչակ ռադիոն լինի (հազար բլուրների ազատ ռադիո)։ Յիշեցնենք, որ Ռուանդայում ատելութեան քարոզը բերեց մարդկութեան պատմութեան ամենասարսափելի ողբերգութիւններից մէկին։

Էսքան ատելութիւն, թշնամանք, զրպարտութիւն, մեղադրանքներ, որ աջ ու ձախ տարածում է, ունենալու է այլանդակ հետեւանքներ։ Չորս կողմը լարուածութիւն ունեցող մեր երկրում գոնէ մի հատիկ կոնսոլիդացիոն միտք չհնչեց իշխանական պիկապից։

Հարամ արեց բոլոր ծրագրային քննարկումները, բանաւէճերը։ Առնուազն 4-5 ուժ ունէին լաւ գաղափարներ, լաւ ծրագրային առաջարկներ։ Դրանք խեղդուեցին ատելութեան յորձանուտում։ Որ ի՞նչ, էս ի՞նչ որակ է։ Իշխանական թիմը նոյնիսկ իր սեփական ռացիոնալ գաղափարները խեղդեց ատելութեան քարոզի մէջ։

Յունիսի 7-ից յետոյ ցանկացած իշխանութեան թիւ 1 խնդիրը պէտք է լինի երկրում մթնոլորտի փոփոխութիւնը, ներքին հաշտութեան պրոցեսը։ Ուրիշ ճանապարհ չկայ, միւս ճանապարհն ազգովի մղկտալն է լինելու՝ նոր փորձանքների ու աղէտների առերեսումից։ Բայց շատ շատ բարդ է լինելու։

Ենթադրենք՝ իշխանութիւնը մնում է։ Այսինքն՝ նա կառավարման մանդատ է ստանում «սատկացնելու եմ, բռնելու եմ, կզզցնելու եմ, խլելու եմ» օրակարգով։ Մենք ստանալու ենք որեւէ զարգացման անպիտան հանրային վիճակ՝ թշնամացած, պառակտուած։ Հասարակութեան առնուազն եօթանասուն տոկոսն իրեն օտար է զգալու։

Ենթադրենք՝ իշխանութիւնը փոխւում է։ Մենք ստանալու ենք «մէզ ուզում էին սատկացնել, բռնել, կզզցնել, խլել» մթնոլորտ եւ հոգեբանական այդ վիճակով հանրութիւն։
Հետեւաբար ու՞ր ենք գնում։ Ատելութեան պիկապները խեղդում են բոլոր ծրագրային քննարկումները, հետաքրքիր գաղափարները, կուտակուած հարցերի լուծման խելամիտ առաջարկները։

Էժանագին սլիւներով վտանգաւոր տրամադրութիւններ են ստեղծում, երկրի առաջին դէմքերը խոդորկովսկիների եւ նաւալնիների դեղին մամուլն են ցիտում, իսկ իրական կեանքում իրական լուրջ խնդիրներ են ստեղծում մարդկանց համար։

«Ու՞մ ես քուէարկելու» հողի վրայ արդէն իրար են դանակահարում, սպանում, հազարաւոր ընտանիքներ են կիսւում ու թշնամանում։ Որ ի՞նչ։
Այս տրամաբանութեամբ ու՞ր ենք գնում, ու՞ր ենք հասնելու։ Արդէն չգիտես՝ ում հետ քննարկէս նման հարցեր. երկրի չորս կողմը լարուածութիւն է, իսկ ներսում՝ աննորմալ դեգրադացիայ։

Այն կառոյցները, որոնք ի պաշտօնէ պարտաւոր էին սրա դէմն առնել, լուռ են եւ մասնակից ապօրինութիւններին։ Գիտակցո՞ւմ են արդեօք, որ դա սովորական «իշխանական հրահանգներ» չէն, այլ՝ ամբողջ հասարակութեան քայքայմանն ուղղուած գործողութիւններ եւ երկրի յետագայ զարգացումը վտանգող քայլեր ։ Այստեղ մեր հարցերն ուղղուած են մեր երկիրը հաւանաբար սիրող եւ երկրի հետ դեռեւս իրենց ապագան կապող մարդկանց։ Գիտակցում ե՞ք ինչ է կատարւում։

Վահէ Հովհաննիսեան

Share