— Դաշնային քաղաքացիական իրաւունքների բողոք՝ անօրինական խտրականութեան վերաբերեալ
ՎԱՇԻՆԿԹԸՆ, ԴԻ.ՍԻ. – Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը (ANCA)այսօր դաշնային քաղաքացիական իրաւունքների բողոք է ներկայացրել ԱՄՆ Առողջապահութեան եւ Մարդկային Ծառայութիւնների Դէպարտամենտին (HHS)՝ Դոկտ․ Մեհմետ Օզի կողմից հայ ամերիկացիների դէմ ցուցաբերուած անպատասխանատու եւ վտանգաւոր քաւութեան նոխազ դարձնելու քաղաքականութեան կապակցութեամբ։ Այս քայլը մաս է կազմում Հայ Դատի Յանձնախմբի ռազմավարական պաշտպանական եւ լրատուական արշաւի, որը երկրի ողջ տարածքով առաջացրել է Դոկտ․ Օզի ռասիստական եւ վախ սերմանող հռետորաբանութեան դէմ աճող ու լայնածաւալ ընդդիմութեան ալիքին։
Բողոքը, որը ներկայացուել է Յունուար 30-ին, հետեւում է Հայ Դատի Յանձնախմբի անհապաղ արձագանգին Դոկտ․ Օզի Յունուար 27–28-ին հրապարակած տեսանիւթին, որը տեղադրուել էր Առողջապահութեան եւ Մարդկային Ծառայութիւնների Դէպարտամենտի պաշտօնական սոցիալական հարթակներում։ Տեսանիւթում Լոս Անճելեսի Վան Նայս թաղամասում էթնիկ կերպով թիրախաւորուել էին հայերին պատկանող ձեռնարկութիւններ։ Հայ Դատի Յանձնախմբի արագ եւ վճռական միջամտութիւնը առաջացրեց լայն դատապարտում՝ ներառեալ Կալիֆորնիայի նահանգապետ Գաւին Նիւսոմի արձագանգը, ով ներկայացրեց իր սեփական քաղաքացիական իրաւունքների բողոքը, ինչպէս նաեւ Կոնգրեսի, նահանգային եւ տեղական ղեկավարների յայտարարութիւնները, որոնք միաձայն դատապարտեցին էթնիկ քաւութեան նոխազ դարձնելու այս գործելակերպը։
Դոկտ․ Օզը ներկայումս ծառայում է որպէս Բժշկական Աջակցութեան Կեդրոնների (CMS) վարիչ՝ ԱՄՆ Առողջապահութեան եւ Մարդկային Ծառայութիւնների Դէպարտամենտում։
Հայ Դատի Յանձնախուբը առաջինն էր, որ ահազանգեց

Դոկտ․ Օզի տեսանիւթի հրապարակումից հաշուած րոպէների ընթացքում Հայ Դատի Յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը հրապարակայնօրէն դատապարտեց այս խտրական վարքագիծը՝ նշելով.
«Դոկտ․ Օզը հայերին ներկայացնում է լայն ու անպատասխանատու ընդհանրացմամբ՝ ամբողջ հայ ամերիկեան համայնքը մեղադրելով մի քանի անհատների ենթադրեալ յանցագործութիւնների համար։ Հայ ամերիկացիների դէմ նման էթնիկ քաւութեան նոխազ դարձնելը միաժամանակ թունաւոր է եւ վտանգաւոր, յատկապէս երբ այն իրականացւում է երկքաղաքացի թուրք քաղաքացու կողմից՝ Հայոց ցեղասպանութեան անզիջում ժխտողի, ով հպարտութեամբ ծառայել է Թուրքիայի զինուած ուժերում։ Սա եւս մէկ ապացոյց է, որ Հայ Դատի Յանձնախուբը ճիշդ էր՝ 2022-ին Դոկտ․ Օզին ԱՄՆ Սենատից հեռու պահելու հարցում»։

Հայ Դատի Յանձնախմբի քաղաքական բաժնի տնօրէն Ալեքս Գալիցքին արձագանգեց, որ Դոկտ․ Օզը «թիրախաւորում է հայ համայնքը այն նոյն զզուելի եւ ապամարդկայնացնող հռետորաբանութեամբ, որը նախկինում նպաստել է Մինեսոթայի սոմալացի համայնքի դէմ կիրառուած հաւաքական պատժի մթնոլորտի ձեւաւորմանը»։ Այս յայտարարութիւնը լայն արձագանք գտաւ ազգային լրատուամիջոցներում։
Հայ Դատի Յանձնախմբի Արեւմտեան Շրջանը արագօրէն դատապարտեց Դոկտ․ Օզի գործողութիւնները պաշտօնական յայտարարութեամբ։ «Հանրային պաշտօնեաները յատուկ պատասխանատւութիւն ունեն պահպանելու Սահմանադրութեան ոչ միայն տառը, այլեւ ոգին»,– նշեց Արեւմտեան Շրջանի նախագահ Օշին Յարութիւնեանը։ «Երբ իրաւապահ հռետորաբանութիւնը սահում է դէպի էթնիկ ընդհանրացումներ, դա թուլացնում է քաղաքացիական իրաւունքների պաշտպանութիւնը եւ վտանգի տակ դնում ամբողջ համայնքներ։ Հայ ամերիկացիները, ինչպէս բոլոր ամերիկացիները, արժանի են իրաւահաւասար արդարութեան՝ ոչ աւելի քիչ»։






Կալիֆորնիայի նահանգապետ Նիւսոմը դատապարտում է Դոկտ․ Օզին, ներկայացնում քաղաքացիական իրաւունքների բողոք
Կալիֆորնիայի նահանգապետ Գաւին Նիւսոմը մի շարք հրապարակային յայտարարութիւններով խստօրէն դատապարտեց Դոկտ․ Օզի գործողութիւնները։ Իր նախնական հրապարակման մէջ նա նշեց, որ նահանգային իշխանութիւնները լրջօրէն ուսումնասիրում են հայ ամերիկեան համայնքի դէմ հնչեցուած ռասայական լիցքով մեղադրանքները եւ ընդգծեց, որ ատելութեան դրսեւորումները տեղ չունեն Կալիֆորնիայում։
Յունուար 29-ին Նահանգապետ Նիւսոմը յայտարարեց, որ իր գրասենեակը քաղաքացիական իրաւունքների բողոք է ներկայացնում HHS-ի Քաղաքացիական Իրաւունքների Գրասենեակին՝ նշելով, որ Դոկտ․ Օզը հնչեցրել է «հիմնազուրկ եւ ռասայական լիցքով մեղադրանքներ՝ ուղղուած Լոս Անճելեսի հայ համայնքի դէմ»։
Իր պաշտօնական բողոքի նամակում Նիւսոմը զգուշացրեց, որ նման յայտարարութիւնները կարող են խոչընդոտել պաշտպանուած համայնքների մասնակցութիւնը դաշնային առողջապահական ծրագրերին եւ արդէն իսկ իրական վնաս են պատճառել, այդ թւում՝ թիրախաւորուած հացատան վաճառքների շուրջ 30 տոկոս անկմամբ։
Քաղաքացիական իրաւունքների բողոքների իրաւական հիմքը
Հայ Դատի Յանձնախմբի ներկայացրած բողոքը, ինչպէս Նահանգապետ Նիւսոմինը, հիմնուած է 1964 թուականի Քաղաքացիական Իրաւունքների Օրէնքի Վերնագիր VI-ի վրայ, որը արգելում է խտրականութիւնը՝ հիմնուած ռասայի, գոյնի կամ ազգային ծագման վրայ՝ դաշնային ֆինանսաւորում ստացող ծրագրերում։ Հայ ամերիկացիները հանդիսանում են պաշտպանուած խումբ՝ ազգային ծագման եւ ընդհանուր նախնեաց հիմքով։
Բողոքը պահանջում է, որ OCR-ը քննութեան ենթարկի Դոկտ․ Օզի յայտարարութիւններն ու տեսանիւթը, պարտադրի անհրաժեշտ ուղղիչ քայլեր եւ ձեռնարկի համապատասխան իրաւական միջոցներ՝ համաձայն գործող օրէնքի եւ քաղաքականութեան։
Դոկտ․ Օզի խտրական տեսանիւթը եւ Հայոց ցեղասպանութեան ժխտման անցեալը
Տեսանիւթում Դոկտ․ Օզը, կանգնած հայերին պատկանող հացատան դիմաց, առանց որեւէ ապացոյցի փորձել է կապել հայ համայնքը առողջապահական խարդախութեան հետ՝ օգտագործելով էթնիկ պիտակաւորում եւ վախ սերմանող հռետորաբանութիւն։ Հայ Դատի Յանձնախմբիբողոքը նաեւ արձանագրում է Դոկտ․ Օզի երկարամեայ հրաժարումը ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը՝ փաստ, որը խորացնում է համայնքի մտահոգութիւնները նրա անաչառութեան վերաբերեալ։
