Արայ Այուազեան,
ՀՀ նախկին արտգործնախարար,
Դիւանագէտների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ
Համաշխարհային համակարգը վերապրում է խոր փոփոխութիւնների եւ փոխակերպումների փուլ։ Ո՛չ Վեստֆալեան ինքնիշխանութիւնների համակարգը, ո՛չ 19-րդ դարի ուժերի հաւասարակշռութիւնը, ո՛չ Սառը պատերազմի գաղափարախօսութիւնը, ո՛չ էլ կոլեկտիւ անվտանգութեան լիբերալ կարգն այլեւս չէն բնորոշում ներկայիս իրականութիւնը։ Այսօր ուրուագծւում է նոր, մասնատուած աշխարհակարգ, որտեղ անվերահսկելի ուժն ու շահը դուրս են մղում գաղափարախօսութիւնը, իրաւունքը եւ համընդհանուր արժէքները։
Այս փոփոխութեան կիզակէտում Միացեալ Նահանգների դերի վերափոխումն է։ Երկար ժամանակ լինելով համաշխարհային կարգուկանոնի երաշխաւորը՝ Ամերիկան ներկայիս վարչակազմի օրօք անցել է գործարքային գերիշխանութեան, որտեղ «America First» սկզբունքը եկել է փոխարինելու համաշխարհային պատասխանատուութեանը։ Միացեալ Նահանգները դեռեւս պահպանում է կայսրութեան բնութագիրը՝ ռազմական, ֆինանսական եւ տեխնոլոգիական հէգեմոնիան, բայց հրաժարւում է իր նախկին ունդիւերսալիստական առաքելութիւնից։ Խոսքը ոչ թէ նոր ինքնամեկուսացման, այլ նոր եսակենտրոն վարքի մասին է. համաշխարհային դերակատարութիւն, աեօ՛, բայց միայն սեփական շահով եւ պայմաններով։ Արդիւնքում՝ միջազգային յարաբերութիւնների նախկին ճարտարապետութիւնը, որը հիմնուած էր կանոնների, դաշինքների, գաղափարախօսական շրջանակների եւ պարտաւորութիւնների վրայ, փլուզւում է։
Ունիվերսալիզմի այս մերժումն ամրապնդւում է գլոբալացման վերագնահատմամբ։ Այն, ինչն անցեալում ընկալւում էր որպէս հզօրութեան աղբիւր, այժմ ամերիկեան քաղաքական շրջանակների կողմից աւելի ու աւելի յաճախ է որակւում որպէս սպառնալիք՝ արդիւնաբերական առաջատարութեան կորուստ, մատակարարումներից կախուածութիւն, տեխնոլոգիական եւ ժողովրդագրական մարտահրաւէրների նկատմամբ խոցելիութիւն։ Միացեալ Նահանգները սկսել է սահմանափակել այն գլոբալիզացիան, որն ինքը ժամանակին քաջալերում էր եւ որում գերիշխում էր, ու վերակողմնորոշւում է դէպի ռազմավարական ինքնիշխանութիւն եւ տնտեսական ինքնաբաւութիւն։
Այս գործընթացում ամենախոցելի կողմը Եւրոպան է։ Եւրոպական Միութիւնը տասնամեակների ընթացքում զարգացել է որպէս յետազգային նախագիծ, որի համար վստահութիւնը, վստահելիութիւնն ու անվտանգութիւնը, եւ ոչ թէ ուժըն են եղել միջազգային կանոնների միջուկը: ԱՄՆ-ի կողմից երաշխաւորուած ՆԱՏՕ-ի հովանոցը թոյլ էր տալիս Եւրոպային՝ չլինել աշխարհաքաղաքականութեան վտանգաւոր առաջնագծում։ Սակայն ներկայիս՝ գործարքային արտաքին քաղաքականութեան դարաշրջանում ամերիկեան պաշտպանութիւնն այլեւս չի ընկալւում որպէս անվերապահ։ Միացեալ Նահանգները պահանջում է, որ իր դաշնակիցները վճարէն իրենց անվտանգութեան համար եւ մասնակցէն դրա ապահովմանը նոր պայմաններով ու յաւելեալ պարտականութիւններով։ Այս ամէնը ոչնչացնում է եւրոպական անվտանգութեան ձեւաւորուած մոդելը։ Դրան գումարւում են միգրացիոն ճգնաժամը, եւրասկեպտիցիզմի աճը, որոշ երկրներում՝ աւտօրիտարիզմի միտումները, Եւրոպայի հիւսիսի եւ հարաւի միջեւ տնտեսական տարաձայնութիւնները։ ԵՄ-ն անկարող է արագ արձագանքել սպառնալիքներին, քանի որ որոշումներն ընդունւում են կոնսենսուսի միջոցով, իսկ Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի եւ Բալթեան երկրների շահերը յաճախ տարբերւում են։ Ռազմավարական համերաշխութիւնը գնալով աւելի է զիջում իր տեղը ազգային եսասիրութեանը։ ԵՄ-ն մնում է տնտեսական տարածք, բայց կորցնում է քաղաքական եւ ռազմավարական նշանակութիւնը։ Ռազմական կախուածութիւնը մեծանում է, իսկ ներքին համերաշխութիւնը թուլանում։ Ի յայտ են գալիս «տարբեր արագութիւնների Եւրոպաներ»։ Հետեւաբար, ԵՄ-ն կանգնած է լրջագոյն երկընտրանքի առջեւ. կամ դառնալ լիարժէք դերակատար՝ իր սեփական բանակով, արտաքին քաղաքականութեամբ եւ ռազմավարական մտածողութեամբ, կամ էլ մնալ տնտեսական տարածք՝ աճող արտաքին ճնշման ներքոյ։
Աշխարհը գնում է դէպի բազմաբեւեռութիւն, բայց դա չի նշանակում, որ այն դառնում է աւելի արդար։ Առանց մէկ համակարգող կենտրոնի աշխարհակարգը տրոհւում է երկու հնարաւոր սցենարներում։ Առաջինը տարածաշրջանային հէգեմոնիաների աշխարհ է, որտեղ խոշոր տէրութիւնները վերահսկում են իրենց ազդեցութեան գօտիները եւ մրցում են ծայրամասում՝ առանց համաշխարհային յաւակնութիւնների։ Երկրորդը իրավիճակային, գործարքային յարաբերութիւնների աշխարհն է, որտեղ իւրաքանչիւր պետութիւն գործում է մենակ՝ հիմնուելով կարճաժամկէտ շահերի եւ ժամանակաւոր դաշինքների վրայ։ Երկու պարագաներում էլ տեղի կ’ունենայ համընդհանուր նորմերի գաղափարից հրաժարում եւ միջազգային յարաբերութիւնների վերածում ուժերի մրցակցութեան, այլ ոչ թէ՝ օրէնքների։
Իսկ այն աշխարհակարգում, որում չկան համընդհանուր ընդունուած վարքագծի կանոններ եւ օրինական արբիտրներ, նոյնիսկ «միջազգային հանրութեան» գաղափարն է ինքնին անյետանում։ Նման պայմաններում ուժի կիրառումը դադարում է անընդունելի եւ արտակարգ բացառութիւն լինել, այն կրկին դառնում է օրինական գործիք։ Պատէրազմը կրկին դիտուելու է ոչ թէ որպէս շեղում, այլ՝ որպէս ռազմավարական հաշուարկի մաս։ Որքան աւելի քայքայուեն միջազգային ինստիտուտները, այնքան աւելի գրաւիչ եւ արդիւնաւետ է թուալու ագրեսիան։ Իսկ այսպիսի աշխարհում կգոյատեւէն միայն այն պետութիւնները, որոնք կը պահպանէն զսպելու եւ ուժ գործադրելու իրենց ունակութիւնը։
Այս ֆոնի վրայ յատկանշական է Հայաստանի ներկայիս ղեկավարութեան որդեգրած ուղին։ 2020-2023 թուականների պարտութիւններից յետոյ իշխանութիւնները յայտարարել են նոր ռազմաւարութեան մասին, որը հիմնուած է «խաղաղութեան դարաշրջանի» գաղափարի, առճակատման մերժման եւ ժողովրդավարական վերածննդի վրայ։ Այդ տեսլականը ենթադրում է, որ ներքին բարեփոխումների եւ ազգային մտածելակերպի վերաձեւաւորման արդիւնքում կստեղծուեն պայմաններ երկարատեւ խաղաղութեան համար։
Սակայն ուրուագծուող միջազգային նոր կարգի համատեքստում նման ռազմավարութիւնը թւում է վտանգաւոր եւ ժամանակաւրէպ։ Խաղաղութիւնը, որը ձգտում է հաստատել Երեւանը, ենթադրում է երաշխաւորների, կանոնների եւ ինստիտուցիոնալ շրջանակների գոյութիւն։ Մինչդեռ անտեսւում է, որ երաշխաւորները կորցրել են իրենց հետաքրքրութիւնն ու կամքը, իսկ կանոնները՝ իրենց ուժը։ Նման միջավայրում միակողմանի հաշտեցման քաղաքականութիւնը դառնում է ոչ թէ խաղաղութեան, այլ՝ խոցելիութեան բանաձեւ։ Պատահական չէ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, գործելով ուժային քաղաքականութեան տրամաբանութեանը համապատասխան, Հայաստանի «բարեացակամութիւնը» չէն դիտարկում որպէս դեէսկալացիայի խթան։ Նրանք, ընդհակառակը, դա համարում են թուլութեան նշան, ուստի հետեւողականօրէն ուժեղացնում են ռազմական, տարածքային, դիւանագիտական եւ գաղափարական ճնշումը։
Պետութիւնները մահանում են ոչ թէ երազից, այլ՝ իրենց պաշտպանելու անկարողութիւնից։
Յուրաքանչիւր պետութեան հիմնական գործառոյթը քաղաքացիների անվտանգութեան ապահւումն ու ինքնիշխանութեան պաշտպանութիւնն է։ Ոչ մի հռչակագիր, ոչ մի ստորագրուած փաստաթուղթ չէն կարող փոխարինել այս կենսական գործառոյթի ուժային բաղադրիչին։ Ներկայիս Հայաստանը մնացել է առանց ռազմավարական երաշխաւորների, նրա պաշտպանական կարողութիւնները սահմանափակ են, իսկ շրջակայ միջավայրը՝ ագրեսիւ։ Նման իրավիճակում դրօշակ դարձնել խաղաղութիւնը՝ առանց զսպման, եւ արժէքները թողնել առանց պաշտպանութեան, նշանակում է երկիրը մղել դէպի ռազմավարական խոցելիութեան ուղի։
Յենց սա է պատճառը, որ Հայաստանի ղեկավարութեան գործողութիւնները հակասում են միջազգային իրավիճակի զարգացման տրամաբանութեանը։ Պաշտօնական Երեւանի քայլերը զուրկ են աշխարհում տեղի ունեցող գործընթացների եւ Հայաստանին գոյաբանական մարտահրաւէր ներկայացնող հարեւանների իրական նպատակների ռազմավարական վերլուծութիւնից: Հայաստանի իշխանութիւնները հաշուի չէն առնում գլխաւորը. ո՛չ ժողովրդաւարացումը, ո՛չ խաղաղ հռետորաբանութիւնը, ո՛չ էլ նոյնիսկ իրաւական զիջումները չէն ապահւում անվտանգութիւնն այնպիսի աշխարհում, որտեղ օրէնքի փոխարէն իշխում է ուժը։
Հիմա մէզ առաջարկւում է «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ իբրեւ անցեալի «առասպելների ու յոյսէրի սթափեցնող մերժում» եւ հրաժարում «Պատմական Հայաստանից», որի արժէքներն ու յաւակնութիւնները ենթադրաբար յանգեցրել են շարունակական աղէտների։ Սակայն ողբերգութիւնն այն է, որ հէնց յիշողութեան, պատմութեան դասէրի, ինքնապահպանման բնազդի մերժումն է, որ կարող է յանգեցնել ոչ թէ պատմական առասպելի, այլ իրական Հայաստանի կործանմանը՝ այն Հայաստանի, որը վերջին 34 տարիների ընթացքում գոյութիւն ունի որպէս ինքնիշխան պետութիւն։
Ռազմավարական առումով չմտածուած ընթացքը, որը ներկայացւում է որպէս «սթափութիւն» եւ «իրատեսութիւն», կարող է մէզ մղել վերապրելու մեծ աղէտ, որի վերաբերեալ մենք վճռել էինք «այլեւս երբեք»: Եւ այդ ժամանակ Պատմութիւնը, ոչ թէ որպէս առասպել, այլ՝ որպէս ողբերգութիւն, կը վերադառնայ՝ մէզ յիշեցնելու, որ պետութիւնները մահանում են ոչ թէ երազից, այլ՝ իրենց պաշտպանելու անկարողութիւնից։
