Թոմ Բարաք՝ խաղաղութեան ճարտարապե՞տ, թէ՞ փոթորկի աւետաբեր

Թոմ Բարաք՝ խաղաղութեան ճարտարապե՞տ, թէ՞ փոթորկի աւետաբեր

Ներկայացնում ենք Forbes պարբերականի թուրքական տարբերակում լոյս տեսած Perde arkasındaki adam: Tom Barrack barışın mimarı mı, fırtınanın habercisi mi? Յօդուածի հայերէն թարգմանութիւնը: Յօդուածի հեղինակ Մեհմեթ Օգուտջուն թուրք պաշտօնաթող դիւանագէտ է:


Մեհմեթ Օգուտջու

Պաշտօնապէս նա Թուրքիայում Միացեալ Նահանգների դեսպանն է եւ Սիրիայի հարցերով յատուկ բանագնացը։ Գործնականում Թոմ Բարաքը խաղում է շատ աւելի մեծ շախմատի տախտակի վրայ՝ Մերձաւոր Արեւելքից մինչեւ Արեւելեան Միջերկրական ծով, Պարսից ծոցից մինչեւ քրդական ներքին շրջաններ։ Նա աւելի շատ լսում է, քան խօսում, հազուադէպ է երեւում, բայց իր ներկայութեամբ կարող է փոխել հաւասարակշռութիւնը։

Նրան հազուադէպ են տեսնում Անկարայում եւ գրեթէ երբեք՝ դեսպանատանը։ Նրա յենակայանը Ստամբուլն է, որտեղ նա, Բոսֆորին նայելով, ապրում է ոչ թէ որպէս աւանդական դիւանագէտ, այլ որպէս լեւանտցի առեւտրական ու պետական գործիչ՝ լռութիւնը դարձնելով ռազմավարութիւն։ Մասամբ շռայլակեաց, մասամբ ճգնաժամէրի կառավարիչ՝ նա հասկանում է, որ աշխարհաքաղաքականութեան մէջ ժամանակը, համբերութիւնն ու զսպուածութիւնը կարող են նոյնքան վճռորոշ լինել, որքան աւիակիրները։

Բարաքը խօսում է, երբ անհրաժեշտ է, բայց նրա ազդեցութեան հիմքում զգուշաւորութիւնն է։ Նրա լսարանը չի սահմանափակւում արտգործնախարարութիւններով։ Շուկաները, մայրաքաղաքներն ու հետախուզական ծառայութիւնները նոյնպէս ականջ են դնում։ Նրա ուժը ոչ թէ յեղափոխական գաղափարներն են, այլ անորոշութիւնը հնարաւորութեան վերածելու եւ հակառակորդների շրջանում վստահութիւն ձեռքբերելու բնազդային ունակութիւնը։

Հասկանալ Մերձաւոր Արեւելքը Լեւանտեան յիշողութեան տեսանկիւնից

Թոմ Բարաքի արմատները Զահլեից են՝ Լիբանանի Բեքաայ հովտից, որտեղից նրա մարոնիական ընտանիքը գաղթել է Միացեալ Նահանգներ։ Այդ աշխարհում պետութիւնը, աղանդը, առեւտուրը, ցեղը, դիւանագիտութիւնը եւ հետախուզութիւնը առանձին տիրոյթներ չէն, այլ նոյն հիւսուածքի թելեր։ Սա այն ոսպնեակն է, որի միջով նա դիտարկում է տարածաշրջանը։

Նա ո՛չ ռոմանտիզացնում է օսմանեան անցեալը, ո՛չ էլ անտեսում այն։ Նա ուսումնասիրում է, թէ ինչպէս են կայսրութիւնները կառավարել բազմազանութիւնը, ինչպէս են փոխազդել կենտրոնն ու ծայրամասը, ինչպէս են անվտանգութիւնն ու առեւտուրը ամրապնդել միմեանց։ Երբ նա նայում է Սիրիային, նա չի կենտրոնանում միայն ալ-Շարաայի կառավարութեան կամ առաջնագծի վրայ։ Նա զգում է Հալեպի, Մոսուլի եւ Դամասկոսի պատմական կշիռը, նահանգային կարգերի, առեւտրային ուղիների եւ համայնքային հաւասարակշռութիւնների խոր յիշողութիւնը։
Նա գործարքներ է կնքել Բարզանիների հետ, սերտ կապ է պահպանում Մազլում Աբդիի հետ եւ աշխատում է չէզոքացնել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարութիւնում ոմանց հակաթուրքական կողմնակալութիւնը։ Քրդական հարցը նրա համար պարզապէս հակաահաբեկչական գործ չէ, այլ աշխարհագրութեան, ինքնութեան եւ թերի պետականութեան հարց, որոնք նա, իհարկէ, դիտարկում է Վաշինգտօնի եւ Թել Աւիւի ռազմավարական շահերի համատեքստում։

Հասկանալով պատմութեան, տարածութեան եւ հոգեբանութեան այս շերտերը՝ Բարաքը ոչ թէ դասական դիւանագէտ է, այլ դաշտային ռազմաւար։

Ֆինանսները որպէս աշխարհաքաղաքական գործիք

Բարաքը նաեւ ճգնաժամային ներդրող է: Colony Capital, իսկ աւելի ուշ՝ DigitalBridge ընկերութիւնների օգնութեամբ նա ձեռք բերեց խնդրահարոյց ակտիւներ ոչ միայն ֆինանսական վերակառուցման, այլեւ աշխարհաքաղաքական վերադիրքաւորման համար: Հիւրանոցները, նաւահանգիստները, էներգէտիկ ենթակառուցուածքները, մեդիայ հարթակները եւ ռազմավարական անշարժ գոյքը դարձան իշխանութեան քարտէզի հանգոյցներ, որոնք կապեցին Պարսից ծոցի մայրաքաղաքը արեւմտեան շուկաների հետ:

2008 թուականի ֆինանսական ճգնաժամից յետոյ նա համակարգեց այս մօտեցումը. գնել, երբ գերիշխում է վախը, դուրս գալ, երբ ձեւաւորւում էին նոր հաւասարակշռութիւն: Նա այն քչերից էր, ով կարողացաւ հանգիստ տեղաշարժուել Պարսից ծոցի արքունիքների եւ Ուոլ Սթրիթի խորհրդի սենեակների միջեւ՝ քայլելով այն բարակ գծով, որտեղ հատւում են կապիտալը, քաղաքականութիւնն ու անվտանգութիւնը:

Նրա համար ճգնաժամը պարզապէս տնտեսութեան փլուզում չէ. դա գլոբալ վերադասաւորման պահ է:

Հակասական գործիչ

Բարաքի կարիերան մութ կողմեր էլ է ունեցել: Ռոնալդ Ռեյգանի օրօք ներքին գործերի փոխնախարարի տեղակալ լինելով՝ նա յետագայում հետաքննութեան ենթարկուեց եւ քաղաքական խնդիրներ ունեցաւ: Քննադատները պնդում են, որ նրա մեթոդները երբեմն դուրս են գալիս բարոյական սահմաններից: Սակայն խնդրահարոյց տարածաշրջաններում ազդեցութիւնը հազուադէպ է ձեռք բերւում անբասիր մեթոդներով։ Բարդութիւնը ծնում է երկիմաստութիւն: Բարաքի շուրջ ծագած հակասութիւններն իսկ արտացոլում են այն ոլորտների մասշտաբները, որտեղ նա գործում է։

Դասական դիւանագիտութիւնից անդին

Աւանդական դիւանագիտութիւնը սահմանափակւում է արարողակարգով, ընթացակարգով եւ ինստիտուցիոնալ զգուշաւորութեամբ։ Արագ զարգացող ճգնաժամէրի դէպքում այս սահմանափակումները կարող են թերութիւններ դառնալ։ Որոշում ընդունելու շղթաները երկար են, մանդատները՝ նեղ, իսկ ռիսկի նկատմամբ քաղաքական հակակրանքը՝ բարձր։
Բարաքի նման գործիչներն այլ կերպ են գործում։ Նրանք շրջանցում են կոշտ ուղիները, հէնւում են անձնական հեղինակութեան վրայ եւ գործում են կիսախաւար գօտիներում, որտեղ աւարտւում է պաշտօնական իշխանութիւնը, բայց սկսւում է ռազմավարական անհրաժեշտութիւնը։ Նրանք համատեղում են պատմական յիշողութիւնը, տեղական գիտելիքները եւ հոգեբանական ներհայեացքը իշխանութեանը անմիջական հասանելիութեան հետ։

Ճարտարապե՞տ, թե՞ փոթորկի ազդանշան

Տարածաշրջանային լարուածութիւնն աճում է՝ Հորմուզից մինչեւ Սիրիայ, հրթիռների էսկալացիայից մինչեւ էներգէտիկ ենթակառուցուածքների խոցելիութիւն, ուստի ռիսկն այլեւս տեսական չէ։ Այն համակարգային է։

Նման պահերին գեներալները բաւարար չէն։ Անփոխարինելի են դառնում լուռ միջնորդները։ Եթէ տարածաշրջանային նոր հաւասարակշռութիւն հաստատուի, Բարաքը կը յիշուի որպէս դրա անտեսանելի ճարտարապետներից մէկը։ Եթէ պատերազմ բռնկուի, պատմութիւնը նրան կը յիշի որպէս առաջիններից մէկը, ով զգացել էր մօտեցող փոթորիկը։
Թուրքիայի նման երկրների համար դասը պարզ է։ Պաշտօնական ինստիտուտներից բացի՝ պետութիւններին անհրաժեշտ են վստահելի, գլոբալ կապեր ունեցող, ռազմավարական առումով ինտուիտիւ դեսպաններ, որոնք կարող են գործել արարողակարգից դուրս՝ անվտանգութեան, էներգետիկայի, ֆինանսների եւ դիւանագիտութեան խաչմերուկում։

Թոմ Բարաքը այս արքետիպն է՝ հետնաբեմի մարդ, որի լռութիւնը յաճախ աւելի բարձր է հնչում, քան պաշտօնական հաղորդագրութիւնները։

Թարգմանութիւնը՝ Մարիա Սադոյեանի


Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի կամ «Օրակարգ»ի տեսակէտները:

Share