Հայ Դատի Ամերիկայի Յանձնախմբի նոր նախաձեռնութիւնը Ադրբեջանի ընդգրկման դէմ

Հայ Դատի Ամերիկայի Յանձնախմբի նոր նախաձեռնութիւնը Ադրբեջանի ընդգրկման դէմ

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը եւ “A New Policy” նախաձեռնութիւնը հանդէս են եկել Գազայի անվտանգութեան միջազգային ուժերում Ադրբեջանի հնարաւոր ընդգրկման դէմ յայտարարութեամբ

A New Policy”-ն եւ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ձեւաւորել են 18 ամերիկեան կազմակերպութիւնների դաշինք՝ դէմ արտայայտուելով Ադրբեջանի ընդգրկմանը Գազայի համար նախատեսուող միջազգային անվտանգութեան ուժերում (ISF)։ Դաշինքը կոչ է անում ԱՄՆ-ին եւ միջազգային գործընկերներին բացառել Ադրբեջանի ցանկացած ներգրաւում՝ ընդգծելով Բաքուի կողմից Արցախի էթնիկ զտումը եւ Իսրայելի հետ սերտ ռազմական համագործակցութիւնը՝ որպէս խաղաղապահ առաքելութեանն անհամատեղելի գործոններ։

Համատեղ յայտարարութեան մէջ շեշտւում է՝ միջազգային անվտանգութեան ուժերը պէտք է լինէն անաչառ եւ ունենան մարդու իրաւունքների նկատմամբ յարգանքի յստակ պատմութիւն։ Ըստ նախաձեռնողների՝ Ադրբեջանը չի բաւարարում այս երկու չափանիշներից որեւէ մէկը։

Այս գաղափարի շուրջ համախմբուած կազմակերպութիւնները նախազգուշացնում են՝ Ադրբեջանի եւ Իսրայելի խորացող ռազմական ու էներգէտիկ կապերը լուրջ հակասութեան մէջ են դնում նրա հնարաւոր անաչառութիւնը Գազայում։ Ըստ հրապարակուած յայտարարութեան՝ Իսրայելը մատակարարում է Ադրբեջանի զինուած ուժերի սպառազինութեան մինչեւ 70 տոկոսը, ներառեալ առաջատար անօդաչուներ եւ հակաօդային պաշտպանութեան համակարգեր, իսկ իր հերթին Իսրայելը իր նաւթային ներկրման շուրջ 40 տոկոսը ստանում է Ադրբեջանից։

Յայտարարութեան հեղինակները նաեւ յիշեցնում են Ադրբեջանի մարդու իրաւունքների խախտումների երկարատեւ եւ համակարգուած բնոյթը՝ ընդգծելով, որ 2023-ին Բաքուն պաշարեց եւ հումանիտար աղէտի եզրին հասցրեց Արցախի 150,000 հայ բնակչութեանը, իսկ այնուհետեւ իրականացրեց ռազմական յարձակում, որի հետեւանքով ողջ հայ բնակչութիւնը հարկադրուած եղաւ լքել իր հայրենիքը։ Բացի դրանից, Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին եւ հայ ռազմագերուներին, իսկ հայկական մշակութային ժառանգութեան հանդէպ գործադրում է հետեւողական ոչնչացման քաղաքականութիւն։

Մեկնաբանելով այս նախաձեռնութիւնը՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․

«Ադրբեջանը, որն իրականացրեց Արցախի հայութեան ցեղասպանութիւնը եւ միլիարդաւոր դոլարների զէնք է գնում Իսրայելից, չի կարող հանդէս գալ որպէս խաղաղապահ Գազայում։ Ընդհակառակը՝ նման որոշումը կը վնասի խաղաղութեան եւ արդարութեան գաղափարին։ Մենք հպարտ ենք կանգնելու մեր գործընկերների կողքին՝ մերժելով այս վտանգաւոր փորձը՝ արդարացնելու Ադրբեջանի յանցաւոր վարքագիծը՝ պաղեստինցի ժողովրդի հաշուին»։

Դաշինքում ընդգրկուած են մարդու իրաւունքների, ցեղասպանութեան կանխարգելման, Մերձաւոր Արեւելքի խաղաղութեան եւ արդարութեան ուղղութեամբ գործող կազմակերպութիւններ։

Գործընկեր կազմակերպութիւնների յայտարարութեան եզրափակիչ մասը յստակ կոչ է ուղղում․ «Մենք յորդորում ենք միջազգային հանրութեանը եւ Միացեալ Նահանգներին մերժել Ադրբեջանի ցանկացած մասնակցութիւն Գազայի միջազգային անվտանգութեան ուժերին՝ հաշուի առնելով նրա կողմից մարդու իրաւունքների կոպիտ խախտումները, Արցախի հայութեան նկատմամբ իրականացրած էթնիկ զտումը, ինչպէս նաեւ Իսրայելից ռազմական եւ էներգէտիկ կախուածութիւնը»։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենեակ

13 նոյեմբեր 2025թ.

Share