Արցախի դէպքը շարունակուող յանցագործութիւն է։ Հայերը դուրս մղուեցին հազարամեայ իրենց հողերից Ադրբեջանի կողմից, որը անտեսում է Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը՝ երաշխաւորելու բնիկ ժողովրդի իրաւունքները եւ նրանց արժանապատիւ, անվտանգ եւ հաւաքական վերադարձը։ Աւելին՝ խախտելով միջազգային իրաւունքը, Ադրբեջանը շարունակում է գերութեան մէջ պահել հայ գերիներին եւ կեղծ մեղադրանքներով դատում է նրանց, այդ թւում՝ Արցախի ղեկավարներին, որոնց շարքում է մեր, ձեր ընկեր Դաւիթ Իշխանեանը, որին ծանօթացաք եւ լսեցիք այս կազմակերպութեան 2022 թ․ Կոնգրեսի ժամանակ։ Ադրբեջանը հետեւողականօրէն ոչնչացնում է հայ ժողովրդի կրօնական եւ մշակութային ժառանգութիւնը եւ յուշակոթողները։
Մարիո Նալբանդեան
Սոցիալիստ ինտերնացիոնալում (Ընկերվար միջազգայնական/ԸՄ) ՀՅԴ ներկայացուցիչ եւ ԸՄ փոխնախագահ Մարիո Նալբանդեանը 2025 թ․ մայիսի 23-25-ը Ստամբուլում մասնակցել է ԸՄ-ի նախագահութեան, ֆինանսական եւ կազմակերպական յանձնաժողովների, ինչպէս նաեւ խորհրդի ժողովներին, որտեղ քննարկուել են աւելի քան հարիւր երկրներից 132 կուսակցութիւն ընդգրկող կազմակերպութեանը վերաբերող հարցեր։ ԸՄ-ի՝ Ստամբուլում գումարուած ժողովների հիւրընկալը Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցութիւնն էր (CHP)։ ԸՄ-ի նախագահութեան եւ խորհրդի նիստէրը նախագահում էր կազմակերպութեան նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրոյ Սանչեսը։
Մարիո Նալբանդեանը մասնակցեց կազմակերպութեան բարձրագոյն ժողովներին՝ Կոնգրեսների միջեւ ժամանակահատուածում գործող Խորհրդի մայիսի 24-ի նիստի օրակարգի երկրորդ՝ «Բռնութեան եւ բախումների յաղթահարումը, քաղաքացիական անձանց պաշտպանութիւնը» թեմայի քննարկմանը։
Մ. Նալբանդեանի ելոյթի հիմնական մասը ներկայացնում ենք ստորեւ․
«Մեծարգոյ նախագահութիւն, սիրելի գործընկերներ այս ժողովի ընթացքում ամենաշատ հնչած բառերը, հաւանաբար, եղել են «խաղաղութիւն», «ժողովրդավարութիւն», «իրաւունք», «մարդու իրաւունքներ», որոնք այլ բառերի կողքին ամփոփում են համայն մարդկութեան ապրումներն այս օրերին։
Ապրումներ ու համատարած վախեր՝ երբ տեսնում ենք, որ աշխարհի հզօրները այսօր փորձում են օրէնքի փոխարէն հաստատել ուժի գերակայութիւն։ Այս ժամանակաշրջանը ես կոչում եմ հետ-օրինականութեան շրջան, երբ երկրի ներսում օրէնքները անտեսւում են օրուայ իշխանութեան օգտին, իսկ միջազգային յարաբերութիւններում ուժը անտեսում է միջազգային օրէնքը, միջազգային մարդասիրական իրաւունքը, միջազգային կառավարման համակարգի բազմակողմանի կառուցուածքը՝ ձգտելով վերադառնալ կայսրութիւնների եւ վասալ պետութիւնների նոր դարաշրջան։
2023-ի վերջին ամիսներին, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի՝ ցեղասպանութեան կանխարգելման յատուկ խորհրդական Ալիս Ովայրիմու Նդերիտուն, անդրադառնալով 1948 թ․ ՄԱԿ-ի Ցեղասպանութեան կանխարգելման եւ պատժի մասին կոնուենցիային, ահազանգեց, որ կոնուենցիայի ստորագրումից 75 տարի անց՝ այսօր ցեղասպանութեան սպառնալիքի տակ են Մեանմայի ռոհինգեաները, Եթովպիայի թիգրայացիները, Սուդանի մասալիթները, Իսրայելի կողմից օկուպացուած Գազայում պաղեստինցիները, հայերը Արցախում, որոնց նկատմամբ միջազգային հանրութիւնը պատշաճ արձագանք չի ցուցաբերել։
Արցախի դէպքը շարունակուող յանցագործութիւն է։ Հայերը դուրս մղուեցին հազարամեայ իրենց հողերից Ադրբեջանի կողմից, որը անտեսում է Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը՝ երաշխաւորելու բնիկ ժողովրդի իրաւունքները եւ նրանց արժանապատիւ, անվտանգ եւ հաւաքական վերադարձը։ Աւելին՝ խախտելով միջազգային իրաւունքը, Ադրբեջանը շարունակում է գերութեան մէջ պահել հայ գերիներին եւ կեղծ մեղադրանքներով դատում է նրանց, այդ թւում՝ Արցախի ղեկավարներին, որոնց շարքում է մեր, ձեր ընկեր Դաւիթ Իշխանեանը, որին ծանօթացաք եւ լսեցիք այս կազմակերպութեան 2022 թ․ Կոնգրեսի ժամանակ։ Ադրբեջանը հետեւողականօրէն ոչնչացնում է հայ ժողովրդի կրօնական եւ մշակութային ժառանգութիւնը եւ յուշակոթողները։
Այս ժողւում տարբեր ելոյթների ժամանակ հնչեցին Նաթանեահուի, Լուկաշէնկոյի եւ Ալիեւի անունները։ Եւ դա պատահական չէ, որովհետեւ նրանք ամբողջացնում են միմեանց՝ իրենց կործանարար գործողութիւններով ներկայացնելով մեր ժամանակների մռայլ կողմը։
Խաղաղութեան մասին խօսքեր եւ մաղթանքներ հնչեցին այս ժողւում տարբեր ելոյթներով։ Նոյնիսկ եղաւ ակնարկ Հայաստան-Թուրքիայ յարաբերութիւնների մասին։ Հայաստանը եւ Ադրբեջանը գտնւում են խաղաղութեան գործընթացի մէջ՝ մի գործընթաց, որի վերաբերեալ ունենք անհամաձայնութիւններ եւ հարցականներ, սակայն խաղաղութեան գաղափարին լրջօրէն հաւատում ենք։ Թուրքիան հետեւում է այդ գործընթացին եւ Հայաստանի հետ յարաբերութիւնները պայմանաւորում է այդ պայմանագրի ստորագրումով՝ յաւելեալ ճնշում գործադրելով Հայաստանի վրայ։ Սակայն տեղին է յիշեցնել, որ Հայաստանը՝ վերանկախացումից ի վեր, 1991 թուականից սկսած, մշտապէս ձգտել է առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն Թուրքիան մերժել է։ Եթէ Թուրքիան իսկապէս ցանկանում է նպաստել տարածաշրջանում արդար, տեւական եւ կայուն խաղաղութեան հաստատմանը, ապա պէտք է վերանայի իր պատմութիւնը եւ ընդունի իր պատասխանատուութիւնը 1915-1923 թթ․ Հաեօց ցեղասպանութեան իրագործման մէջ։
Պարտադրուած խաղաղութիւնը ո՛չ արդար է, ո՛չ էլ՝ կայուն եւ տեւական»։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
26 մայիս, 2025թ․