Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Ինչպե՞ս խափանել 2026-ի ընտրութիւնների մասին Փաշինեանի խաղաղութիւն, թէ պատերազմ կեղծիքը. Մեկ ճանապարհով՝ ձեւակերպել ընտրութիւնների մասին սեփական բովանդակութիւնը։
- Չպատերազմ-ի կառավարում
Իշխանափոխութեան դէպքում պատերազմի հաւանականութիւնը զրոյական է։ Ընդդիմադիր հատուածից ով էլ գայ, գնալու է շատ հանգիստ բանակցի բոլոր հարցերի շուրջ՝ Թրիփի շուրջ էլ, միւս բոլոր հարցերի էլ։ Փորձելու է գտնել առաւելագոյն լաւ լուծումները։ Խելագար չկայ, որ գնայ պատերազմի։
Դրա փոխարէն՝ մեծ է հաւանականութիւնը, որ նոր ուժերով եւ նոր ձեւակերպումներով, աւելի լայն հանրային կոնսօլիդացիայով հնարաւոր կը լինի մէզ համար աւելի շայաւէտ պայմաններով բանակցել։
Այնուամենանիւ, հակաիշխանական ճամբարին առայժմ չի յաջողւում այս ամէնի մասին ճիշտ շեշտադրումներով խօսել եւ հանրութեանը վստահութիւն ներշնչել։
Իրականութիւնն այն է, որ այսօր մենք ունենք ոչ թէ խաղաղութիւն, այլ՝ Չպատերազմ, եւ 2026-ի ընտրութիւնների կարեւորագոյն բովանդակութիւնը Չպատերազմ վիճակի յետագայ կառավարումն է։
Նոր սօլիդ իշխանութեան ձեւաւորման պարագայում մենք ԽԱՂԱՂ ճանապարհով գնալու ենք մեր ինքնութեան եւ մեր շահերի պաշտպանութեանը՝ գտնելով տարածաշրջանում համակեցութեան բալանսը, որը ենթադրելու է եւ´ ապաշրջափակում, եւ´ շփումներ, եւ´ ցաւոտ հարցերի աստիճանական լուծում։
- Ներհայաստանեան ընտրութիւններ
2026-ի ընտրութիւնները մեր մասին են. դրանք ներհայաստանեան ընտրութիւններ են՝ ներհայաստանեան կեանքի մասին։
Ուզում ենք ապրել մարդավայել մթնոլորտո՞ւմ, թե՞ անասնական պայմաններում՝ գաղտնալսումների, պառակտման, հայհոյանքի, վիրաւորանքների, չդադարող քրէական գործերի ու կալանքների։
Ուզում ենք երկիրն այս ագոնիկ վիճակո՞վ պահել, թե՞ կայուն վիճակ ստեղծել եւ կեանքի պլանաւորման հորիզոնը գոնէ մի քանի տարի դարձնել։
Ուզում ենք, որ պետութիւնը մնա մէկ հոգու խաղալի՞ք, թե՞ ուզում ենք նորմալ աշխատող պետական ինստիտուտներ, հակակշիռներով ու զսպումներով կառավարուող պետութիւն։
Ուզում ենք եկեղեցին լինի ներքին խաղաղութեան ու հոգեւոր ուրախութեան կենտրո՞ն, թե՞ կեղտոտ յարձակումների ու այլանդակ արշաւների թիրախ։
Ուզում ենք հանդարտ աշխատանքի, մասնագիտական աճի, ակտիւ գործարարութեան ու բարեկեցիկ կեանքի առողջ միջաւա՞յր, թե՞ 02-ի անվերջ թողարկում յիշեցնող կեանք։
Եօթ տարի է՝ ապրում ենք երկրի թիւ 1 աշխատասենեակից անդադար թափուող քաոսի, ագրեսիայի, ստի ու կեղծիքի պայմաններում։ Ուզո՞ւմ ենք վերջ տալ այս մթնոլորտին, եւ երկրում ու երկրի բոլոր աշխատասենեակներում ապահովել աշխատանքային խաղաղ մթնոլորտ։
Ժամանակն է, որ որոշում կայացնենք, որ ներհայաստանեան մթնոլորտը, կեանքը փոխում ենք։ 2026 թուականի ընտրութիւնները դրա մասին են։ Խաղաղութիւնն ընտրութիւնների հետ որեւէ կապ չունի. դա քարոզչական էժան հնարք է։
Սա պէտք է հասցնել ժողովրդին, բոլոր ընտրազանգուածներին։
Եթէ այս երկու կէտի շուրջ կայ ընկալում, համաձայնութիւն, ապա դա ապահւում է իրական հասարակական շատ լայն համախմբում՝ անկախ որեւէ կուսակցական ցուցակից կամ այլ ֆորմալ իրավիճակից։
Ամենաթարմ սոցհարցումը
Երեկուայ ամենաթարմ նախընտրական «սոցհարցումը» եղել է Հովհաննաւանքի «պատարագը», որին գրեթէ ոչ ոք ներկայ չէր։ Եթէ հանում ես վարչական ռեսուրսը, եւ պարտադրանքը, ապա տակը պրակտիկօրէն հանրութիւն չի մնում։ Հովհաննաւանքի խօսուն դատարկութիւնն այս կիրակի ցոյց է տալիս 2026-ի ընտրութիւնների իրական սոցիոլոգիան։
