Եւա Ալեքսանեան
Վերջերս ընթերցեցի Մարգարիտ Դերանցի «Սեր լուսնեզրին» վէպը։ Վէպի հերոսուհին գրող է, ներգաղթեալ, ով անցնում է անասելի փորձութիւնների միջով, բայց շարունակում է մնալ անսասան՝ յոյսով, հաւատով և տոկունութեամբ լի։
Գիրքն ընթերցելիս ապրում ես զգացմունքների մի իսկական փոթորիկ. ուզում ես գոռալ, զգուշացնել, հասնել ու ետ պահել հերոսուհուն մութ ճակատագրից։ Երբեմն ցանկանում ես ինքդ պատժել չարագործին, իսկ երբեմն էլ՝ մեղադրել հենց հերոսուհուն՝ այդքան լուսաւոր ու մաքուր մնալու համար։ Ուզում ես շշնջալ նրա ականջին, որ այս աշխարհը՝ իր դաժանութեամբ ու կեղծ արժէքներով, արժանի չէ նման լուսէ հոգու։
Դերանցի գրչի շնորհիւ տեղափոխուում ես նախ ԽՍՀՄ շրջանի Հայաստան՝ հերոսուհու մանկութեան տարիներ, ապա յետխորհրդային Հայաստան՝ 90-ականների կարիքի, խառնաշփոթի ու փշրուած երազանքների շրջան։ Այնուհետև ուղևորուում ես Ռուսաստան՝ ապրուստի յոյսով, ապա՝ Միացեալ Նահանգներ, Կալիֆորնիա։
Հերոսուհու հետ զգում ես ներգաղթեալի մենակութիւնն ու անթիւ դժուարութիւնները։ Նա պայքարում է ոչ միայն իր գոյութեան, այլ նաև հոր ու տատիկի արժանապատիւ կեանքի համար, այն դէպքում, երբ ինքը երբեմն հազիւ է գոյատևում։ Ընթերցողն աւելի ու աւելի յստակ է նկատում ներգաղթեալի ինքնութեան ճգնաժամը, օտարացման ցաւը, նոր միջավայրում իր տեղը գտնելու հերոսուհու առաջ ծառացած մարտահրաւէրներն ու անբառ տառապանքը։
«Սեր լուսնեզրին» ռոմանտիկ, հոգեբանօրէն խորը և բազմաշերտ պատմութիւն է կնոջ և տղամարդու ճակատագրական յարաբերութիւնների մասին։ Բայց, իյարկէ, գիրքը միայն սիրոյ մասին չէ։ Դերանցը շօշափում է հաւատարմութեան, հայրենասիրութեան, գաղափարական անզիջում պայքարի, միայնութեան, անկման ու վերելքի թեմաները՝ ամէն ինչ ներկայացնելով ժամանակակից, խարխլուող ու արագընթաց աշխարհի համատեքստում։ Վէպի վերջին հատուածներում հեղինակն անդրադառնում է Միացեալ Նահանգներում «Black Lives Matter» շարժմանը և դրան զուգահեռ տեղի ունեցող իրադարձութիւններին՝ ընդգծելով ներգաղթեալի տեսանկիւնից ապրումները, ցաւը և պայքարը։
Վէպի ողջ ընթացքում թելով անցնում է մի կարևոր գաղափար՝ մարդն իր հոգում կրում է Աստծոյ արքայութիւնը։ Բայց միևնոյն ժամանակ մարդը կրում է նաև չարիքի և արատի սերմերը։ Եւ այս երկու ուժերի միջև պայքարն է ձևաւորում մեր «ով» լինելը։
Եւա Ալեքսանեան

Եւա Ալեքսանյանը տնտեսագիտական գիտութիւնների դոկտոր է, «Վարդավառ» նկարազարդ պոեմ-գրքի հեղինակ, հասարակական գործիչ և World and Me Project հարթակի հիմնադիր։ Նա մշտապէս առաջնորդուում է այն գաղափարով, որ հետաքրքրութիւն ու սեր կրթութեան և հայկական մշակոյթի հանդէպ սերմանելով և գիտելիք տարածելով, հնարաւոր է ձևաւորել իմացական ու արժէքային կուռ համակարգ և հզօր ազգ։
Ալեքսանեանը տնտեսագիտական գիտութիւնների դոկտորի աստիճանը ստացել է ԱՄՆ Կոլորադոյի Պետական Համալսարանում՝ գերազանցութեամբ աւարտելով իր ակադեմիական ուղին։Իր մասնագիտական գործունէութեան ընթացքում նա աշխատել է Հայաստանի Հանրապետութեան էկոնոմիկայի նախարարութիւնում, ներգրաւուած է եղել մի շարք հետազօտական և խորհրդատուական նախագծերում, ինչպէս նաև դասաւանդել է Կոլորադոյի Պետական և Դենուերի համալսարաններում։
Եւան ներկայումս բնակուում է Կոլորադոյում և զբաղուում է գիտական, գրական և հասարակական գործունէութեամբ։