Օրակարգ- Էնսինո, Կալիֆորնիա
Օգօստոս 27, 2025 — Համայնքի միասնութեան եւ աջակցութեան հզօր դրսեւորումով Հայ Մշակութային Հիմնարկութեան (ACF) Էնսինոյի մասնաճիւղը կազմակերպեց բարեգործական ընթրիք, որի ընթացքում հանգանակուեցաւ 600,000 դոլարից աւելի գումար՝ Էնսինոյի նոր երիտասարդական կենտրոնի շինարարութիւնը աւարտին հասցնելու նպատակով։
Սոյն միջոցառումը համատեղ հիւրընկալել էր ՀՅԴ «Ռոսդոմ» կոմիտէն։ Օգօստոսի 24-ին, 2025թ., վերանորոգուած կենտրոնում կայացած ընթրիքին մասնակցել էին համայնքային ղեկավարներ եւ բարեկամներ։ Միջոցառումը վարեց ՀՅԴ «Սարդարապատ» մասնաճիւղի անդամ Վոն Մելքոնեանը։ Խօսք ունեցան ACF Էնսինոյի նախագահ Ռաֆֆի Սարգիսեանը, խորհրդական Շանթ Յակոբեանը, ՀՅԴ ԱՄՆ Արեւմտեան Կենտրոնական Կոմիտէի նախագահ Գարօ Մատէնլեանը եւ Լոս Անջելեսի նախկին քաղաքային խորհրդական Փոլ Գրէգորեանը։
Ծրագիրը բացուեց Տեր Ռազմիկ Խաչատուրեանի օրհնութեամբ, որ կենտրոնը նկարագրեց որպէս համայնքի համար իրականութիւն դարձած երազանք։ Հիւրերը վայելեցին ՀՄԸՄ «Պարոյր Սեւակ» մասնաճիւղի պարային եւ երաժշտական ելոյթները։ Հիմնարկի անդամ Շանթ Հ. Յակոբեանը ներկայացրեց նախագծի յամառօտ պատմութիւնը՝ նշելով վերջին տասնհինգ տարիների ընթացքում հանդիպած բարդութիւնները եւ համայնքի յամառ աշխատանքը։
Կարօ Մատէնլեանը դրուատեց համայնքի վճռականութիւնն ու միասնականութիւնը՝ շեշտելով, որ սա վկայութիւնն է այն բանի, թէ ի՛նչ կարելի է իրականացնել, երբ տեսլականը միանում է տոկունութեանը։ Գրէգորեանը, որ առաջին օրից աջակցել է նախագծին եւ եղել է քաղաքային խորհրդի որոշման համահեղինակ, ընդգծեց, որ վերջապէս Հայ երիտասարդաց Դաշնակցութիւնը, ՀՕՄ, ՀՄԸՄ, ՀՄՀ, ինչպէս նաեւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի Սան Ֆերնանդոյի արեւմտեան մասնաճիւղը կունենան մշտական օջախ Արեւմտեան Սան Ֆերնանդոյի հովտում։
Ռաֆֆի Սարգիսեանը ներկայացրեց ընթացիկ աշխատանքների մասին։ Նա նշեց, որ ԱՄՆ Կոնգրեսը յատկացրել է 1.2 միլիոն դոլարի վերակառուցման գումար՝ կոնգրէսական Բրեդ Շերմանի աջակցութեամբ, եւ բացատրեց, որ ներկայիս ղեկավարութիւնը 2024-ին յաջողութեամբ ձեռք է բերել Միացեալ Նահանգների բնակարանային և քաղաքային զարգացման բաժանմունքի (HUD) դրամաշնորհը։
Շինարարական ծրագիրը ներկայացուեց կարճ ժամանակ անց, Հայ Մշակութային իմնարկութիւնը ընտրեց «Նազարեան Գրուպ»-ը որպէս գլխաւոր կապալառու։ Սարգիսեանը գովեց Վարդան Նազարեանին՝ շեշտելով, որ նա շինարարութիւնը համարում է անձնական առաքելութիւն եւ մանրամասն վերահսկում է աշխատանքները։ Նա նաեւ յայտարարեց, որ կենտրոնի նախասրահում կը տեղադրուի բարերարների պատ՝ համայնքի ներդրումները յիշատակելու համար։



















Այս քայլը յիշարժան հանգրուան է աւելի քան տասնհինգ տարի շարունակուող նախագծի ընթացքին։ Նրա սկիզբը դրուել էր 2009-ին, երբ Հայ Դատի Սան Ֆերնանդոյի արեւմտեան մասնաճիւղի նախագահ Նարեկ Կիտցինեանի (2009–2014) առաջնորդութեամբ սկսուեց համագործակցութիւն Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հետ՝ մշտական երիտասարդական եւ համայնքային կենտրոնի տարածք ապահովելու համար։ Այդ գործընթացը բերեց Էնսինոյի դատարկ «Հրշէջ Կայան 83»-ի յայտնաբերմանը։ Յետագայ տարիներին ընթացան բազմաթիւ հանդիպումներ, քննարկումներ եւ գործընթացներ, որոնք վերջապէս 2021-ին յանգեցրին երկարաժամկէտ վարձակալութեան հաստատմանը։ Շինարարութիւնը սկսուեց 2025-ի Յունուարին։
Դրամահաւաքի ընթացքում ՀՕՄ «Անահիտ» մասնաճիւղի ներկայացուցիչ Ընկ. Անգինէ Յակոբեանը յայտարարեց աւելի քան 90,000 դոլարի նուիրատուութեան մասին, որ թողուած էր հանգուցեալ Ընկ. Շաքարեանի կտակում՝ ի յիշատակ նրա թոռան՝ Հայկ Տիրատուրեանի, որ վաղ տարիներին մահացել էր քաղցկեղից։
Երեկոն աւարտուեց Ռաֆֆի Սարգիսեանի յայտարարութեամբ, թէ ի պատիւ Կիցինեան ընտանիքի 300,000 դոլարի խոստացուած ներդրման՝ նոր կենտրոնը կրելու է բարերարներ Սարգիս եւ Սուզան Կիցինեանների անունը։ Կենտրոնը պաշտօնապէս կը կոչուի Հայ Մշակութային Հիմնարկութեան «Սարգիս եւ Սուզան Կիւցինեան» Երիտասարդական Կենտրոն։ Յայտարարութիւնը ընդունուեց ծափողջոյններով՝ ամփոփելով միասնութեան, առատաձեռնութեան եւ համայնքային հպարտութեան անմոռանալի երեկոն։
Նոր կենտրոնի բացման հանդիսաւոր արարողութիւնը նախատեսւում է մինչեւ տարեվերջ։