Լեմկինի ինստիտուտը խորը մտահոգութիւն է յայտնում ՀԱԵ դէմ շարունակուող պետական բռնաճնշումների առնչութեամբ
Լեմկինի ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգութիւն է յայտնում Հայաստանի Հանրապետութիւնում Հայ Առաքելական Եկեղեցու դէմ շարունակուող պետական բռնաճնշումների առնչութեամբ, այդ թւում՝ հոգեւորականների կալանաւորումների եւ ահաբեկման, եկեղեցական հաստատութիւնների թիրախաւորման, ինչպէս նաեւ կրօնական առաջնորդներին լռեցնելու նպատակով իրաւական համակարգի աճող կիրառման։
«Այս զարգացումները ցաւալի օրինակ են այն բանի, թէ ինչպէս կարող են ցեղասպանական գործընթացները ներքինացուել արտաքին սպառնալիքի պայմաններում։
Ընտրովի քրէական հետապնդումների, սահմանափակ թափանցիկութեան եւ կրօնական գործերին պետութեան անմիջական միջամտութեան համադրութիւնը լուրջ մտահոգութիւններ է առաջացնում այն առումով, որ իրաւական մեխանիզմները կիրառւում են ոչ թէ օրէնքի գերակայութիւնն ապահովելու, այլ Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարութիւնը խաթարելու նպատակով։
Ներկայիս ճնշումների ալիքը յիշեցնում է Հաեօց ցեղասպանութեան յայտնի օրինաչափութիւնը։ Այն սկսուեց հայ մտաւորականների, հոգեւորականների եւ համայնքային առաջնորդների համակարգուած թիրախաւորմամբ․ Օսմանեան կայսրութեան կողմից կիրառուած այս ռազմավարութիւնը նպատակ ունէր ոչնչացնել ամբողջ մի քաղաքակրթութիւն՝ կտրելով նրա ինքնութիւնը իր բարոյական եւ հոգեւոր հիմքից՝ ազգային առաջնորդութիւնից, եւ վերացնել այն ձայները, որոնք կարող էին կազմակերպել դիմադրութիւն կամ պահպանել մշակութային համախմբուածութիւնը։
Թեպետ ներկայիս իրավիճակը չի կարող հաւասարեցուել 1915 թուականի ցեղասպանական բռնութեանը, մտածողութեան եւ մեթոդների միջեւ զուգահեռները պէտք է գիտակցուէն։ Ինքնութեան վրայ հիմնուած ճնշումների վաղ նախանշանները յաճախ սկսւում են այն հաստատութիւնների վարկաբեկման եւ քրէականացման փորձերից, որոնք մարմնաւորում են հաւաքական յիշողութիւնը եւ բարոյական դիմադրութիւնը։
Մի ժողովուրդ, որը վերապրել է ցեղասպանութիւն, չի կարող իրեն թոյլ տալ որեւէ ձեւով կրկնել իր պատմական ոչնչացման մեխանիզմները»,-ասւում է հաղորդագրութեան մէջ:
