«Ֆռիկներ»՝ Ալիեւի ասածն անելու համար

«Ֆռիկներ»՝ Ալիեւի ասածն անելու համար

Արամ Աբրահամեան
«Առաւօտ»

«Անկախութեան հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրուեց մեր այսօրուայ պետականութեանը»։ Այս՝ միանգամայն ճիշտ, անվիճելի պնդումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն արել է 2023 թուականի Օգոստոսի 23-ին՝ Հռչակագրի տարեդարձի կապակցութեամբ։ Դրանից 2,5 տարի անց Փաշինեանը յայտարարել է. «Անկախութեան հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդիւնքում կախուածութեան հռչակագիր է»։ Կախուածութիւն, ըստ երեւոյթին, «բարեկամ Ռուսաստանից», որն, ըստ նոյն իշխանութիւնների, մեր դէմ «հիբրիդային պատերազմ» է վարում։ Բայց դա՝ իմիջիայլոց։

Ինչն է դրդել Փաշինեանին 2,5 տարում այդքան կտրուկ՝ 180 աստիճանով փոխել կարծիքը ոչ թէ երկրորդական ինչ-որ խնդրի, այլ՝ հէնց մեր պետութեան հիմնադիր փաստաթղթի վերաբերեալ։ Կարելի է, իհարկէ, ենթադրել, որ նրան, ինչպէս Հին կտակարանի մարգարէներին, այցելել է աստուածային մի տեսիլք, եւ նա երկնքից հրահանգ էր ստացել՝ «ասա՛ քո ժողովրդին, որ Անկախութեան հռչակագիրը կոնֆլիկտի փաստաթուղթ է»։

Բայց, քանի որ ես այս միստիկ վարկածին չեմ հաւատում, այդ մետամորֆոզի միակ բացատրութիւնն այն է, որ նման պահանջ է Փաշինեանի առաջ դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Մնացածը լեզուի ճկունութեան կամ, աւելի կոպիտ ձեւակերպեմ՝ «ֆռիկների» հարց է։ Բնականաբար, բաւականաչափ ինտելեկտ կամ պատրաստուածութիւն չունեցող մարդիկ կը հաւատան, որ Անկախութեան հռչակագիրը 35 տարի կոնֆլիկտային չէր, եւ այդ մարդկանց կուռքը նոյնպէս այդպէս էր կարծում, իսկ յետոյ յանկարծ դարձաւ կոնֆլիկտային։

Նոյնը՝ Արարատ լեռը։ Տասնամեակներ շարունակ դա ազգային խորհրդանիշ էր, իսկ վերջին 2-3 տարիներին դարձեալ «կոնֆլիկտային» դարձաւ։ Եւ նոյն միամիտ մարդիկ դարձեալ կը հաւատան այն «ֆռիկին», որ ազգային խորհրդանիշը ենթադրում է հարեւան երկրի վրայ յարձակում։ Կամ՝ եթէ ես ասում եմ, որ Մեսրոպ Մաշտոցը դպրոց է բացել Ամարասի վանքում, դա Ադրբեջանի դէմ պատերազմի կոչ է։

Նիկոլ Փաշինեանը 2021-ին Հպարտ քաղաքացու անձնագիր էր բաժանում քաղաքացիներին, որի վրայ Հայաստանի քարտէզն էր Արցախի հետ միասին։ Հիմա նա կրծքանշան է բաժանում՝ առանց Արցախի։ Այսպէս որ շարունակուի, 2031-ի ընտրարշաւի ժամանակ նա Հայաստանի քարտէզ է բաժանելու առանց Սիւնիքի, ասելով՝ «բա ի՞նչ էք ուզում, ուզում էք, որ պատերա՞զմ լինի։ Փոխարէնը մենք անկախ ենք ու ինքնիշխան»։

Share