Արցախահայութեան վերադարձի իրաւունքի վերաբերեալ երկու կարեւոր զարգացում

Արցախահայութեան վերադարձի իրաւունքի վերաբերեալ երկու կարեւոր զարգացում


Վարդան Օսկանեան

ՀՀ Արտգործ Նախարար( 1998-2008)
Ադրբեջանի յարձակումից Արցախի վրայ, որն առաջացրեց նրա ողջ հայ բնակչութեան արտագաղթը, անցել է երկու տարի, եւ վերադարձի հարցը շարունակում է ստանալ անժխտելի միջազգային ընդգրկում։ Ուզում եմ կիսել երկու կարեւոր նորութիւն։
Վաշինգտօնում Պետդէպարտամենտը արձանագրել է առաջընթաց՝ ընդունելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդար կարգաւորման հիմքում ընկած երեք առաջնահերթութիւն․ Արցախի հայերի հայրենադարձութեան իրաւունքը, Ադրբեջանում պահուող հայ գերիների ազատ արձակումը եւ հայկական քրիստոնեական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը։ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն այսօր X հարթակում յայտնել է, որ Պետդէպարտամենտը, արձագանքելով մի քանի շաբաթ առաջ մօտ 90 կոնգրէսականների կողմից պէտքարտուղար Մարկոյ Ռուբիոյին ուղղուած նամակին, պարտաւորուել է հետամուտ լինել այս խնդիրների լուծմանը։ Այս շրջադարձը արդիւնք է ԱՄՆ Հայ Ազգային Կոմիտէի, Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի, ինչպէս նաեւ ամերիկահայերի ու նրանց դաշնակիցների յամառ ջանքերի։ Բաքուի ժխտումների եւ Երեւանի լռութեան ֆոնին ԱՄՆ-ն այժմ պաշտօնապէս արտայայտուել է։ Այլեւս խօսքը այդ սկզբունքների ճանաչման մասին չէ, այլ՝ դրանց իրագործման։
Միեւնոյն ժամանակ այսօր Ժնեւում՝ Շուեյցարիայի Ազգային խորհրդի երկու անդամներ՝ Էրիխ Ֆոնտոբելը եւ Նիկոլայ Վալդերը, մասնակցել են ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի տարեկան նիստի շրջանակում կազմակերպուած մի հարակից միջոցառման, որը նախաձեռնուել էր «Միջազգային քրիստոնեական համերաշխութիւն» կազմակերպութեան կողմից եւ նոյնպէս Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի աջակցութեամբ ու նպատակ ունէր առաջ մղել շուեյցարական խաղաղարար նախաձեռնութիւնը։ Խորհրդարանական մանդատով Շուեյցարիան այժմ պարտաւոր է կազմակերպել խաղաղութեան ֆորում Ադրբեջանի եւ Արցախի ժողովրդի ներկայացուցիչների միջեւ՝ յստակ նպատակ ունենալով բանակցել տեղահանուած հայերի հաւաքական ու անվտանգ վերադարձի շուրջ։ Նրանց միացել էին Արցախի նախկին Մարդու իրաւունքների պաշտպան Արտակ Բեգլարեանը եւ միջազգային ճանաչում ունեցող իրաւաբան, Վաշինգտօնում տեղակայուած Միջազգային հանրային իրաւունքի եւ քաղաքականութեան խմբի (PILPG) նախագահ դոկտոր Փոլ Ուիլեամսը։ Նրանց ուղերձը յստակ էր․ Արցախի ժողովրդի իրաւունքները, այլ ոչ թէ աշխարհաքաղաքական շահերը, պէտք է լինէն ցանկացած կարգաւորման հիմքում։
Սրանք միակ զարգացումները չէն։ Արդարադատութեան միջազգային դատարանը արդէն պարտաւորեցրել է Ադրբեջանին ապահովել տեղահանուած հայերի անվտանգ վերադարձը։ Եւրոպական խորհրդարանը երկու բանաձեւ է ընդունել՝ վերահաստատելով նոյն սկզբունքը։ Ֆրանսիայի խորհրդարանը երկու անգամ հանդէս է եկել այդ ուղղութեամբ, նրանց է միացել Բելգիան եւ, իհարկէ, Շուեյցարիան իր աննախադէպ նախաձեռնութեամբ։ Այս բոլոր որոշումներն ու բանաձեւերը միասին վկայում են յստակ միտման մասին․ վերադարձի իրաւունքը այլեւս միայն հայրենազուրկ ժողովրդի պահանջը չէ, այն միջազգային հանրութեան կամքն է։
Սա նշանակալի համընկնում է։ Ատլանտեան ովկիանոսի երկու ափերին էլ օրէնսդիրները, դիւանագէտներն ու քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչները հաստատում են պարզ ճշմարտութիւն․ ոչ մի խաղաղութիւն չի կարող կայուն լինել, եթէ կառուցուած է բնիկ ժողովրդի էթնիկ զտման վրայ, ոչ մի պայմանագիր չի կարող արդար համարուել, եթէ վերացնում է տասնեակ հազարաւոր մարդկանց տուն վերադառնալու իրաւունքը, եւ ոչ մի միջազգային կարգ չի կարող արժանապատիւ համարուել, եթէ լռում է անօրինական կալանքի տակ պահուող գերիների ու մշակութային ժառանգութեան պղծման հանդէպ։
Ադրբեջանը, իհարկէ, ամբողջութեամբ մերժում է սա։ Նիկոլ Փաշինեանը, սակայն, ընտրել է այս հարցը լիովին անտեսելու ուղին՝ նախընտրելով փակել Արցախի էջը, քան պաշտպանել իր ժողովրդի իրաւունքները։ Բայց այս դիմադրութիւնը՝ թէ՛ Բաքուից, թէ՛ Երեւանից, չի կարող ջնջել ի յայտ եկող ընդհանուր համաձայնութիւնը։ Վերադարձի իրաւունքը շարունակում է մնալ միջազգային օրակարգում։

Share