Արցախի թեմի թեմական խորհուրդը յայտարարութիւն է տարածել, որով դատապարտում է թեմի առաջնորդի գործողութիւնները

Արցախի թեմի թեմական խորհուրդը յայտարարութիւն է տարածել, որով դատապարտում է թեմի առաջնորդի գործողութիւնները

Յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, նշւում է․

«Արցախի թեմական խորհուրդը յայտնում է իր խոր անհանգստութիւնն ու մտահոգութիւնը՝ կապուած վերջին օրերին հանրային մեծ հնչեղութիւն ստացած Արցախի թեմակալ առաջնորդի գործելակերպի եւ դիրքորոշումների հետ: Խորհուրդը թեմակալ առաջնորդի քայլերի մասին նախապէս տեղեկացուած չի եղել, եւ այն չի բխել մեր միասնական դիրքորոշումից ու ներարցախեան քննարկումների տրամաբանութիւնից։ Բազմաթիւ  արցախցիների մօտ այս քայլն առաջացրել է զայրոյթ, վրդովմունք եւ անվստահութիւն, ինչը մենք լիովին հասկանալի ենք համարում։

Այս կապակցութեամբ հանդիպել ենք Արցախի թեմի առաջնորդի հետ ու լսել նրա տեսակէտն ու մեկնաբանութիւնները։ Պետք է յստակ արձանագրենք, որ չենք կարող կիսել  եւ դատապարտում ենք այդ մօտեցումները, քանի որ դրանք չէն արտացոլում Արցախի ժողովրդի դիրքորոշումն ու սպասումները։

Թեմական խորհուրդը վերահաստատում է իր համոզումը, որ բոլոր եկեղեցական հարցերը պէտք է լուծուէն բացառապէս եկեղեցու ներսում՝ համապատասխան կանոնակարգերի, աւանդութեան եւ ազգային արժեհամակարգի սկզբունքով։

Մենք մնում ենք յանձնառու մեր ժողովրդի շահերի ներկայացմանն ու եկեղեցական կարգի պահպանմանը եւ կարեւորում ենք, որ ապագայ քայլերն ու որոշումները կայացուէն փոխադարձ յարգանքի, համաձայնեցման եւ ներհամայնքային միասնականութեան հիման վրայ»։


Ինչու է Արցախի հոգեւոր առաջնորդը հանդիպել Փաշինեանին: Արցախի վերջին նախագահը հէնց յաջորդ օրն է լսել Վրթանես սրբազանի հիմնաւորումները: Սամուել Շահրամանեանին մասնաւորապէս հետաքրքրել է՝ արդեօք կաթողիկոսը տեղեակ է եղել Վրթանես սրբազանի քայլից:

«Ես ստացել եմ իր հիմնաւորումները, ինձ մէկ հարց էր հետաքրքրում հիմնականում՝ արդյօք այդ հանդիպումը համաձայնեցուած էր իրենց ղեկավարի՝ Վեհափառի հետ եւ ստացել եմ բացասական պատասխան ու իմ եզրակացութիւնն արել եմ», — լրագրողների հետ զրոյցում ասաց Սամուել Շահրամանեանը:

Share