ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր՝ Իշխան Սաղաթելեանը գրառում է կատարել:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դէմ արշաւը ծրագրուած պայքար է մեր ազգային ինքնութեան դէմ, որի հեղինակները գտնւում են երկրից դուրս, Նիկոլն ընդամէնը գործիք է այդ հրէշաւոր ծրագիրն իրականացնելու համար։
Աւելորդ է անդրադառնալ գործիքի ձեռքին գործիք դարձած ծառաների պահուածքին՝ լինի դա կարգալոյծ քահանայ, ՔՊ-ական պատգամաւոր, թէ ուժային կառոյցի ներկայացուցիչ։
Մենք պէտք է ամբողջութեամբ ընկալենք հարցի խորքը, հասկանանք, որ սա միայն մեր բարձրաստիճան հոգեւորականների դէմ պայքար չէ. նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնութեան ոչնչացումն է՝ դէնացիոնալիզացիան:
Ես չեմ յոգնի կրկնել, որ այն, ինչ կատարւում է մեր դէմ, դա հայկականութեան դէնացիոնալիզացիայի ծրագիր է, այն ունի նաեւ աշխարհաքաղաքական նշանակութիւն, որի դրսեւորումները կը տեսնենք առաջիկայում:
Հետեւաբար, Եկեղեցու դէմ արշաւը պէտք է նայել այս համատեքստում, հասկանալ հարցի լրջութիւնն ու խորքը, ստեղծել պաշտպանութեան ազգային ճակատ եւ միասնական ուժերով կանխել այդ հրէշաւոր ծրագրի գործադրումը:
Հ.Գ. Դենացիոնալիզացիան կամ էթնիկ ինքնութեան ոչնչացումը ներառում է մի շարք գործողութիւններ, որոնք ուղղուած են որեւէ ազգի կամ էթնիկ խմբի ազգային ինքնութեան, մշակոյթի եւ ազգային դիմագծի վերացմանը:
Դենացիոնալիզացիան կարող է իրականացուել տարբեր ձեւերով`
● լեզուի եւ կրթական համակարգի փոփոխութեամբ,
● մշակութային ժառանգութեան ոչնչացմամբ կամ իւրացմամբ,
● պատմական փաստէրի կեղծումով,
● բնակչութեան բռնի տեղահանումով կամ ձուլման քաղաքականութեան գործադրմամբ,
● ազգային արժէքների եւ աւանդոյթների նսեմացմամբ կամ արգելքով:
