Յարութ Սասունեան
www.TheCaliforniaCourier.com
Վարչապետ Նիկոլ Փաշինեանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանն իր ֆեյսբուքեան էջում արձագանքել է իմ քննադատութեանը՝ նրա եւ նախկին դեսպան Լիլիթ Մակունցի Լոս Անջելես կատարած վիճահարոյց այցի վերաբերեալ։
Ահա իմ պատասխանը նրա անհիմն մեկնաբանութիւններին․
- Ես խորապէս զգացուած եմ, որ Յարութիւնեանը, լինելով Փաշինեանի գրասենեակի«քարտուղար», իր թանկարժէք ժամանակը նուիրել է իմ յօդուածին պատասխանելուն։ Ենթադրում եմ, որ նա ուրիշ անելիք չունի։ Քանի որ երկիրը այնքան լաւ է կառավարւում, որ իմ յօդուածը դարձել է նրա օրակարգի գլխաւոր հարցը…
- Իմ լուրջ քննադատութիւններին՝ կապուած այդ անճարակ զոյգի Լոս Անջելեսում ունեցած ձախողուածարկածախնդրութիւնների հետ, Յարութիւնեանը պատասխանել է անձնական վիրաւորանքներով, ինչը ցոյց է տալիս նրանց աղէտալի ուղեւորութեան համար որեւէ հիմնաւորման բացակայութիւնը։
- Յարութիւնեանն ինձ անուանել է «ամերիկեան լրատուական դաշտի ժամկէտանց սիւնակագիր»։
ա) Ուրախ եմ, որ Յարութիւնեանը տեղեակ է՝ ես լրագրող եմ, ինչն ապացուցում է, որ նա լիովին անիրազեկ չէ։
բ) Եթէ ես իսկապէս «ժամկէտանց» լրագրող լինէի, ինչո՞ւ էր Յարութիւնեանն իր ժամանակը վատնում անարժան սիւնակագրին պատասխանելու վրայ։ Ինչո՞ւ են աշխարհի տասնեակ թերթեր եւ կայքեր վերատպում իմ շաբաթական վերլուծութիւնները։ Բացի այդ, նա պէտք է իմանայ, որ Փաշինեանը համաձայն չէ իր գնահատականին՝ իմ լրագրողական կարողութիւնների վերաբերեալ։ 2019 թուականի ապրիլի 17-ին վարչապետն իր ֆեյսբուքեան էջում գրել էր, որ իմ թերթը՝ «Կալիֆորնիայ կուրիերը», «Սփիւռքի ամենահեղինակաւոր թերթերից մէկն է»։
գ) Յարութիւնեանը զուր էր պարծենում, թէ Լոս Անջելես կատարած մէկ ուղեւորութեամբ նա ջախջախել է Փաշինեանի իշխանութեան դէմ հնչող կեղծիքները։ Նա սխալւում է, քանի որ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս գրեթէ այլեւս չէն մնացել Փաշինեանի կողմնակիցներ։
դ) Եթէ Փաշինեանը Լոս Անջելեսում լայն աջակցութիւն ունէր, ապա ինչո՞ւ էին Յարութիւնեանն ու Մակունցն իրենց այցը գաղտնի պահում համայնքից՝ սահմանափակուելով միայն յատուկ ընտրուած փոքրաթիւ խմբի հետ հանդիպմամբ։
ե) Յարութիւնեանը յայտարարել է, որ Լոս Անջելես կատարած իրենց ուղեւորութեան ծախսէրը չէն վճարուել Հայաստանի կառավարութեան կողմից։ Նա ասաց, որ իրենք արձակուրդում են եղել։ Ես կասկածում եմ այս յայտարարութեանը, քանի որ Լոս Անջելես նրանց թռիչքների եւ հիւրանոցում մէկ շաբաթ մնալու արժէքը, հաւանաբար, մի քանի անգամ գերազանցում է նրանց ամսական աշխատավարձը։ Երկրորդ, նրանց յայտարարած ծրագիրը՝ ցրելու Փաշինեանի իշխանութեան մասին «սխալ տեղեկատուութիւնը», աւելի շատ նման է քաղաքական գործունէութեան, քան արձակուրդի։ Կասկածում եմ, որ նրանք գնացել են Դիսնեյլենդ կամ այցելել են այլ զբօսավայրեր։
զ) Եթէկառավարութիւնը չի վճարել նրանց ուղեւորութեան ծախսէրը, ապա նրանք թերեւս գտել էին մի օլիգարխի, որը կվճարեր իրենց համար։ Այդ դէպքում դրա մասին պէտք է յայտարարուեր Հայաստանի կառավարութեանը՝ որպէս նուէր։
է) Յարութիւնեանը յայտարարեց, որ ինքն ու Մակունցը չէն տեղեկացրել Հայաստանի գլխաւոր հիւպատոսին իրենց այցի մասին: Ինչպե՞ս կարող է Հայաստանի տեղական ներկայացուցիչը տեղեակ չլինել, որ վարչապետի երկու բարձրաստիճան պաշտօնեաները քաղաքում են: Հիմա արդէն պարզ է, թէ նա ինչու ներկայ չի եղել նրանց հանրային հանդիպումներից որեւէ մէկին…
ը) Յարութիւնեանը պատճառաբանեց, որ ինձ չէն հրաւիրել, քանի որ «կը հարամէի» նրանց հանդիպումները։ Եթէ Փաշինեանն այդքան ժողովրդականութիւն է վայելում Լոս Անջելեսում, ապա ինչի՞ց էին նրանք վախենում։ Փաշինեանի կողմնակիցներից մէկը հաստատեց, որ նրանք գաղտնի են պահել իրենց այցը, քանի որ վախենում էին, որ իրենց հանրային հանդիպումները կը խանգարուեին։
թ) Յարութիւնեանը սխալմամբ ոչ հայկական է անուանել իրենց հետ հարցազրոյց անցկացրած հայկական հեռուստաընկերութիւններին՝ ARTN-ին, AMGA-ին, AABC-ին եւ USArmenia-ին։
ժ) Յարութիւնեանն իր ֆեյսբուքեան քննադատութիւնն աւարտեց դատարկ նախազգուշացմամբ.«Մենք որոշել ենք համակարգուած ջախջախել նրա [Սասունեանի] ու նրա նմանների ստի մենաշնորհը ամերիկահայ հանրութեան համար»։ Այսպիսով, Յարութիւնեանը հրահրեց իր կոյր հետեւորդների փոքրիկ շրջանակին Երեւանում իմ մասին գրել նողկալի մեկնաբանութիւններ՝ առանց իմ մասին որեւէ բան իմանալու։
Իրավիճակն էլ աւելի սրուեց, երբ Գլենդելում Փաշինեանի կողմնակիցների հետ ճաշկերոյթի ժամանակ հիւրերից մէկը հարցրեց Յարութիւնեանին՝ հայկական ազգային գաղափարախօսութեան նկատմամբ իշխանութեան մօտեցման մասին՝ նշելով. «Դուք ոչ միայն տարածքային զիջումներ եք անում, այլեւ հրաժարւում եք հայկական գաղափարախօսութիւնից»։ Յարութիւնեանն անամօթաբար յայտարարեց լսարանին. «Հայկական ազգայնականութիւնը շատ վտանգաւոր բան է։ Ձեր մտածողութիւնը շատ վտանգաւոր է»։
Դժբախտաբար, Յարութիւնեանը շփոթում է ազգայնականութիւնը ազգայնամոլութեան հետ։ Ոչ մի վատ բան չկայ նրանում, որ մարդիկ հպարտանում են իրենց ժողովրդով, պատմութեամբ եւ մշակոյթով։ Փաշինեանը ժողովրդին արմատախիլ է արել իր հազարամեակների պատմութիւնից։ Վարչապետը վարւում է այնպէս, կարծես հայ ժողովուրդը գոյութիւն է ունեցել միայն այն պահից, երբ նա 2018 թուականին եկել է իշխանութեան։ Ահա թէ ինչու է նա դէմ Հայաստանի պատմութեանը, կրօնին, մշակոյթին եւ ազգային սրբազան խորհրդանիշներին։ Հայ ժողովրդի նկատմամբ իր կարճատես հայեացքի պատճառով Հայաստանը ոչ միայն կտրւում է իր անցեալից, այլեւ կորցնում է փառահեղ ապագայի իր տեսլականը։
Հայ մեծ բանաստեղծ Պարոյր Սեւակը գրել է ուշագրաւ բանաստեղծութիւն՝ նկարագրելով, թէ ովքեր ենք մենք՝ հայերս։ Ես առաջարկում եմ, որ Յարութիւնեանը կարդայ այս գլուխգործոցը՝ իր հայկական ինքնութիւնը վերականգնելու համար։ Ահա մի հատուած այդ բանաստեղծութիւնից.
«Մենք քիչ ենք‚ սակայն մէզ հայ են ասում։
Մենք մէզ ո՛չ օքից չենք գերադասում:
Պարզապէս մենք էլ պիտի ընդունենք‚
Որ մէ՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚
Եւ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճէնը հանում:
Պարզապէս Դաւիթն այստեղ է կռուել:
Պարզապէս Նարեկն այստեղ է գրուել:
Պարզապէս գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կաւից…»։
Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի
Աղբիւր՝ Երկիր
