Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում The Jerusalem Post-ում հրապարակուած Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխտար Մամեդովի Azerbaijan won’t forget how Israel stood by its side յօդուածի թարգմանութիւնը (կրճատումներով) ։
Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում նշուող Յաղթանակի օրը աւելին է, քան պարզապէս ազգային տօն։ Այն հպարտութեան, բարոյական պարտքի եւ պատմական յիշողութեան օր է։ Դա այն օրն է, որին Ադրբեջանի իւրաքանչիւր քաղաքացի
սպասել էր երեք տասնամեակ։
Այդ օրուան հասնելու ճանապարհն երկար եւ դժուար էր։ Շատ տարիներ Ադրբեջանը գրեթէ մենակ էր՝ միջազգային հանրութեան նուազագոյն աջակցութեամբ, որը խուսափում էր յստակ դիրքորոշում ընդունելուց կամ իրական ճնշում գործադրելուց Հայաստանի վրայ՝ իր զօրքերը գրաւեալ տարածքներից դուրս բերելու համար։ Հակամարտութեան լուծմանը նպաստելու համար մշակուած միջազգային մեխանիզմները չկարողացան իրական փոփոխութիւններ ապահովել, փոխարէնը ծառայում էին ստատուս քուոյի պահպանմանը՝ մի իրավիճակի, որն Ադրբեջանն այլեւս հանդուրժել չէր կարող։
Մենք սպասում էինք, որ միջազգային հանրութիւնը ճնշում կը գործադրի Հայաստանի վրայ՝ իր զօրքերը գրաւեալ տարածքներից դուրս բերելու համար։ Երբ պարզ դարձաւ, որ դիւանագիտական ջանքերն ապարդիւն են, Ադրբեջանը ստիպուած եղաւ ինքնուրոյն գործել՝ իր հողերն ազատագրելու համար։

Սակայն մենք հասկանում էինք, որ չենք կարող հասնել մեր նպատակներին՝ թոյլ լինելով։ Այսօրուայ Ադրբեջանը արմատապէս տարբերւում է 1990-ականների սկզբի Ադրբեջանից։ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ երկիրը հսկայական դժուարութիւնների բախուեց։ Այնուամենանիւ, վճռական ղեկավարութեան եւ հետեւողական քաղաքականութեան շնորհիւ Ադրբեջանին յաջողուեց կառուցել ժամանակակից բանակ, կայուն պետական ինստիտուտներ եւ դինամիկ տնտեսութիւն։ Պետութիւնը ներդրումներ կատարեց միջազգային գործընկերութիւնների զարգացման մէջ՝ դասէր քաղելով ուժեղ պետութիւնների, այդ թւում՝ Իսրայելի փորձից։
Յաղթանակից հինգ տարի անց մենք կարող ենք տեսնել արդիւնքները՝ փաստացի խաղաղութիւն, Ադրբեջանի կողմից Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացում եւ Բաքուից դէպի Երեւան առաջին ուղիղ չուերթ՝ սրանք բոլորը կարգաւորման իրական խորհրդանիշներ են։
2020 թուականի պատերազմից յետոյ Ադրբեջանի կողմից առաջ քաշուած խաղաղութեան նախաձեռնութիւնը գագաթնակէտին հասաւ Վաշինգտօնի գագաթնաժողւում։ Այս նախաձեռնութիւնն ապացուցում է, որ խաղաղութեանը հասնել հնարաւոր է միայն հզօրութեան միջոցով եւ առանց փոխզիջումների ազգային արժանապատուութեան հարցերում։
Այս դժուարին տարիներին մեր կողքին էին մի քանի մտէրիմ ընկերներ եւ գործընկերներ։ Իսրայելը նրանցից մէկն էր, եւ Ադրբեջանը դա երբեք չի մոռանայ։ Միջազգային գործընկերների ճանաչման շնորհիւ Ադրբեջանը դառնում է կարեւոր դերակատար տարածաշրջանային եւ համաշխարհային ասպարէզում, ինչպէս նաեւ կամուրջ՝ համագործակցութեան, խաղաղութեան եւ տարածաշրջանային զարգացման համար։ Այսօր, դէպի ապագայ նայելով, Ադրբեջանը ձգտում է ոչ միայն պահպանել իր նուաճումները, այլեւ պատասխանատու կերպով օգտագործել իր իւրայատուկ տարածաշրջանային դիրքը միջազգային ասպարէզում, այդ թւում՝ Մերձաւոր Արեւելքում, խաղաղութիւնն ու բարգաւաճումը խթանելու համար։
Թարգմանութիւնը՝ Մարթա Սեմեոնովայի
Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակէտները: Նոյնն է Օրակարգի պարագան:
