ԵՄ-ն լուրջ վնաս է հասցնում հայ ժողովրդին․ Օսկանեան

ԵՄ-ն լուրջ վնաս է հասցնում հայ ժողովրդին․ Օսկանեան


Հայաստանը հրաժարուում է ժողովրդավարութիւնից ու խորանում մենատիրութեան մէջ, մինչդեռ Եւրոպական միութիւնը լռութեամբ հետևում է այդ ընթացքին։ Իրականում, դա պարզապէս լռութիւն չէ։  Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը։


 ԵՄ-ն՝ իր անդամ պետութիւնների դեսպանատների հետ միասին Երևանում, մեղսակից է՝ դիտաւորեալ անգործութեամբ, դիւանագիտական յապաղումով և ռազմավարական ցինիզմով։ Տասնամեակներ շարունակ Արևմուտքը հարիւր միլիոնաւոր եւրօներ է ներդրել Հայաստանում բարեփոխումների խթանման նպատակով՝ աջակցելով նրա դատական համակարգին, ոստիկանութեանը, մամուլին և քաղաքացիական հասարակութեանը։ Այսօր այս բոլոր հաստատութիւնները Նիկոլ Փաշինեանի կառավարութեան կողմից օգտագործուում են որպէս ճնշման գործիքներ՝ վերածուելով ժողովրդավարութեան հենասիւներից բռնաճնշման միջոցների։ Բայց ԵՄ-ն շարունակում է մնալ պասիւ դիտորդ՝ ակնյայտօրէն չցանկանալով, որ սկզբունքները խանգարեն քաղաքական նպատակայարմարութիւններին։


Վերջին հինգ տարիները աղետալի են եղել Հայաստանի համար։ Երկիրը կորցրել է Լեռնային Ղարաբաղը։ Կորցրել է իր ինքնիշխան տարածքի մի մասը։ Նրա իսկ անկախութիւնն է սպառնալիքի տակ՝ Ադրբեջանի կողմից իրականացուող սահմանային ներխուժումներով և արտատարածքային միջանցքների պահանջներով։ Իսկ հիմա երկիրը կորցնում է իր ժողովրդավարութիւնը՝ սասանուած մի իշխանութեան կողմից, որը աւելի շատ զբաղուած է ընդդիմախօսներին լռեցնելով, քան պետութիւնը պաշտպանելով։

Այսօր տասնեակ քաղաքական բանտարկեալներ պահուում են Հայաստանի բանտերում։ Նրանց միակ «յանցանքը» Փաշինեանի քաղաքականութիւնը քննադատելն է։ Սա պատահական դէպք չէ, այլ՝ բռնաճնշման համակարգուած արշաւ։ Ընդդիմութեան առաջնորդները հետապնդուում կամ բանտարկուում են։ Դատական համակարգը վերածուել է գործադիրի կամքն իրականացնող մեխանիզմի։ Կանխարգելիչ կալանքը չարաշահուում է։ Կառավարութիւնը ժողովրդավարական շրջանակները օգտագործում է հենց այդ ժողովրդավարութիւնը վերացնելու համար — իսկ Եւրոպական միութիւնն իբր թէ չի նկատում։

Հայ Առաքելական Եկեղեցու դէմ ուղղուած արշաւը ևս մէկ վտանգաւոր սրացումն է։ Փաշինեանի ջանքերը՝ վարկաբեկելու, օրինականութիւնից զրկելու և ի վերջոյ եկեղեցին կազմաքանդելու, զուտ քաղաքական չեն՝ դրանք քաղաքակրթական են։ Այլ երկրում նման պետական գրոհ պատմական ազգային ինստիտուտի դէմ՝ իրաւական ճնշումներով, մամուլում սևացմամբ և վարչական ահաբեկմամբ, դիւանագիտական վրդովմունք կառաջացներ։ Իսկ Հայաստանում ԵՄ ներկայացուցիչները պարզապէս աչք են փակում։

Ակնյայտ է, որ Բրյուսելը Հարաւային Կովկասին նայում է ոչ թէ ժողովրդավարական արժէքների, այլ բացառապէս աշխարհաքաղաքական շահերի տեսանկիւնից՝ որպէս Կասպեան նաւթի ու գազի տարանցիկ ուղի, Ռուսաստանի ազդեցութեանը հակակշիռ և Իրանի ու Սև ծովի միջև բուֆերային գօտի։ Այսօր խաղաղեցման տրամաբանութիւնն է ձևաւորում ԵՄ-ի մօտեցումը Հայաստանի նկատմամբ։ Քանի դեռ Երևանը չի խոչընդոտում էներգետիկ հոսքերը կամ կասկածի տակ չի դնում Ադրբեջանի հետ «խաղաղ գործընթացի» պատրանքը, ԵՄ-ն պատրաստ է աչք փակել ներքին բռնաճնշումների վրայ։

ԵՄ-ն լուրջ վնաս է հասցնում հայ ժողովրդին։ Այժմ աչք փակելով՝ այն  նաև ապագայ կառավարութիւններին թողնում է անպատժելիութեան զգացում՝ անկախ նրանց գաղափարախօսութիւնից։ Բրյուսելն անտեսում է իր իսկ ժողովրդավարական սկզբունքները՝ կորցնելով այն քիչ հեղինակութիւնը, որ դեռ ունի։ Երբ Եւրոպան վերջապէս որոշի բարձրաձայնել իր ձայնը, գուցէ Հայաստանում այլևս ոչ ոք չցանկանայ լսել։


Դեռ ժամանակ կա ուղղելու ընթացքը, բայց պատուհանը փակուում է։ Լռութիւնը չէզոքութիւն չէ՝ այն մեղսակցութիւն է։

Եթէ ԵՄ-ն շարունակի բռնաճնշումներին չարձագանքել, այն կկորցնի ոչ միայն իր բարոյական հեղինակութիւնը Հայաստանում, այլև իր ռազմավարական կարևորութիւնը ամբողջ տարածաշրջանում։

Share